13.11.2014

Պետություն կառավարելու դասընթաց

Սկզբում ցորեն ցանիր.
կարևոր է, որ ժողովուրդը սովից չմեռնի,
կարևոր է նաև, որ կուշտ չլինի,
թե չէ ո՞վ կաշխատի դաշտերում,
քարհանքերում ու շինարարության վրա:
Ապա գիշերային ակումբ ու խաղատուն կառուցիր,
որ նաև զվարճանք լինի ու
վաստակը քամուն տալու տեղ:
Պատվիրիր սիրել զմիմյանս ու բազմանալ,
բարգավաճման համար աշխատուժ է պետք,
ինչպես և կանոնավոր բանակ
սահմանները պաշտպանելու համար,
հարմար առիթի դեպքում` ընդարձակելու:

26.10.2014

Վարդան Ջալոյան / Գրողը օրգանական մտավորականության ամենակարեւոր ջոկատն է

Արվեստի քննադատ, վերլուծաբան եւ հրապարակախոս Վարդան Ջալոյանի ուշադրության կենտրոնում մի քանի տարի առաջ ժամանակակից հայ գրականությունն էր։ Նա գրականության մեջ էր փորձում տեսնել հասունացող իրադարձությունների սաղմերը՝ որպես մի ոլորտի, որտեղ ձեւավորվում են հասարակության ֆանտազմները։ Հայ գրականագիտության պատմության մեջ նա կմնա որպես հոգեվերլուծական
գրաքննադատության հիմնադիր եւ միակ ու անկրկնելի ներկայացուցիչ։ Այսօր Վարդանը գրում է վերլուծություններ եկեղեցու եւ հավատի, տնտեսության եւ պատմության, քաղաքականության եւ հասարակական փոփոխությունների շուրջ եւ արդեն չի անդրադառնում գրականությանը։
- Ինչո՞ւ չես գրում գրականության մասին։ Գրականությունը քեզ հետաքրքիր չի՞, թե՞ կարծում ես, որ հետաքրքիր չի ընթերցողներին։ 
- Գրողն ինքը պիտի հետաքրքիր լինի, որովհետեւ ամեն մի գրականություն մարդն է գրում։ Եթե ինքը գրել է, համապատասխանաբար ինչ-որ մեկը կարդում է։ Կարդալու ընթացքում առաջանում են որոշակի հարաբերություններ։ Ընթերցողին այդ հարաբերությունները կարող են դուր չգալ:

16.10.2014

Երկու քաղաքական գրառում


Գրող, արվեստաբան Արփի Ոսկանյանը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած եռյակի հանրահավաքի առիթով հիշել է Մարտի 1-ի իրադարձությունները եւ այն, որ այսօրվա իր ողջ լինելը երջանիկ պատահականություն է: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հրապարակմամբ նա իր ընկերներից հարցնում է` «արդյո՞ք եթե ես զոհված լինեի, դուք էլի ներկա էիք լինելու էդ միտինգին և արդյո՞ք էլի այդպես երջանիկ ժպտալու էիք»:
Ստորեւ ներկայացնում ենք Արփի Ոսկանյանի գրառումն ամբողջությամբ. 

