Показаны сообщения с ярлыком «ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ» ԳՐՔԻՑ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ» ԳՐՔԻՑ. Показать все сообщения

29.04.2022

Rigidus

 Հյուրերին ընդունում եմ ծայրահեղ անբարյացկամ՝

դուռը նրանց առջեւ չբացելու կամ դեմքին շրխկացնելու

ի կատար չածված որոշմամբ,

հետո երկար պահում եմ նրանց տարբեր առաջարկներով ու

զրույցներով, կառչում եմ, չեմ թողնում, որ գնան,

օրեր շարունակ ինձ չի հաջողվում դուրս գալ տնից,

ապա օրեր շարունակ չի հաջողվում տուն գալ դրսից,

արթնանում եմ անմարդկային տառապանքով

եւ երկար շուռումուռ եմ գալիս անկողնում՝ չկարողանալով քնել,

լողանալու համար հոգեբանական ճնշում եմ գործադրում վրաս,

իսկ հետո չեմ կարողանում համոզել ինձ դուրս գալ ջրի տակից,

որձկում եմ եւ ստիպում ինձ սնունդ ընդունել,

ապա չեմ կարողանում դադարեցնել ծամելն ու կլլելը,

մինչեւ չի սպառվում սառնարանի պարունակությունը,

եւ սովի սուր զգացումը՝ փոխվում

անվերջ փսխելու ցանկության։

2004

28.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱՆ

        դու ինքնաթիռ չես, որ բարձր ճախրում է երկնքում
և երբեմն խոցված սրտով գահավիժում ցած,
ոչ էլ գնացք, որ սողում է գետնի վրայով և
մխրճվում  անտառների ու անապատների սիրտը։
ամռանը զով, ձմռանը տաք մետրո չես,
ուր մարդ կարող է գիրք կարդալ ու համբուրվել,
ընտանիք կազմել  ու տնավորվել,
և   ավտովթարը չի սպառնա նրա երջանկությանը.
սա ահաբակչական միջոցառումների անցկացման վայր է։
մարդատար ավտոմեքենա չես,
ոչ էլ մեքենա, որ բեռներ է տեղափոխում,
ոչ էլ տրոլեյբուս, որ տեղափոխում է ծեր մարդկանց։
տրամվայ էլ չես, որ  հետևողականորեն
երկրաշարժի է ենթարկում շրջակա շենք»րը։
առավել ևս ավտոբուս  չես, որտեղ ընդունված է
տեղ զիջել սպիտակ մազերով մարդկանց,
որտեղ կարելի է կանգնել հասակով մեկ,
և կտրուկ կանգառների ժամանակ
պատահաբար դիպչել միմյանց։
դու մարշրուտկա ես, ուր միշտ նեղվածք է ու հրմշտոց,
ուր մարդիկ լցված են միմյանց գլխին
և սրտի թրթիռով միմյանց ոտքերն »ն տրորում։
մարշրուտկա, որ կանգնում է ամեն քայլափոխի
և ամեն անգամ հոգևարքի ձայներ արձակում,
որ միշտ աշխատում է վերջին շնչում՝
անմոռանալի պահեր պարգևելով
սուր զգացողությունների սիրահարներին
և անվնաս հասցն»լով նրանց ճիշտ տան դռան մոտ։
- դե լավ, ներող կըլնեք, ես ոնց որ հասա.
ՍՏԵՂ ՊԱՀԻ, ՎԱՐՊԵՏ։
ՍՏԱՑԻ,  ՄԵԿԸ ՀԵՏՈ ԿԻՋՆԻ։
ԿԻՋՆԵՍ, ՊԱԿԱ։

2006թ, ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ գրքից

19.06.2016

ԵՐԱԶՆԵՐ ՔՈ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՄԲ




№1 (տեսած 2003թ.,մայիսի 28-ին)

Խոր գիշեր էր, որ տարար ինձ քեզ հյուր,
պարզվեց՝ ապրում ես մի փոքրիկ սենյակում,
որ համեստ, անպաճույճ էր ու թշվառ
և հիվանդասենյակ էր հիշեցնում.
չհավաքած անկողինը գռեհիկ էր,
ինչպես անպարկեշտ առաջարկը,
ես աշխատում էի չնայել այդկողմ
և աթոռ էի փնտրում, որ նստեմ։
Դու զանգեցիր Ն-ին՝
զգուշացնելու, որ կուշանաս,
սենյակի փոքրության պատճառով
անկողինը դուրս չէր գալիս տեսադաշտիցս,

30.09.2015

Շուտով՝ աշուն

մտա գրախանութ առանց որոշակի նպատակի
սանրեցի տեղանքը փնտրելով նրան
չգիտեմ ինչու ինձ թվում է
նա սիրում է զբոսնել գրախանութներում

10.05.2015

շարային տողեր շարքային Հ-ին

ԿՅԱՆՔՆ ԱՌՋԵՎՈւՄ Է
ժամանակն է որ ընտանիք դառնայի
տունուտեղ դնեի և այլն
ընկերուհիներս մեծ երեխաներ ունեն
սիրող ամուսիններ
ոմանք նաև սիրեկան
ով ոնց
իսկ ես դեռ չեմ որոշել ինչ եմ ուզում դառնալ
ինչով եմ ուզում զբաղվել
հետաքրքրություններիս շրջանակը
և այլն
ընկերներս ձեռ են առնում
զինակոչիկի սիրած առջիկ էլ դառար

06.05.2015

ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ ՉԷ ՄԻ



առանց քեզ հաց չեմ ուտում
հեռուստացույց չեմ նայում
չեմ քնում չեմ արթնանում
առանց քեզ չեմ լողանում
մազերս չեմ սանրում
շորերս չեմ լվանում
կինոն կինո չի առանց քեզ
միտինգը միտինգ չի
երթը երթ չի
Նիկոլը անգամ էլ էն չի
ո՞նց եմ հեղափոխություն անելու
առանց քեզ

2007

«Անտերուդուս» գրքից

20.04.2015

KAZAKI



գարուն է
էլի ղզղնել են
պատերազմ է լինելու
ամբիոնները գրավել
ռմբակոծում են ճառերով
հայրենիքի դրոշն են ծածանում
ու վանկարկում անունը
մարզադաշտից դեպի մարտի դաշտ
ոգեշնչումից մինչև հոգեհանգիստ
կորուստներն եմ հաշվում
ու սքանչելի է
արյունը որ հեղվելու է
մթան մեջ շեղբեր են փայլելու
և ճայթելու է վառոդը
ու սեր է լինելու մեծ
ու մահ
թեթև ու հեշտ

2006

11.04.2015

ԱՐՏԱԳԱՂԹ



Ես լսում եմ՝ ոնց է հարևանի կեղտաջուրը
կաթկթում ժանգոտ խողովակներից՝
տխուր ու միալար՝ աշնան անձրևի պես,
հոսում -լցվում է տրապի մեջ
ու կաթկթում տակի հարևանի գլխին
հաղթական ռիթմերով։
Կողքի հարևանի երեխան անվերջ
դո մաժոր գամման է կրկնում
լարից ընկած դաշնամուրով։
Ես լսում եմ՝ ոնց է բաբախում
տակի հարևանի զարկերակը
ճնշում չափելու համար կանչված
կողքի հարևանի ականջների մեջ։

09.04.2015

ՄԱԶԵՐ ԵՐԱԿՆԵՐ


քայլում եմ ծաղկած ծառերի կողքով
ձմռան ընթացքում քաշ եմ հավաքել
մազերս ավելի են երկարել
դժվար է գլուխը պահել բարձր
վզի վրա պահել

քայլում եմ ու հետևիցս մազերի գետ է հոսում
ծառերից ծաղիկներ են թափվում մազերիս մեջ
ծխախոտի մնացորդներ պատշգամբներից
մազերս հեղեղել են փողոցները
դժվար է շնչելը

ծաղկած ծառերի հոտից ցավում են թոքերս
կոկոն աղջիկների տեսքից ցավում է սիրտս
ձմռան ընթացքում երեսուն տարեկան եմ դարձել
ու էլի չգիտեմ
մազերս կտրեմ թե երակներս

ծաղկած ծառերը բուրում են կոկոն աղջիկների պես
անտանելի է նրանց կողքով քայլելը
մազերս կիևյան կամրջից կախել
նայում եմ ոնց է խառնվում գետին
ինձնից գահավիժող մազվեժը

քամին ալեկոծում է մազերս
ծածանում փռում երկնքով մեկ
քամին մազերիցս փոթորիկ է սարքել
պինդ բռնվել եմ բազրիքից
դժվար է չթռչելը

2008

«Անտերուդուս» գրքից