19.06.2016

ԵՐԱԶՆԵՐ ՔՈ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՄԲ




№1 (տեսած 2003թ.,մայիսի 28-ին)

Խոր գիշեր էր, որ տարար ինձ քեզ հյուր,
պարզվեց՝ ապրում ես մի փոքրիկ սենյակում,
որ համեստ, անպաճույճ էր ու թշվառ
և հիվանդասենյակ էր հիշեցնում.
չհավաքած անկողինը գռեհիկ էր,
ինչպես անպարկեշտ առաջարկը,
ես աշխատում էի չնայել այդկողմ
և աթոռ էի փնտրում, որ նստեմ։
Դու զանգեցիր Ն-ին՝
զգուշացնելու, որ կուշանաս,
սենյակի փոքրության պատճառով
անկողինը դուրս չէր գալիս տեսադաշտիցս,
դու բռնազբոսիկ ու արհեստական էիր խոսում՝
տեղ -տեղ անցնելով շշուկի, որ չլսեմ,
ես ծանրությունս մի ոտքից գցում էի մյուսին՝
չիմանալով ուր նայել,
անկողնու տեսքը տհաճ էր ու զզվելի,
ինչպես թքառատ համբույրը ձմռան ցրտին։
- Տուն կուղեկցե՞ս գոնե, - հարցրի։
Դու ասացիր, որ կարող եմ մնալ,
Ն¬ի հետ հանդիպումը երկար չի տևի,
համ էլ հանգիստ կքնեմ,
քո անկողնում,
որ պառկած տղամարդ էր հիշեցնում՝
ձեռքերը տարածած սպասող, որ իր գիրկն առնի։
Սկսնակ, անփորձ,
 անելիքը վատ իմացող պոռնիկի պես
հանեցի կոշիկներս,
կանգնեցի մահճակալին ու սկսեցի թռվռալ.
փեշս աղմուկով ծածանվում էր
քամուց փքված առագաստի նման,
թեյնիկը սուլում ու փնչացնում էր շոգեքարշի պես,
իսկ դու նայում էիր ինձ
ու քեզ թվում էր՝ այդ ամենը վաղուց
տեսել ես երազում։


№ 2 (տեսած 2004թ., հուլիսի 26-ին)

Դու զանգեցիր ինձ ու հարցրիր՝
կարո՞ղ եմ արդյոք «Միկադո» թխել՝
այնպես գործնական, ինչպես կհարցնեիր՝
կարո՞ղ եմ արդյոք զեկուցում կարդալ
«Արդի հայ պոեզիայի միտումները» թեմայով։
Ես, հուզված, շփոթված ու երջանիկ
իմ հանդեպ ցուցաբերած
անակնկալ վստահությունից,
պատասխանեցի՝ այո։
Եվ միայն լսափողը դնելուց հետո ըմբռնեցի,
որ խոսքը, ախր, պոեզիայի մասին չէ...
Խուճապահար զանգում էի
մանկության ընկերուհիներիս,
նախկին հարևանուհիներիս,
տնարար զարմուհիներիս,
որ իմանամ «Միկադոյի»
բաղադրատոմսը։


№ 3 (տեսած 2004թ նոյեմբերի 3-ին)

Ես զանգեցի քեզ ու, ա՜յ քեզ հրաշք, խոսեցի։
Դու պատասխանում էիր ինձ սիրալիր,
որ նույնպես շատ տարօրինակ էր։
Հետո առաջարկեցիր նախաճաշել միասին,
առավոտյան ութն անց տասնհինգ,
ԵՊՀ -ի շրջակայքում։
Ես համաձայնեցի ոգևորությամբ.
ինչպիսի՜ երջանկություն
նախաճաշել սիրած մարդու հետ՝
առավոտ կանուխ, ոտի վրա,
ստեպ -ստեպ նայելով ժամացույցին,
շտապեցնելով մատուցողին,
նայելով ու չտեսնելով միմյանց,
կուլ տալով սենդվիչն ու կաթով սուրճը,
նետվել փողոց՝ շարունակելով ծամել,
հրաժեշտ տալ իրար լիքը բերանով
ու վազել, փախչել
իրար կյանք մաշած ամուսինների
կամ բաժանվել երազող սիրեկանների պես։
Ուրիշ էլ ո՞վ է նախաճաշում այդքան վաղ,
և ինչո՞ւ նախաճաշել, եթե կարելի է ընթրել՝
տանը, տոնական սեղանի շուրջ,
մոմերի լուսավորությամբ,
ճաշակելով կում- կում կանխավայելքը,
որ ամբողջ գիշերը դեռ առջևում է...
Սրտի անորոշ կսկիծով, տրտմությամբ
պառկեցի քնելու, որ չուշանամ նախաճաշից,
բայց արդեն մոռացել էի՝
որ ժամին ենք պայմանավորվել՝
յո՞թն անց տասնհինգ, ո՞ւթն անց, թե՞ ինն անց,
փորձում ու չէի կարողանում հիշել,
հետո փակեցի կոպերս ու քնեցի.
միևնույնն է, այդ ժամին արթնանալը
իմ ուժերից վեր է։


№ 4 (տեսած 2004թ. դեկտեմբերի 2-ին)

Ես նախաճաշ էի պատրաստում քո
և մեր դստեր համար,
որ դասերը սովորել էր 5-ի
և պատասխանում էր քո հարցերին,
ես գիտեի, որ սա երազ է
և փորձում էի տեսնել նրա դեմքը,
որ պարզեմ՝ ինձ է նման, թե քեզ,
բայց փորձում էի շատ չփորձել,
որ ավելորդ կասկածներ չհարուցեմ,
որ չկռահես, թե նրան
առաջին անգամ եմ տեսնում,
որ սա երազ է,
դրա համար էլ պահում էի ինձ բնական՝
գիշերը չբավարարված, քնատ,
դժգոհ տնային տնտեսուհու նման,
սանրում էի մազերը վայրենավարի՝
ուշադրություն չդարձնելով գոռոցներին,
քսում կարագը հացին, ջեմը կարագին,
շաքարավազ լցնում թեյի մեջ,
կապում փողկապդ, ժապավենը,
ճանապարհում ձեզ և դռան մոտ
համբուրում քեզ, հետո նրան, քեզ, նրան՝
ուշացնելով ձեզ, չթողնելով՝ գնաք,
կառչելով բաճկոնիցդ, աղաչելով,
որ չլքես ինձ...
Դու զարմացած ու մտահոգ էիր ինձ նայում,
խոստանում էիր, որ շուտով կվերադառնաք,
բայց ես գիտեի,
որ երազն ավելի շուտ կավարտվի
ու աղաչում էի, որ մի քիչ, մի քիչ էլ մնաս,
և երբ զնգաց հեռախոսը, չմոտեցա,
որ հանկարծ առիթից օգտվելով չծլկես՝
հատկապես որ վստահ էի ու հայացքով
հասկացրեցի, որ քեզ են ուզում,
դու լսափողը վերցրիր տհաճությամբ,
«այո», «խոսեք», «լսում եմ»՝ ասացիր
և յուրաքանչյուր բառը մի տասն անգամ,
և ամեն անգամ դեմքդ պայծառանում էր,
ծաղկում, փթթում, շողարձակում,
իսկ իմ սիրտը կնճռոտվում ու ճզմվում էր,
քանի որ այդ ես, այդ ես էի զանգել քեզ
ու չէի խոսում,
իսկ դու կարծում էիր՝ ուրիշն է,
քո մտքով չէր անցնում, որ սա երազ է,
որ ես կարող եմ լինել կողքիդ
ու միաժամանակ զանգել քեզ դրսից՝
ձայնդ լսելու համար,
և երբ ցած դրիր լսափողը,
երջանկությունից փափկած հայացքիդ մեջ
լողում էր այն աղջկա պատկերը,
որ ժպտացել էր քեզ մի անգամ...
Ինձ այս ամենն արդեն դուր չէր գալիս,
ես ուզում էի ասել, որ սա ի՛մ երազն է,
որտեղ ամեն ինչ տեղի է ունենում
ի՛մ ցանկություններին համապատասխան,
և այդ օտար, անծանոթ աղջիկը,
որի ժպիտը ցավ է պատճառում ինձ,
քո հայացքում անելիք չունի,
երբ հանկարծ մեր դուստրը հեծկլտաց,
ցած գցեց պայուսակն ու հայտարարեց,
որ այլևս դպրոց չի գնալու...
Նա նստել էր պատի տակ, հատակին,
պոչիկներն էր քանդում ցավեցնելով
ու լացելով ցավից ավելի
հուսահատ, ավելի սրտակեղեք,
ես մոտեցա, որ գրկեմ, կրծքիս սեղմեմ
այդ խելոք, համովիկ, սիրելի մսագունդը,
որին էլ երբեք չէի տեսնելու
և երբեք չէի դադարելու սիրել,
ինձ համար միևնույնն էր՝ նա ում է նման,
ես միայն ուզում էի խնդրել, որ շարունակի
դպրոց գնալ, 5-եր ստանալ ու ապրել,
քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր
մեր հաջորդ հանդիպումը,
բայց երբ նա բարձրացրեց գլուխը
ու նայեց ինձ արցունքոտ աչքերով,
ես չիմացա ինչ ասել.
նա ես էի ութ տարեկանում,
և ես այլևս չգիտեի, թե ե՛ս ով եմ,
և չգիտեի՝ ով եմ ես,
և չգիտեի՝ ով է տեսնում այս երազը,
և չգիտեի՝ ում երազն եմ տեսնում։


№ 5 (տեսած 2004թ. դեկտեմբերի 7-ին)

Վերջապես տարար ինձ քո տուն՝
մի վագոն, որպիսիք երկրաշարժից հետո
բաժանում էին տուն կորցրած մարդկանց,
ժուժկալությամբ, խիստ կահավորանքով,
սառը գույներով ու լուսավորությամբ
հյուսիսային Վերածննդի կտավները հիշեցնող։
Սենյակի կեսը զբաղեցնում էր մահճակալը,
նկատեցի ոչ առանց հաճույքի՝ երկտեղ.
նշանակում է՝ ինձ համար տեղ ես պահել,
նշանակում է՝ թաքուն սպասել ես ինձ։
Անկողինդ հավաքած չէր՝ ինչպես № 1 երազում,
նայում ու մտածում էի՝ ա՜յ քեզ բան,
ուրեմն անկապ երազս ավելի ճիշտ է,
քան կապակցված պատկերացումս քո մասին,
ըստ որի դու երբեք չես ուշանում,
այսօրվա գործը չես թողնում վաղվան,
կիսատը հասցնում ես ավարտին,
քնում ու զարթնում ես միշտ նույն ժամին,
և կատարյալ կարգուկանոն է տիրում
քո կյանքում, հոգում ու տանդ, որ
կանացի ձեռքի շոյանքի կարիք չունեն։
Ես հարգանքով ու պատկառանքով էի լցվում
երազներիս հանդեպ, որ այդքան
անսխալական են, մարգարեական ու ճշգրիտ՝
մտովի նախատելով ինձ դրանց հաճախ
պատշաճ հավատ չընծայելու համար։
Եվ անհնար հեշտությունը, որով
մեկնվել էի մահճակալիդ, և անհնար
հեշտությունը, որով պառկել էիր կողքիս,
և  աշտանակը մեր գլխավերևում,
և պատուհանի տակով անցնող,
երկար, ծանր ու լայն զգեստներով կանայք,
և կարճ տաբատներով, բերետավոր տղամարդիկ,
և սայլերի ճռռոցը, և լծված ձիերի խրխինջը,
և թրծման գնացող կավեղենի չըխկչխկոցը
ոչինչ չէին հուշում, բացի այն,
որ ապրում ենք Վերածննդի դարաշրջանում,
նորաթուխ, արժանապատիվ բյուրգերներ ենք՝
երջանիկ, որ պառկած ենք կողք- կողքի
այս անհարմարավետ ու անհրապույր վագոնում
և  ոչ՝ երկաթբետոնե պանելների տակ,
ու ամենն այդ կասկած իսկ չէր հարուցում,
որ սա նույնպես երազ է։


2004 
ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ գրքից

1 комментарий:

  1. Չգիտեմ ինչի, բայց լացս եկավ․․․երևի իմ երազներից ինչ որ բան կամ շատ բան կար այստեղ, 20 տարի առաջվա երազներից․․․ երևի լացս եկավ, որովհետև հիմա ուրիշ երազներ եմ տեսնում, որոնց էդքան էլ չեմ սիրում

    ОтветитьУдалить

ասա, մեջդ մի պահիր