07.10.2014

Գրականության ուսերին է պայքարի կերպն ու ելքը գտնելու բեռը

Զրուցել եմ՝ գրող, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ

 - Եթե խոսելու լինենք այսօր տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կատարվում են քաղաքականության մեջ, ի՞նչ գնահատական կտաս... Արդյոք քաղաքականություն Հայաստանում կա՞, թե՞...
-Կան խմբեր, որոնք ունեն իշխանություն, և կան խմբեր, որոնք ուզում են գալ իշխանության։ Կա նաև ժողովուրդ, որը զրկված է իշխանությունից և արդեն ավելի քան մեկ տասնամյակ չի կարողանում վերադարձնել այն։ Պետք է հասկանալ, որ այդ իշխանությունը ուղղակիորեն կապված է մեր երկրի ինքնիշխանության հետ։ Մեր իշխանության կորուստը՝ ինքնիշխանության կորստի հետ։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ընդունված է իշխանության կորուստը կապել Քոչարյանի պալատական հեղաշրջման հետ, բայց իմ կարծիքով դա մի երկարատև, հաճախ աննկատ ընթացող գործընթաց է եղել, որը սկսվել է շատ ավելի վաղ։ Թերևս անկախության առաջին տարիներին մի կարճ շրջան է, որ ժողովուրդը իշխանություն է ունեցել և երկիրը՝ ինքնիշխանություն։ 96 թիվ, հոկտեմբերի 27, 2004 թվի ապրիլի 13, 2008-ի մարտի մեկ։ Սրանք ոչ թե մեր ինքնիշխանության կորստի թվերն են, այլ այդ խորացող գործընթացի հանգրվանները։ Այսօր թվում է քաղաքական գործընթացներն արդեն մեզնից չեն կախված կամ կախված են շատ աննշան չափով։ Կա քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը ոչ թե մենք ենք վարում, այլ վարվում է մեր նկատմամբ։ Քաղաքական դաշտն այսօր մոնոպոլիզացված է, ինչպես, ասենք, բիզնեսի դաշտը։ Մոնոպոլիզացված է ոչ միայն այսօր փաստացի իշխանություն հանդիսացող ուժերի կողմից, այլև նրանց, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը։ Մենք գործ ունենք հիմնականում արտաքին ազդեցության գործակալների հետ։ Այս պարագայում շատերին ողջամիտ է թվում հարմարվողականությունը, իշխանության ծոցում (ներկա կամ ապագա) սեփական տեղը ապահովելը։ Եվ այնուամենայնիվ ելքը քաղաքացիական նախաձեռնությունն է՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համախմբումը իսկապես հայաստանակենտրոն և հայաստանածին ուժի ստեղծման շուրջ։ Ես նման հնարավորություն տեսնում եմ։ Տեսնում եմ պայքարող քաղաքացիներ, որոնց ուզում են գրավել դաշտում առկա քաղաքական խաղացողները, բայց տեսնում եմ նաև շատ մեծ անվստահություն այդ ուժերի նկատմամբ, դիմադրություն քաղաքացիների կողմից։ Ուրեմն պիտի կայանա ուրիշ մի ուժ, որը պիտի հենվի միայն ժողովրդի վրա, պիտի արտահայտի նրա կամքը, ոչ թե օգտագործի նրան որպես թնդանոթի միս՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։

05.10.2014

Ամենալավ ճաշը



Օրս սկսվում է մածունով…
Առավոտյան, երբ հատկապես դառնացած են
մարմինդ ու հոգիդ,
հրաշալի է օրը մածունով սկսելը…
Մածունն անգամ մեղվի ու արևի կծածին է լավ,
ինչպիսի դարման կլինի թույների մեջ ճպճպացող
մարմնի ու հոգու համար…
Հազար օրհնվեն մեր նախնիները,
որ հնարել են մածունը…

28.09.2014

Մնաս բարով, պոնչիկս



Ես փակում եմ աչքերս , ես բացում եմ աչքերս…
Ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ քեզ…
Նախկինում կարող էի անգամ կարծել,
Թե  սոսկ շտապ օգնություն ես
Սովի հարձակումների պահերին
Կամ  դեղ՝ հանկարծահաս տխրության դեմ։
Եվ միայն հիմա՝
Այս տանջալի դիետայի քսանմեկերորդ օրը,
Երբ այսքան երկար ապրել եմ առանց քեզ,
Ինձ համակել է մաշող կարոտը։

31.08.2014

ՍՈւՏՄԵՌՈւԿ*

Երևի այս ձմեռ կմեռնեմ գրիպից՝
չճաշակած քո թուքը, քրտինքը, սերմը...
Սկզբում կդիմադրեմ ձևի համար,
չվարակվելու փորձեր կանեմ,
տանը սոխ ու սխտոր կշարեմ,
դուրս չեմ գա, ոչ ոքի չեմ թողնի ներս,
չեմ օդափոխի տունը,
բայց վարակը կթափանցի ծխնելույզով,
դռան ու պատուհանի անցքերով,
ջրի ծորակով, կոյուղով,
մկների և խավարասերների ոտնահետքերով,
գիշերվա խավարում խարխափելով՝
վերջիվերջո կգտնի կոկորդս ու կբռնի այն
ու կտիրանա ինձ տղամարդու պես...

09.05.2014

02.05.2014

ՀԱՅՐ ՄԵՐ


Մենք որբ էինք։ Մենք թրջված էինք, կծկված, քաղցած, բոկոտն։ Մենք կույր էինք, սարսափած ու պատռված...
Մենք սեղմում էինք միմյանց ձեռքերը քրտնած ափերով։ Քրտնած ափերով ծածկում էինք մեր կարմիր աչքերը։ Անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ։ Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընընում էին։ Մենք գալարվում էինք ու կարմիր աչքերով որոնում նրան։
Արի՛, անսփոփ գիշերում մեզ քույր եղի՛ր։ Արի՛, մայրություն արա մեզ։ Բացի՛ր մեզ քո մարմնի խոռոչները ու քո մեջ ա՛ռ մեր անհագ, անսպառ, հավիտենական կարոտը։
Արի՛, տե՛ս՝ ոնց են ձիերը մեզ սմբակների տակ գցել... Արի՛, տե՛ս՝ ոնց են դևերը կղկղել մեզ վրա։ Արի՛ տե՛ս՝ շունը քնած է... Շո՜ւնչ բեր...
Հիշի՛ր մեզ, արի՛ ու վե՛րջ տուր այս կիսատ աշխարհին։

30.04.2014

ՄԻ ՀՐԵՇԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև հայրս նրա բոստանից ծաղիկ էր պոկել։ Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ կարող է սիրեմ նրան, էլ չեմ ասում՝ թե կարող է նա կախարդած մարդ լինի։ Ու ես դեռ կարգին չսիրած, ողնաշարը կոր, գանգը մեծ, ուղեղը անծալ, տերևով փակեց ամոթատեղին ու թողեց-փախավ։
Երկրորդ անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև սիրտս ուզեց բարի բան անել։ Նա այնպես մերժված էր, մենակ ու անսեր, որ մտածեցի՝ ինչ կա որ, հրեշ սիրելու փորձ արդեն ունեմ։ Ի՜նչ իմանայի, որ... Սա էլ կախարդված ագռավ էր. հազիվ էինք անկողին մտել, մեկ էլ թևերը թափահարեց ու թռավ-գնաց։
Երրորդ անգամ հրեշի հետ պառկեցի հավանաբար նախորդ երկուսի կարոտից։ Ինչքան չլինի, իմ հրեշներն էին։ Թեպետ ոչ իմն էին, ոչ էլ գոնե հրեշ։ Այս մեկն էլ նրանցից հետ չմնաց. պարզվեց՝ կախարդված ճագար է։ Դեռ կրծկալս չհանած՝ թափահարեց ականջներն ու անհետացավ թփուտներում։

28.04.2014

ՍԵՐ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Սպանդանոցում կախված մարմինները
դանդաղ նվաղում են, երջանիկ բզզոցով
ճանճերը ձվադրելու տեղ են փնտրում,
խոստումնահայց, հուսառատ նայում եմ
մորուքի տակից փքված երակներին,
շոյում եմ ուղեղի ծալքերը, ճմռում,
կենդանակերպ արձանիկներ ծեփում՝
աչքերս փայլեցնելով ու ժպտալով զգլխիչ
կապտամորուս Աստծո պատկերով և
նմանությամբ ընտրած տղամարդկանց,
թեպետ վաղուց մութ սենյակում կողպած,
կախաղանի վրա փտող դիակ եմ,
գանգը՝ ցլերի ամորձիներով բտած։

2005

«Անտերուդուս» գրքից

26.04.2014

Որպեսզի պարը չդառնա գրաբար

Որպեսզի պարը չդառնա գրաբար

Գագիկ Գինոսյանին պարի հետ կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախել է պարի խմբակի։ Ամոթխած սիրահարը խնդրել է Գագիկին ընկերակցել իրեն ու պարի գնալ։ Ընկերոջը չնեղացնելու համար ապագա կիբեռնետիկը համաձայնվել է՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Բայց պարուսույցը Հայրիկ Մուրադյանն է եղել եւ տղային ընդմիշտ կապել է պարին։ Ուսանողական տարիներին Գագիկը գրել է մի արձակ բանաստեղծություն, որի մեջ այսպիսի տող է եղել. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»։ Ու որպեսզի պարը գրաբար չդառնա, նա այսօր էլ շարունակում է իր ուսուցչի գործը. շրջում է գյուղից գյուղ, պարեր է հավաքում, վերականգնում, գրառում եւ վերադարձնում ժողովրդին՝ 2001-ին իր ստեղծած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ջանքերով։ Գինոսյանի համար ազգային պարը միայն պար չէ, այլ մեր ազգի լինելիության գրավականը։ Եվ խմբի պարապմունքներն էլ, իր իսկ խոսքերով, ավելի շատ գաղափարախոսական են։ Բնականաբար հարցազրույցի ժամանակ Գագիկը հաճախ էր մեջբերումներ անում Նժդեհից։ Խումբը չի մեկուսացնում իրեն հասարակական կյանքից եւ մասնակցում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» բողոքի ակցիային։ Արդեն հինգ տարի է, ինչ «Կարինը»  «Նարեկացի» արվեստի կենտրոնի եւ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շնորհիվ ցանկացողները կարողանում են անվճար սովորել հայկական պարերը։ Ու քանի որ ցանկացողները շատացել էին, ամռանը նրանք որոշեցին դուրս գալ արվեստի կենտրոնի «ընդհատակից» եւ պարապմունքներն անցկացնել բացօթյա։ Ամռանը Կասկադով անցած մեր ընթերցողներից շատերը հնարավոր է այդ պարապմունքների ակամա ականատեսը դարձած լինեն կամ, ինչու ոչ, մասնակիցը։ Հիմա էլ քաղաքապետարանը սպորտային դահլիճ է տրամադրել խմբին՝ լուսավորչական առաքելությունը շարունակելու համար։ 

Արվեստը, ոնց որ երեխան, փոխում է աշխարհը

Անկախության առաջին տարիները գրականության ու արվեստի մեջ թարմացման, նորի փնտրտուքի, բանավեճերի ու աշխուժության տարիներ էին։ Այդ տարիներին կերպարվեստում ի հայտ եկավ մի սերունդ, որը խզելով կապերը խորհրդահայ կերպարվեստի ավանդույթների հետ՝ փորձում էր հայկական կերպարվեստը եւ Հայաստանը դարձնել աշխարհի մաս։ Նկարիչների միությունն այդպես էլ չընդունեց նրանց արվեստը՝ պիտակելով այն որպես «պոռնոգրաֆիա», եւ նկարիչները ստիպված էին ցուցադրությունների ու հավաքների համար այլ վայրեր փնտրել։ Այդպիսի վայր մի որոշ շրջան եղավ ՆՓԱԿ-ը, ապա` «Հայարտը»,  բայց դանդաղ ու հետեւողական կերպով նկարիչներից խլվեցին նրանց տարածքները, ինչպես ժողովրդից՝ երկիրը։ Այսօր այլընտրանքային մտքի համար մնացել են փոքրիկ, «միտեղանոց» կղզյակներ։ Արտիստական միջավայրի եւ դրա բացակայության մասին փորձեցի զրուցել նկարիչ Մհեր Ազատյանի հետ։  

Արփի Ոսկանյան. Գիրքը` լվացքի մեքենա

05.10.2010  

Մեր հասարակության մեջ կարծիք կա, որ գեղարվեստական գրականությունը պահանջարկ չունի։ Այդ կարծիքը պարբերաբար տարածվում ու ամրապնդվում է ԶԼՄ-ների միջոցով, եւ դրա հետեւանքն այն է լինում, որ շատ գրախանութներ ընդհանրապես հրաժարվում են գիրքը վերցնել վաճառքի, իսկ հրատարակչական գործը այդպես էլ չի կայանում։ Այսինքն, հրատարակիչը վախենում է ստանձնել գրքի հրատարակումն ու իրացումը եւ իր բիզնեսը կառուցում է միայն «նաղդ» պատվերի վրա՝ հեղինակին կամ պատվիրատուին թողնելով գրքի իրացման պրոբլեմները։ Հեղինակ-հրատարակիչ-գրախանութ շղթայի մասին թերեւս արժե առանձին հոդված գրել, իսկ այս հրապարակման շրջանակներում ես կփորձեմ ներկայացնել, թե ինչպես է պետությունն օժանդակում խոցելի վիճակում հայտնված եւ «անընթերցող մնացած» արդի հայ գրականությանը։ Ու քանի որ ինքս բոլորովին վերջերս եմ անցել դրա միջով եւ պատմելու եմ առաջին դեմքով, սա ոչ այնքան լրագրողական հոդված է, որքան բաց նամակ դատախազությանը, որով հույս ունեմ վերջինիս ուշադրությունը հրավիրել գրահրատարակչական գործում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների վրա։

22.04.2014

AR and ALM: Two Harbors in the Television of Independent Armenia

 
Today when, with the dissemination and access of the Internet, television as means of obtaining information is gradually yielding its dominant position and turning into a means of entertainment and leisure, it's worth retrospectively examining the path taken by post-Soviet Armenian television, pointing out the main stops on this path.  

The biggest change in Armenian television is tied with ALM TV — the channel that kept different layers of the Armenian viewing public glued to their screens for 10 years. It wouldn't be an exaggeration if we said that the history of independent Armenia's television is divided into two parts: before ALM and after ALM.

Անկախ Հայաստանի հեռուստատեսության երկու հանգրվան՝ ԱՐ և ԱԼՄ

 
Այսօր, երբ համացանցի տարածման ու մատչելիության հետ հեռուստատեսությունը որպես տեղեկատվության միջոց աստիճանաբար զիջում է իր գերիշխող դիրքը և վերածվում է զվարճանքի ու ժամանցի միջոցի, արժե հետահայաց քննության ենթարկել հայկական հետխորհրդային հեռուստատեսության անցած ճանապարհը՝ մատնանշելով այն հիմնական կանգառները, որ եղել են այդ ճանապարհին։
Ամենամեծ փոփոխությունը հայկական հեռուստատեսության մեջ կապված է ԱԼՄ-ի հետ՝ այն հեռուստաալիքի, որ տասը տարի էկրանների մոտ գամված պահեց հայ հեռուստադիտող հասարակության ամենատարբեր շերտերին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ անկախ Հայաստանի հեռուստատեսության պատմությունը բաժանված է երկու մասի՝ ԱԼՄ-ից առաջ և ԱԼՄ-ից հետո։