05.07.2017

Երազի երազում



Իմ այսօրվա երազում աղմուկ կար ու շատ մարդ։
Հեռավոր ծանոթների հետ խոսում, ծիծաղում էինք,
գրկախառնվում ու համբուրվում էինք,
իսկ իրար հետ պահում էինք մեզ անծանոթների նման,
որոնց պետք է ինչ-որ մեկը ծանոթացնի։
Բայց մեր ընկերների մտքով դա չէր անցնում,
ու մենք ուրախ էինք, որ ոչ ոք
հումորի այդքան զգացում չունի։

Մենք խուսափում էինք հայտնվել իրար կողքի
եւ այնպես էինք անում, որ մեր արանքում
լինեն սենյակներ, միջանցքներ, մարդիկ։
Մենք՝ ինչպես երկու երկնային մարմին,
որոնց ուղեծրերն անշեղորեն հեռանում են...
Ի՞նչն էր, եթե ոչ իրար բախվելու ցանկությունը,
որ շպրտում էր մեզ իրարից ավելի-ավելի հեռու։
Մենք պահում էինք մեզ այնպես,
կարծես իրարից ինչ-որ թանկ բան ենք գողացել
եւ սարսափում էինք նույնիսկ նայել իրար,
թեպետ գիտեինք, որ մեզնից մեկի երազում ենք
ու անդառնալի ոչինչ չի պատահի,
եթե  նայենք ու անգամ ժպտանք,
իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան պատահի,
արթնանալը հո կա...
Երազի միջի հայելում,
որի դիմաց մեր բոլոր ծանոթներն աշխույժ
զրուցում էին ու ինչ-որ բաներ ուտում,
ես գտա արտացոլանքը քո
ճիշտ այն պահին, երբ արտացոլանքիս վրա
կանգ առավ հայացքդ՝ գրպանահատի ձեռք,
եւ ահա բռնեցինք իրար՝
երկու գող, երկու ոստիկան,
երազների երկու որսորդ,
որոնցից երազները փախչում են
խրտնած կենդանու նման,
պատսպարվում երազի երազում։
Երազի միջի հայելում
դու գրկեցիր ինձ կարոտած ու ամուր
եւ համբույրներով պատեցիր դեմքս,
դու ինձ ասացիր բարեւ ու մնաս բարով,
եւ այդ երկուսի արանքում 
մենք ապրեցինք մի ամբողջ կյանք...
Երազի միջի հայելում մեր արտացոլանքն էր,
մեր արտացոլանքն էր միայն,
իսկ մենք չկայինք։

5.07.17

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր