15.02.2020

Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Ֆրիլանսերի սերը


Մարտինը գնում էր Ջազզվե, ինչպես աշխատանքի։ Սա կարելի է ասել սրճարանների բազմաթիվ մշտական այցելուների մասին, որոնք կապվում են մի որոշակի սրճարանի և չեն պատկերացնում իրենց օրն առանց այդ սրճարան այցելելու, սակայն Մարտինի դեպքում պետք է բառացի հասկանալ. Ջազզվեն նրա համար աշխատավայր էր դարձել։
- Խնդրում եմ՝ մի գործ գտիր դրսում,- ասում էր նրան կինը,- ես այլևս այսպես չեմ կարող…
- Դրսի ի՞նչ գործ գտնեմ,- ուսերն էր թոթվում Մարտինը,- ես սցենարիստ եմ, պիտի տանը նստեմ, սցենար գրեմ…
Մարտինի կինը՝ Անժելլան, սիրում էր, որ ամեն ինչ տեղը տեղին լինի՝ համաձայն գրված ու չգրված կանոնների։ Նա դասավորել էր իր կյանքը նույնպիսի պեդանտությամբ, ինչպես զգեստները, գրքերը, սպասքը և մյուս իրերն էր դասավորում պահարաններում։ Նրա կյանքում մարդիկ և իրերը իրենց տեղն ունեին, և նա չէր սիրում, որ այդ տեղը փոխվում էր։ Ամուսինը, ըստ Անժելլայի, ընտանիքը կերակրողն էր և առավոտյան պիտի դուրս գար տնից ու վերադառնար երեկոյան։ Երբ հինգ տարի առաջ Մարտինը խզեց պայմնագիրը հեռուստաընկերության հետ և սկսեց աշխատել տնից՝ ընդգրկվելով զանազան մասնավոր կինոնախգծերում, Անժելլան զգաց, որ իր դասավորված կյանքը սկսում է փլվել։

Փլուզման առաջին նշանները երևացին պահարաններում ու սառնարանում։ Նախկին դասավորվածությունը փոխարինվեց թափթփվածությամբ։ Անհրաժեշտ շորերը, սպասքի պարագաները, տարաները, որոնց մեջ մթերք էր պահվում, կորցրեցին պահարաններում իրենց զբաղեցրած զգաստ դիրքը, այնուհետև սկսեցին կորչել այլ տարաների, բաժակների և զգեստների արանքում։ Բացի այն, որ անհրաժեշտ իրերը զգուշությամբ չէր վերցնում, ինչը խառնաշփոթ էր առաջացնում պահարանում, ամուսինը նաև հազվադեպ էր ծածկում պահարանների դռները, և կինը ամբողջ օրը նրա հետևից պահարաններն էր փակում։ «Դարձել եմ պահարանների դռնապանը»,- տհաճությամբ մտածում էր Անժելլան։ Այնպես չէր, թե Մարտինը սկսել էր թափթփել տունը հեռուստատեսության հետ պայանագիրը խզելուց հետո միայն, պարզապես նախկինում տանը քիչ լինելու բերմամբ թափթփում էր հատվածաբար՝ հիմնականում երեկոյան և առավոտյան ժամերին և բնավ տան ոչ բոլոր հատվածները։ Անժելլայից օրական մեկ, երկու, առավելագույնը երեք ժամ էր պահանջվել ամուսնու թողած հետքերը վերացնելու համար, իսկ հիմա ամուսնու մշտական ներկայությունը ստիպում էր տնային գործերով զբաղվել շուրջօրյա։ Ամուսինն ասես փոքր երեխա լիներ, որի հետևից կրնկակոխ պետք էր ման գալ և հավաքել՝ թափթփված շորերը, այսուայնտեղ գցված գուլպաները, ամենաանսպասելի տեղերում հանված կոշիկներն ու հողաթափերը, մոխրամանները, մոխիրը և այլն։ Երեկոյան Անժելլան ավարտում էր տան մաքրությունը վճռական ակորդով, ափսեները լվանում, շարում էր պահարանում և պառկում քնելու։ Սակայն առավոտյան, երբ մտնում էր խոհանոց, խոհանոցը նմանվում էր ռմբակոծման ենթարկված ռազմադաշտի։ Ամուսինը սիրում էր գիշերային կյանք վարել խոհանոցում, պատահում էր՝ Անժելայի եփած ճաշերը չհավանելով կամ գուցե ամուրի կյանքի կարոտով՝ ինքն իր համար ուտեստներ էր պատրաստում, և ամբողջ խոհանոցը լցված էր լինում խոհարարական պրոցեսի թափոններով։
Մարտինին դուր էր գալիս ազատ գրաֆիկով աշխատանքը։ Բացի այն, որ նա ստիպված չէր առավոտից իրիկուն առերեսվել վերադասների հետ և լսել ցուցումներ, հրահանգներ ու հրամաններ՝ հաճախ գործին ամենևին չվեաբերող, ֆրիլանսերությունը նրան հնարավորություն էր տվել ավելի ստեղծագործաբար մոտենալ աշխատանքին, ավելի արդյունավետ օգտագործել ժամանակը։ Մարտինը բու էր, և առավոտյան նրա ուղեղը շատ ուշ էր արթնանում, մի քանի ժամ ավելի ուշ, քան մարմինը։ Ուսանողական տարիներին, հիշում էր, չէր հաջողվում նույնիսկ լսած դասախոսությունները հասկանալ, ուր մնաց հաջողվեր այդ ժամերին ինչ-որ բան մտածել կամ գրել։ Գիշերը, երբ քնած էր ամբողջ քաղաքը, երբ բոլորի սրտի զարկերը դանդաղած էին, երբ գլուխները փակ էին մտքերի համար, մտքերն ու գաղափարները, ասես արթուն գլուխ փնտրելով, իրենք էին գալիս Մարտինի մոտ։
Նա հիմա նաև շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ, կարելի է ասել՝ իր ամբողջ ժամանակը անց էր կացնում Անժելլայի ու որդու հետ և չէր հասկանում, թե ինչից է կինը դժգոհ։ Անժելլան, սակայն, այդպես չէր կարծում։ Նա ֆրիլանսերությունը համարում էր սպառնալիք ընտանքի համար։ Կանոնակարգված գրաֆիկի բացակայությունը նշանակում էր ոչ թե այն, որ երբ ինքը ուզենա կամ լինի դրա կարիքը, ամուսինը ազատ կլինի աշխատանքից, դա նշանակում էր, որ նա այլևս երբեք չէր ազատվում աշխատանքից։ Միշտ հոգնած տեսք էր ունենում, խուսափում էր զվարճանքի առիթներից՝ պատճառբանելով, որ գործ ունի անելու։ Ընդ որում՝ նկատելիորեն քիչ էր սկսել վաստակել։ Պարզ չէր՝ երբ էր վերջանում նրա գիշերը, երբ սկսվում ցերեկը, պատահում էր, որ նա մի քանի գիշեր չէր քնում, պատահում էր, որ քնում էր երկար՝ հիվանդի պես թուլացած։ Գիշերները Անժելլան հաճախ էր զարթնում ֆիլմերի և երաժշտության ձայներից, որոնք դիտում էր Մարտինը։ Զարթնում էր և չէր կարողանում այլևս քնել, իսկ սրտում բարգավաճում էր այնտեղ բույն դրած ատելությունը ամուսնու հանդեպ։ Հեռու, անասելի հեռու էին թվում այն ժամանակները, երբ նրանք ապրում էին իրար հաճույք պատճառելու համար։ Հիմա, թվում էր Անժելլային, Մարտինը ոչ միայն այլևս չի տածում իր հանդեպ հարգանքի և հոգատարության որևէ զգացում (Անժելլան չէր հանդգնում անգամ մտածել սիրո մասին), այլև ամեն կերպ փորձում է ցուցադրել հարգանքի ու հոգատարության բացակայությունը։ Այլապես ի՞նչ մի բարդ բան է հասարակ ականջակալ ձեռք բերելը։
Անժելլայի համար Մարտինի ֆրիլանսերության ամենատհաճ հետևանքն այն էր, որ խաթարվել էր հարևանուհու հետ սուրճ խմելու ծեսի ժամանակացույցը։ Այդ ծեսը տարիներ շարունակ եղել էր նրա կյանքի կայունության կարևոր հիմնասյուներից մեկը։ Առավոտյան տան գործերը բարեհաջող ավարտելուց հետո Անժելլան ու Վարդը պարտադիր սրճում էին, հիմնականում՝ Անժելլայի տանը, որովհետև Վարդի ամուսինը պերմանենտ գործազրկության պատճառով հաճախ էր տանը լինում։ Վարդի ամուսնու գործազրկությունը այս կարևոր ծեսի ընթացքում քննարկվող նվիրական թեմաներից էր, իսկ հիմա դրան ավելացել էր Անժելլայի ամուսնու ֆրիլանսերությունը, որը թեպետ գործազրկություն չէր, քան որ ամուսինը շարունակում էր ապահովել ընտանիքը նյութապես, սակայն կենցաղի կազմակերպման առումով բազմաթիվ նմանություններ ուներ գործազրկության հետ։ Եթե նախկինում հարևանուհինեից մեկը բողոքում էր, իսկ մյուսը սփոփողի և խորհրդատուի դերում էր լինում, հիմա երկուսն էլ իրենց սև բախտից դժգոհողի կարգավիճակում էին հայտնվել և սիրով փորձի փոխանակում էին անում։
Երբեմն Անժելլան նայում էր իրերին ինքնաքննադատաբար՝ արդարացնելով ամուսնուն և քննադատելով իրեն։ Իսկ գուցե բոլոր այս կենցաղային տհաճությունները, որ պատճառում էր իրեն ամուսինը, հետևանք էին ոչ թե նրա՝ իր հանդեպ ունեցած վատ վերաբերմունքի, այլ իր՝ ամուսնու հանդեպ մարած սիրո։ Իրար հետ ապրող բոլոր մարդիկ էլ ունեն միմյանց համար տհաճ սովորություններ։ Մի՞թե այդպիսի սովորություններ չունեին իր հայրն ու մայրը, իր եղբայրն ու քույրը, երբ նրանց հետ մի հարկի տակ էր ապրում։ Սակայն սիրած մարդու հետ ընտանիք կազմելիս այդ սովորությունները կարծես շատ նեղություն չեն տալիս, որովհետև սերը տանելի է դարձնում ամեն ծանրություն։ Իսկ երբ սերն անցնում է, կենցաղը կանգնում է մեր աչքի առջև իր ողջ թշվառությամբ։ Անժելլան փորձում էր հասկանալ հին մարդկանց գաղտնիքը, թե ինչպես էին կարողանում սիրել իրար մինչև մահ և կիսել իրար հետ կենցաղի ու կյանքի բոլոր դժվարությունները։ Ու որքան մտածում էր, բոլոր չարիքների արմատը նրան ֆրիլանսերությունն էր թվում։ Նախկինում մարդիկ առավոտյան գնում էին աշխատանքի և վերադառնում երեկոյան։ Իրար հետ օրվա մեջ միայն մի քան ժամ էին շփվում, ավելի շատ հասցնում էին կարոտել իրար, քան հոգնել միմյանցից։ Երևի թե առաջին բեկումը ընտանքների կյանքում մտցրեց ութժամյա աշխատանքային օրը, երբ մարդկանց արգելվեց աշխատել ութ ժամից ավելի, և նրանք սկսեցին ավելի շատ ժամանակ անց կացնել իրենց կողակիցների հետ։ Այդ ժամանակվանից էլ ամուսնալուծությունները շատացան։ Բայց, իհարկե, ութժամյա աշխատանքային օրը չունեցավ այն հետևանքները, ինչ ունենում են գործազրկությունն ու ֆրիլանսերությունը։ Անժելլան հաշվարկել էր, որ ութժամյա աշխատանքի պարագայում մարդն իր կողակցի հետ արթուն վիճակում շփվելու հնարավորություն ուներ տարեկան ընդամենը երկուսուկես ամբողջական ամիս՝ բնականաբար հանգստյան օրերի ներառմամբ, եթե նաև բացառենք, որ մարդը կարող էր իր հանգստյան ժամերը անց կացնել ընկերների կամ բարեկամների միջավայրում և ընդունենք, որ նա անպայմանորեն սպառելու էր դրանք կողակցի հետ։ Այսպիսով, համաձայն Անժելլայի հաշվարկների՝ իրենք վերջին հինգ տարում հասցրել էին ապրել իրար հետ նույնպիսի ժամանակատահված, ինչպիսին քսաներորդ դարի ընտանեկան կյանքի քսան տարին էր։
Մի գիշեր Անժելլան արթնացավ բարձր ծիծաղից։ Ամուսնու ծիծաղն էր, որ հնչում էր ճիշտ իր ականջի տակ՝ մթության մեջ։ Ծիծաղին ուղեկցող միակ ձայնը միացված նոթբուքի թեթև ֆսսոցն էր, որ նշանակում էր՝ Մարտինը, անկողնում պառկած, կինո է դիտում։ Քանի որ Մարտինն ամեն անգամ մոռանում էր ականջակալներ գնել իր գիշերային կինոդիտումների համար, ականջակալները ինքն էր գնել, որպեսզի կարողանա քնել։ Բայց երևում էր՝ ականջակալները չէին փրկելու։
- Ինչի՞ վրա ես ծիծաղում,- հարցրեց Անժելլան։
- Կոմեդիա եմ նայում,- եղավ պատասխանը։
- Իսկ հնարավոր չի՞, որ մտքումդ ծիծաղես։
- Մտքումս ո՞նց ծիծաղեմ,- ծիծաղելով ասաց Մարտինը, ապա զգալով, որ փոթորիկ է մոտենում, ավելացրեց,- կներես, չպատկերացրի, որ կզարթնես։
Անժելլան վեր կացավ անկողնուց։ Սիրտը խփում էր արագ։ Կոկորդը սեղմվում էր։
- Եթե այսպես շարունակվի, մենք կբաժանվենք,- ասաց,- շատ եմ խնդրում, աշխատանք գտիր։
- Ես ունեմ աշխատանք,- ձայնը բարձրացրեց Մարտինը,- հերիք եղավ։
- Եթե դու ունենայիր աշխատանք, դու կհոգնեիր ցերեկը և գիշերը կքնեիր, ինչպես ես եմ ուզում քնել, որովհետև ամբողջ օրը հավաքարարություն եմ անում տանը։
- Ես գիշերն եմ աշխատում։
- Հիմա դու աշխատո՞ւմ ես, փաստորեն։
- Հա, ես սցենարիստ եմ, և կինո նայելը իմ աշխատանքի մասն է …
Այն, ինչ հետո տեղի ունեցավ Անժելլայի հետ, անսպասելի էր նաև իր համար։ Նրան թվաց, թե հիմա կգոռա, կընկնի, կսկսի ոտքերով խփել հատակին, շունչը կկտրվի և ուշագնաց կլինի, բայց հանկարծ զարմանալի մի թեթեթևություն համակեց նրան։ Նա վստահ քայլերով մոտեցավ պահարանին, հանեց իր ճամպրուկը և պահարանում դասավորված զգեստները հանգիստ շարժումով սկսեց տեղափոխել ճամպրուկի մեջ։
-Ի՞նչ ես անում,- հարցրեց Մարտինը պահին ոչ այնքան հարմար զվարթությամբ, որ հավանաբար կոմեդիայի ազդեցությունն էր։
- Մենք գնում ենք,- ասաց Անժելլան,- երբ ցանկանաս, կարող ես տեսնել որդուդ, բայց իրար հետ ապրել… Ի՞նչ իմաստ ունի… Մենք էլ իրար չենք սիրում։
- Մե՞նք,- զարմացավ Մարտինը,- դու ինչպե՞ս կարող ես իմ անունից խոսել։ Եթե դու չես սիրում, այդպես ասա, բայց իմ անունից խնդրեմ մի խոսիր։
- Հենց դու չես սիրում,- պնդեց Անժելլան,- քեզ համար միևնույնն է՝ ինչքան ես կհոգնեմ օրվա ընթացքում, ինչպես կքնեմ գիշերը, քեզ բացարձակ չի հետաքրքրում իմ առողջությունը… Սերը դատարկ խոսք հո չի՞…
Մարտինի համար այս զարգացումները անակնկալ էին։ Նա հաճախ էր լսում կնոջ տրտունջները, բայց չէր պատկերացնում, որ գործը հասել է այդտեղ, որովհետև թեպետ տանն էր ֆիզիկապես, սակայն մտքերով կամ աշխատանքի մեջ էր, կամ ֆեյսբուքում։ Ֆրիլանսերության ընթացքում ժամանակը նրա համար կանգ էր առել, և դրա ընթացքի մասին խոսում էր միայն կնոջ թոշնող արտաքինը։
-Ո՞ւր պիտի գնաք,- ասաց,- մնա, ես կգնամ…
Նա պատկերացում չուներ, թե ուր պիտի գնա։ Ծնողների տուն գնալ չցանկացավ, որովհետև չէր ուզում տեղյակ պահել նրանց իր ընտանեկան անախորժությունների մասին։ Ոչ այն պատճառով, որ հույս ուներ, թե դրանք կշտկվեն, այլ որովհետև ցանկություն չուներ բացատրություններ տալու, մանավանդ որ ինչ-որ մեկին մի բան բացատրելու համար հարկ էր նախ այդ բանը հասկանալ, իսկ Մարտինը այնքան էլ լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվել։ Մյուս կողմից՝ վերջերս վատ էին նրա գործերը, և եթե նա իր համար բնակարան վարձեր, չէր կարողանա գումար տալ կնոջն ու տղային։ Ժամանակավորապես ապաստան խնդրեց ընկերոջից, մինչև նոր պատվերներ կկարողանա հայթայթել։ Չցանկանալով նեղություն տալ ընկերոջ ընտանիքին՝ այդ տանը միայն գիշերում էր, իսկ առավոտ կանուխ դուրս էր գալիս։ Նա չուներ աշխատավայր, ուր կարող էր գնալ աշխատանքի, սակայն ուներ աշխատանք, որը կատարելու համար իրեն ինչ-որ տեղ էր պետք։ Պետք էր, որ այդ տեղում լինի սեղան, որի վրա կարող է դնել համակարգիչը և աթոռ, որին կարող է նստել։ Ամենահարմարն այդ առումով սրճարաններն էին, սակայն երևանյան սրճարաններից դուրս հորդող բարձր երաժշտությունը նրան թույլ չէր տալիս մտնել ներս։
Անաղմուկ, հաճելի, ստեղծագործական աշխատանքի տրամադրող տեղի փնտրտուքը բերեց Մարտինին Ջազզվե և դարձրեց այս սրճրանի մշտական հաճախորդը։ Հատկապես առավոտյան այստեղ շատ մարդաշատ չէր լինում, և սրճարանի մի անկյունում նստելով՝ հնարավոր էր լինում բավականին արդյունավետ աշխատել։ Մարտինին դուր էր գալիս Ջազզվեի ներքին հարդարանքը, բոլոր այդ գրքերը, արդուկներն ու բաժակակալները նրա մեջ անորոշ կարոտախտներ էին արթնացնում, ասես այստեղ կարողացել էին ժամանակի ավերիչ ուժից փրկել ինչ-որ բան, որն անխուսափելիորեն կործանվելու էր։ Այդ իրերի խորհուրդը թույլ էր տալիս նրան մտածել, որ իր ընտանիքն էլ ամբողջությամբ կործանված չի։ Մարտինը բաց էր թողել կոնֆլիկտի զարգացման ընթացքը և կոնֆլիկտը նրան արժանահավատ չէր թվում։ Եթե նա վերածեր այս պատմությունը սցենարի, դա կլիներ տաղտկալի և սուտ պատմություն։ «Ահա, ճիշտ այդպիսին է կյանքը՝ տաղտկալի ու սուտ»,- մտածում էր։
Մարտինին դուր էր գալիս Ջազզվեի մենյուն, հատկապես դեսերտը։ Նա հավանում էր Ջազզվեի այցելուներին, որոնց մեջ հաճախակի տարբեր ծանոթներ էին լինում՝ նրանցից, որոնց Մարտինը վաղուց չէր հանդիպել, ու գուցե էլ երբեք չհանդիպեր, եթե կինը չորոշեր, որ ցանկանում է բաժանվել։ Ջազզվեն հնարավորություն տվեց հայտնաբերել այդ ծանոթներին նորից, մտերմանալ ոմանց հետ, ոմանց հետ նույնիսկ ընկերանալ։ Հատկապես դուր էին գալիս նրան Ջազզվեի մշտական հաճախորդները։ Իր աշխատանքային անկյունից նա օրեր շարունակ հետևում էր նրանց, փորձում կռահել մասնագիտությունը, զբաղմունքը, հարաբերությունները։ Այ այն երկուսը՝ սիրածնե՞ր են, թե՞ ընկերներ։ Ջազզվեի հաճախորդներից իր ծանոթները ասում էին, որ սիրածներ են և արդեն քսան տարուց ի վեր անբաժան են։ Բայց Մարտինը վստահ էր, որ նրանք ընկերներ են, և ամեն օր, երբ նրանք մտնում էին սրճարան, Մարտինը մտածում էր, որ կյանքը լի է հրաշքներով։
Այդպես Ջազզվե-ում նստած էր, երբ նրա մտքում գաղափար ծագեց՝ կինոսցենար գրել, որը բաղկացած կլիներ Ջազզվեի մշտական և դիպվածային հաճախորդների պատմություններից։ Ու թող այդ պատմություններից յուրաքանչյուրը կապված լինի որևէ դեսերտի հետ։ Կլինեն այցելուներ, որոնք միշտ Տիրամիսու են պատվիրում կամ Շվարցվալդ։ Կամ գուցե Ֆրանսիական ելակ։ Նա նայեց շուրջը՝ պատկերացնելով, թե ներկաներից ով կարող է լինել Ֆրանսիական ելակի մոլագար և չգտավ այդպիսի մեկին։ Ֆրանսիական ելակ պատվիրողը նրա կարծիքով պիտի լիներ մի բարձրահասակ և շատ նիհար աղջիկ՝ փոքր-ինչ հնաոճ հայտնված՝ շիֆոնից, ծաղկավոր կիսաշրջազգեստ, մարմնագույն բլուզ և բաց վարդագույն ժակետ։
Ջազզվե-ում նստած՝ մի քանի ժամ հետո նա հնարավորություն ուներ տեղում քննարկելու այդ գաղափարը ծանոթ պրոդյուսերի հետ, որը նույն օրը երեկոյան, երբ Մարտինը դեռ վեր չէր կացել «Ջազզվե-ում գտնվող իր աթոռից, արդեն կազմել էր ֆիլմի բյուջեն։ Իսկ հաջորդ օրն արդեն պոդյուսերը տվեց նրան կլորիկ կանխավճար, որով նա կարող էր տուն վարձել և հանգիստ պայմաններում աշխատել սցենարի վրա։
Սակայն Մարտինը չէր շտապում տուն վարձել։ Նրան դուր էր գալիս Ջազզվե-ում աշխատելը և նա մտադիր էր վերադառնալ ընտանիք։ Ի՞նչ էր կնոջ ուզածը՝ որ նա առավոտները տնից դուրս գա։ Որպես սցենարիստ՝ նա չէր կարողանում դրանից ավելի լավ հանգուցալուծում մտածել իր պատմության համար, նրա սիրտը երջանիկ ավարտ էր ուզում, թեպետ հասկանում էր, որ արվեստի տեսանկյունից դա այնքան էլ լավ չէ։ Կինոյի համար սցենար գրելիս թերևս պետք է ինչ-որ այլ բան մտածի՝ նվազ երջանիկ ավարտով, ափսոսանքի զացողություն թողնող, փոքր-ինչ տխուր։ Իսկ կյանքի համար նա հեփի-էնդ էր նախատեսել։ Միայն թե չէր կողմնորոշվում՝ տորթով ու ծաղիկներով տուն գնա՞, թե՞ Անժելլային հրավիրի ռոմանտիկ ընթրիքի։ Ու մինչ նա փորձում էր լուծել այս երկընտրանքը, Ջազզվեի դուռը բացվեց և ներս մտավ Անժելլան։
Դա նման էր հեքիաթի։ Մարտինը տեղից վեր կացավ՝ երջանիկ ժպիտը դեմքին, սակայն արագ նստեց՝ չիմանալով ինչպես անտեսանելի դառնալ։ Անժելլան մենակ չէր։ Այն մի ամսվա ընթացքում, ինչ իրենք առանձին էին ապրում, նա անասելի գեղեցկացել էր։ Դեմքը հանդարտություն էր արտածում, տեսքը խնամված էր, տրամադրությունը՝ բարձր։ Մարտինի սիրտը նվաղեց մեղքի և խանդի խնդի զգացումից։ Իրականում այսպիսի գեղեցկուհի էր իր կինը, և ինքը իր վերաբերմունքով վերածել էր նրան անխնամ տնային տնտեսուհու։ Շատ կուզենար այդ պահին սրճարանում չլիներ կամ հնարավորություն ունենար դուրս գալու, սակայն դա չէր կարող անել կնոջից աննկատ, իսկ հիմա ամենից քիչ ուզում էր, որ նա տեսնի իրեն։ Ջազզվեի իր անկյունից նա նայում էր, թե ինչպես են կինն ու անծանոթ տղամարդը ուսումնասիրում մենյուն, ինչպես են պատվիրում, ինչպես է մատւցողը Անժելլայի առաջ դնում «Ֆրանսիական ելակ» անունը կրող եթերային տորթը։ Նայում էր նրանց շարժուձևին և փորձում կռահել, թե ուր են հասել նրանց հարաբերությունները, ինչ բնույթի հարաբերություններ են դրանք։ Սովորաբար նման հարցերում Մարտինը չէր սխալվում, բայց հիմա չէր կարողանում կռահել ոչինչ։ «Հնարավոր է, որ նա աշխատանքի է անցել, և այս տղամարդը պարզապես իր աշխատակիցն է,- մտածում էր Մարտինը,- չի բացառվում, որ ուր որ է ներս կմտնի այս տղամարդու կինը և կգա, կնստի նրանց կողքին»։ Հաջորդ պահին նա հասկանում էր, որ փրկության սցենարներ է մտմտում, և նա լցվում էր միայն մի ցանկությամբ՝ վեր կենալ և ջարդել այդ տղամարդու ծնոտը։ «Հազարումի բան կարող է լինել,- մտածում էր հաջորդ պահին,- օրինակ՝ որ դասընկերն է կամ համակուրսեցին»։ Սցենարների այնպիսի առատություն բացվեց Մարտինի առաջ, որ նա պատկերացնել անգամ չէր կարող։ Եվ սցենարներից յուրաքանչյուրը ուներ կյանքի իրավունք, կինն ու նրան ուղեկցող տղամարդը չէին անում այնպիսի մի ժեսթ կամ միմիկա, որ այդ սցենարներից որևէ մեկը հերքվեր։ Նա հաստատ գիտեր միայն մի բան՝ որ ով էլ լիներ Անժելլայի կողքին նստած տղամարդը, Անժելլան մնալու էր իր կինը։

Արտատպված է «Նյումեգ» ամսագրից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր