25.04.2011

Post 5. Այց երկրորդ


Դեսպանատան շեմին երեք ժամ անցկացնելուց հետո մենք, ինչպես և կարելի էր սպասել, հիվանդացանք և, ի վիճակի չլինելով վեր կենալ անկողնուց, էլ ուր մնաց՝ տնից, պահանջվող փաստաթղթերի պատճենումն ու հարցաթերթիկի լրացումը թողեցինք վերջին օրվան։ Այնպես որ, նոտարական թարգմանիչը չէր սխալվել իր հաշվարկի մեջ։ Բայց մենք էլի նրան չդիմեցինք, թեպետ հարցաթերթիկները պիտի լրացվեին անպայման գերմաներեն։ Ի դեպ, անգլերենի հանդեպ ցուցադական անհանդուրժողականությամբ հայտնի Ֆրանսիան նման պահանջ չի դնում և թույլ է տալիս, որ հարցաթերթիկները լրացվեն անգլերեն։  Հարցաթերթիկը լրացել օգնեց մեզ մեր Ռուզան Մարտունին։ Բազմաթիվ անհասկանալի հարցերը ընդամենը երեք պարզագույն հարցի վերաձևակերպումներն էին՝ ո՞ւր եք գնում, ի՞նչ նպատակով և որքա՞ն ժամանակով։ Դա արված էր հավանաբար այն հույսով, որ պոտենցիալ էմիգրանտը, մի տեղ լրացնելով ասենք մի շաբաթ, մի ուրիշ տեղ շփոթվի ու գրի՝ ընդմիշտ։ Ռուզանը մեզ հորդորեց չվախենալ և հանգիստ լինել, քանի որ Հերբերտը արդեն խոսել է դեսպանի հետ և զգուշացրել, որ ուշադիր լինեն ու սխալմամբ «մերժում» չխփեն։ Այդ օրերին Լուիսն էլ էր գրել, որ Գրացի քաղաքապետարանը մեր հարցով նամակ է ուղարկել դեսպանատուն, որպեսզի հանկարծ իրենց ծրագրերը չձախողվեն։
Այդպես, նախորդ այցից երկու շաբաթ անց, դեռ կարգին չկազդուրված, մենք ուղևորվեցինք դեսպանատուն։ Դռնապանն այս անգամ երկուսիս էլ թողեց ներս ու միանգամից՝ երկրորդ սպասասրահ։ Սպասողներին տարբեր ժամեր էին նշանակել և պատուհանի մոտ կանչում էին իրենք՝ ըստ իրենց մոտ եղած ցուցակի։ Մեր հերթն այնուամենայնիվ հասավ նշանակված ժամից քառասուն րոպե անց, և գերմանական ճշտապահության մասին մեր պատկերացումները վերջնականապես հօդս ցնդեցին։ Այս անգամ քննիչս մի քիչ ավելի երիտասարդ էր և և մի քիչ նվազ անբարեհամբույր։ Նա կլանված կարդում էր հարցաթերթիկը և նույն երեք հարցն էր տալիս նորանոր վերաձևակերպումներով։ Իր կողմից մի հարց էլ էր հավելել, որ հարցաթերթիկում չկար՝ ինչպե՞ս գտաք այդ կազմակերպությունը, ոնց եղավ, որ նրանք ձեզ հրավիրեցին, ո՞վ միջնորդեց, ո՞նց դուրս եկանք էդ մարդկանց վրա և, չստանալով իր ուզած պատասխանը, ի վերջո նորմալ հայրերենով հարցեց՝ ո՞նց կպցրիք։ Մեր պատասխանը, որ պարզապես զբաղվել ենք մեր գործով, և երևի լավ ենք զբաղվել, թարգմանիչն էլ իր գործն է լավ արել,  քաղաքապետարանի աշխաակիցներն էլ՝ իրենցը, ու արդյունքում ստացվել է այսպես, նրան չգոհացրեց։ Ասացինք, որ թարգմանչին մինչև մեզ թարգմանելը չենք ճանաչել, թարգմանիչն էլ չի ճանաչում մեզ հրավիրող կողմին, և նրանք որևէ կապ չունեն։ Բայց գերմանական դեսպանատանն աշխատող այդ կնոջ հայկական ուղեղը չէր կարողանում ընկալել, որ հնարավոր է մի հաջողություն գրանցել առանց ծանոթության, քավոր-սանիկության, շուսրիության, զոռբայության, և նա նորից էր հարցնում՝ բայց ինչպե՞ս, մշակույթի նախարարությա՞մբ, գրղների միությա՞մբ, ինտերնետո՞վ…  Նա չէր կարողանում հավատալ, որ հայ գրողի գրածը կարող է հետաքրքիր լինել, որ նրան կարող են այդ գրածի համար կանչել արտասահման, ճանապարհածախսը հոգալ, կացարան ու փող տալ և պահել քառասուն օր։Նրա դեմքի անկեղծ զարմանքը ստիպում էր մեզ մտածել, որ մեր դեպքն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ։
- Քառասուն օ՞ր։ Քառասուն օրով գնում եք ընթերցմա՞ն։ Էդ ի՞նչ ընթերցում է, որ քառասուն օր է տևում։
Ես նյարդային հոգոց հանեցի և հարկ չհամարեցի պաասխանել։ Ու քանի որ նա այդ հարցն անընդհա կրկնում էր, ստացվում էր, որ ինքն իրեն է հարցնում։ Հետո դիմեց գործընկերոջը, որ նստած էր կողքի խցիկում.
- Չեմ հասկանում՝ սա ինչ ա, ընթերցում ա ինչ-որ, քառասուն օրով։ Երկու գրող են հրավիրված ու ամուսիններ են։
Ես չլսեցի՝ ինչ ասաց կոլեգան, բայց իմ քննիչը սկսեց նյարդային թմբկահարել համակարգչի ստեղնաշարը, ու քանի որ ես մասամբ տեսնում էի էկրանը, տեսա նաև, որ նա զբաղված է ոչ մի բանով։ Ինչ-որ պաուհաններ էր բացում-փակում, հետո սկսեց գրասեղանի դարակները բացել-փակել՝ իբր ինչ-որ բան փնտրելով, և ամբողջ ընթացքում մռթմռթում էր. «Քառասուն օ՞ր, այ քեզ բան, ես ոչինչ չեմ հասկանում»։ Ես ուզում էի ասել. «Այ տգետ, ի՞նչն ա քեզ տենց զարմացնում, որ աշխարհում գիրք կարդացո՞ղ կա, գրողին շան տեղ դնո՞ղ կա»։ Բայց միայն ասացի.
- Հրավերում ամեն ինչ մանրամասն գրված է, գերմաներեն է գրված, որին Դուք տիրապետում եք, կոնտակային տվյալներ էլ կան, որ եթե դուք ինչ-որ բան չեք հասկանում, զանգեք, ու Ձեզ բացատրեն։
- Լավ, ինչևէ,- ասաց նա՝ հանգիստ թողնելով սեղանի դարակներն ու համակարգչի պատուհանները և մատը դրեց այն կետի վրա, որը ես սկզբունքորեն չէի լրացրել։ Դա վերաբերում էր արտասահմանում և չգիտես ինչու հատկապես Ռուսաստանում գտնվող ընտանիքի անդամներին՝ ծնողներ, քույր, եղբայր։ Պահանջվում էր, որպեսզի նրանք ուղարկեն տեղեկանք բնակության վայրից՝ կացության ձևի նշումով։ Մերոնք բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացի են, բայց ես չէի հասկանում՝ ինչի պիտի նրանց նեղություն տամ ու օրենքի դռներն ուղարկեմ։ Այդ պահանջն անհեթեթ էր ամբողջությամբ և որևէ տրամաբանության չէր ենթարկվում։ Նախ՝ Ռուսաստանը ի՞նչ կապ ունի Եվամիության հետ, Ռուսաստանում ապրող, թեկուզ քաղաքացիություն չունեցող քույրն ու եղբայրն ի՞նչ կապ կարող են ունենալ իրենց քրոջ կամ եղբոր՝ թեկուզ անլեգալ փախստականության հեռահար նպատակով Եվրոպա մեկնելու հետ։ Էդ ո՞ր մի եվրոպացին գիտի իր եղբոր տեղը։ Ուրեմն «Նրանք» մտածում են, որ եթե դու աղքատ ես ու ապրում ես երրորդ աշխարհի երկրում, դու չես կարող չիմանալ՝ որտեղ է եղբայրդ։
- Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացի են, հիսունն անց և հիսունին մոտ մարդիկ են, ես չեմ կարող նրանց նեղություն տալ,- ասացի արագ-արագ,- իմ ընտանիքն իմ ամուսինն է, որն էլ ինձ հետ հրավիրված է Ավստրիա։
- Դուք հիսուն տարեկան եղբա՞յր ունեք,- բանտապահի օգնականի աչքերը փայլեցին՝ ինձ ստի մեջ բռնելու հաջողության առթիով,- էս ի՞նչ եք ասում, բա ձեր մա՞յրը քանի տարեկան է, իսկ Դո՞ւք քանի տարեկան եք։
-Իմ ծննդյան թիվը նշված է հարցաթերթիկում,- ասացի՝ զարմանալով, որ համբերությունս չեմ կորցնում։ Ես սարսափում էի պատկերացնել, թե ոնց են բզկտում ուրիշներին, եթե այսպես են վարվում մեզ հետ, ում համար «ասված» է։
Հարցաթերթիկում մի կետ էլ կար, որ վերաբերում էր այն մարդկանց, ում ընտանիքի անդամը՝ ամուսինը, կինը կամ երեխան, Եվրամիության քաղաքացի են։ Մեջբերում եմ բառացի. «Եվրամիության և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների կամ Շվեյցարիայի քաղաքացիների ընտանիքի անդամները, ելնելով իրենց ազատ ապրելու իրավունքից, պարտավոր չեն պատասխանել * նշված կետերին։ Նրանք, սակայն, պետք է ներկայացնեն ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր»։ Պարզ է՝ այս դեպքում ինչ նկատի ունեն՝ ազատ ապրելու իրավունք ասելով։ Բայց կարելի էր դա ձևակերպել այլ կերպ, ավելացնելով ընդամենը մեկ բառ, գրել՝ Եվրոպայում ազատ ապրելու իրավունք, թե չէ ստացվում է, որ նրանք, ում ամուսինը կամ կինը վերոհիշյալ եկրների քաղաքացի չէ, ազատ ապրելու իրավունք չունեն։ Եվ ի՞նչ եք կարծում, պատահաբա՞ր է այդպես ձևակերպված։
Հարցերին պատասխանված էր, մեր գրող լինելու ապացույցները, այդ թվում՝ գերմաներեն անթոլոգիան, դրված էին բանտապահի օգնականի սեղանին։ Պատասխանը ստացվելու էր երեք օրից, այսինքն երեք օրից մենք նորից պիտի վերադառնայինք հոգեկան և մարմնական կտտանքների այս ամրոցը։

Հաջորդ սերիայում՝ մեր հերոսները կդառնան Գերմանիայի դեսպանատան մոտ կազմակերպված ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցը։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր