21.02.2020

Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Անգլերենը

Հիսունհինգ տարեկան էր Աշոտը, երբ հերթական անգամ գրանցվեց անգլերենի դասերի։  Ինչքան հիշում էր իրեն, միշտ կամ մասնավոր դասերի էր հաճախում, կամ խմբակային, սակայն երբեք չէր հաջողում լեզվի յուրացումը հասցնել հաղթական ավարտի։ Պատճառներից մեկը, իսկ գուցե գլխավոր պատճառն այն էր, որ անգլերենը առօրյա կյանքում պետք չէր գալիս Աշոտին, նա չուներ իր ստացած գիտելիքները օգտագործելու հնարավորություն, դրանք արագ մոռացվում էին, և Աշոտն ամեն անգամ ստիպված էր լինում սկսել նորից։ Ու թեպետ անգլերենը նրան գործնականում պետք չէր, նա չէր հրաժարվում անգլերեն սովորելու մտադրությունից. անգլերենի իմացությունը թվում էր նրան ժամանակակից աշխարհի մասը լինելու, իրեն ոչ միայն ծերացած ու անպետք չզգալու, այլ ընդհանրապես ողջ զգալու անհրաժեշտ պայման։ Սակայն գոյատևման, կամ այլ կերպ ասած՝ ողջ մնալու համար գործադրվող առօրյա ջանքերը երկրորդական էին դարձնում այնպիսի հոգսը, ինչպիսին է ինքնիրեն ողջ զգալու անհրաժետությունը։  Եվ միայն այն ժամանակ, երբ գոյատևումն ապահովելու բեռը տանելի էր դառնում, և կարողանում էր իր վաստակից ինչ-որ բան փախցնել կնոջից ու երեխաներից, Աշոտը ձեռնամուխ էր լինում անգլերենի պարապմունքները վերսկսելուն։

Անգլերեն սովորելու ոդիսականը սկսվել էր ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո՝ այն ժամանակ, երբ խորհրդային կայսրությունը պարուրած երկաթյա վարագույրը սկսեց բացվել, և քթածակ ունեցող յուրաքանչյուր մարդու համար պարզ էր, որ ռուսերենը իր տեղը քիչ-քիչ զիջելու է անգլերենին։  Կինոյի աշխարհի մարդկանց միջավայրում, որին պատկանում էր Աշոտը, խոսակցական լեզուն ռուսերենն էր։ Ռուսերեն էին խոսում թե նրանք, ովքեր ռուսական կրթություն էին ստացել, թե հայկական կրթություն ունեցողները։ Ռուսերենը կինոգործիչների կաստայի լեզուն էր, այդպիսով նրանք շեշտում էին   իրենց տարբերությունը և այն օտարոտի դիրքը, որ զբաղեցնում էին հայկական կենցաղի նկատմամբ, նաև իրենց պատկանելությունը այլ՝ արվեստի աշխարհին՝ մոռանալով, որ ռուսերենը նույնպես ինչ-որ մարդկանց կենցաղի լեզուն է։ Կինոգործիչների միջավայրում արմատացած այդ ավանդույթը Աշոտին հենց սկզբից քաղքենիություն թվաց, որ թեպետ շատ էր տարածված արվեստագետների շրջանում, սակայն հակասում էր արվեստի էությանը։ Աշոտը վատ չէր տիրապետում ռուսերենին, բայց կտրականապես հրաժարվեց ընդունել կինոաշխարհի պարտադրած այդ կաղապարը։ Իսկ երբ երևացին Խորհրդային Միության փլուզման առաջին նշանները, և երկաթյա վարագույրի հետևից սկսեց ծիկրակել աշխարհը, նա ձեռքը մեկնեց անգլերենին՝ որպես ռուսերենի դեմ հակաթույնի, որպես սեպի, որով հանում են սեպը։
Անգլերենի իր ուսումնառությունը նա սկսեց «The Moscow times» ամսագրին բաժանորդագրվելով։ Ամսագիրը անգլերեն էր և լույս էր տեսնում Մոսկվայում։ Սակայն, ինչպես պարզվեց, Աշոտը գերագնահատել էր իր լեզվական մակարդակը՝ հիմք ընդունելով, որ թե դպրոցում, թե իստիտուտում անգլերեն է անցել։ Այդժամ հասկացավ, որ նախկինում իր սովորածը ոչինչ էր, և պետք էր ամեն ինչ սկսել նորից։
Անգլերենի ուսումնառության ճանապարհին Աշոտի հոջորդ կանգառը ինքնուսույցներն էին ու զրուցարանները, որ մեծ քանակությամբ տպագրվում էին նորանկախ Հայաստանում. անգլերենի կարևորությունը գիտակցում էր ոչ միայն Աշոտը, այլև Հայաստանի ղեկավարներն ու հրատարակիչները։   Այս անգամ սկսեց այբուբենից՝ համարելով, որ դպրցում գցված հիմքը խախուտ էր։ Նա չէր   մեղադրում իր դասատուին, իր դպրոցական տարիներին անգլերենը համարվում էր երկրորդական առարկա, համարյա ինչպես ֆիզկուլտուրան կամ ռազմագիտությունը։ Հաճախ աշխատանքի էին ընդունվում ոչ որակյալ մասնագետների, և նրանց հանդեպ պահանջկոտ չէին լինում ոչ դպրոցի տնօրենները, ոչ աշակերտները, ոչ էլ նրանց ծնողները։ Ժամանակն էր այդպիսին։
Աշոտն արագ հասկացավ, որ ինքնուսույցներով և զրուցարաններով լեզու սովորելը անհույս գործ է և անգլերենի մասնավոր ուսուցիչ գտավ։ Դա եղավ նրա առաջին, բայց ոչ վերջին մասնավոր ուսուցիչը։ Նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ մի ծրագիր էր առաջարկում, ինչ-որ մի դասագիրք։ Անգլերենի զանազան դասագրքերի շարքում կարևոր տեղ ուներ Բոնկի երկհատորյակը, որի վարժությունների վրա ծախսեց մի քանի տարի, սակայն այդպես էլ չհասավ ցանկալի արդյունքի։ Իսկ ո՞րն էր ցանկալի արդյունքը։ Տիրապետել անգլերենին, եթե ոչ՝ ինչպես մայրենիին, ապա գոնե՝ ինչպես ռուսերենին։ Նա տեսնում էր Հայաստանի՝ աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը հեռանկարում, ու այդ հարաբերությունների տրամաբանությունը հուշում էր, որ ռուսերենը գնալով ավելի ու ավելի քիչ տեղ է զբաղեցնելու մեր կյանքում, իսկ հաջորդ սերունդը հնարավոր է առհասարակ չիմանա ռուսերեն, ինչպես մենք հիմա չգիտենք թուրքերեն, թեպետ մեր տատերն ու պապերը իմացել են։ 
Սակայն տրամաբանությանը հակասող բան էր տեղի ունենում, տարիների հետ ռուսերենը ոչ թե նահանջում, այլ ավելի էր տարածվում, իսկ անգլերենը դժվարությամբ էր հասցնում նրա հետևից։ Նոր սերունդը չէր գնում ռուսական դպրոցներ, չէր դիտում ռուսական հեռուստաալիքներ, բայց ռուսերենին տիրապետում էր նույնքան վարժ, որքան իր սերունդը, եթե ոչ ավելի։ Աշոտի համար հանելուկ էր, թե ինչու ռուսերենը հայ մանուկները յուրացնում էին հայերենին զուգահեռ, իսկ անգլերենի համար նրանց ծնողները կրկնուսույցներ էին վարձում։ Մինչդեռ ասում են՝ ռուսերենը շատ ավելի բարդ լեզու է։
Աշոտը նայում էր երիտասարդ աղջիկներին ու տղաներին, որ ազատ խոսում էին թե ռուսերեն, թե անգլերեն, իսկ երբեմն նաև այլ լեզուներով, և իրեն անասելի ծեր էր զգում։ Նա չէր հասցրել հետևել ժամանակի ընթացքին, հասկանալ, թե երբ երեկվա երեխեքը դարձան երիտասարդ, իսկ ինքը ծերացավ՝ հրաժեշտ չտալով, սակայն, երիտասարդ ու խոստումնալից կինոռեժիսորի կարգավիճակին։ Աշոտը սփոփում էր իրեն տարածված կարծիքով, թե կինոռեժիսուրան հասունություն է սիրում, սակայն տեսնում էր, որ երիտասարդների համար դռները ավել հեշտ էին բացվում, և նրանք ավելի հաճախ էին կարողանում միջոցներ գտնել իրենց մտահղացումները իրականացնելու համար։ Հաճախ նրանց օգնում էր հենց անգլերենի իմացությունը։ Աշոտը հասկանում էր, որ չի կարելի անգլերեն չիմանալ մեր դարում, հասկանում էր, որ անգլերեն չիմացող կինոգործիչը անախրոնիզմ է ու ատավիզմ, ավելին՝ Աշոտը առաջիններից էր, որ հասկացել էր դա, ու այդ հանգամանքը կրկնակի վիրավորական էր դարձնում փաստը, որ շուրջ երեսուն տարվա ջանքից հետո Աշոտը զգում էր՝ անգլերենի իր իմացությունը ոչ միայն հեռու է կատարյալ լինելուց, այլ գնալով կարծես ավելի է վատթարացել։
Կինոնախագծերում ներգրավված լինելով՝ Աշոտը մի քանի անգամ եղել էր Եվրոպայում, մի անգամ էլ՝ շուրջ երկու ամսով Լոս-Անջելեսում և, ստիպված լինելով շփվել անգլերեն, զգացել էր, որ լեզուն բացվում է իր մեջ, ինչպես ծաղիկը, որ ինքը սկսում է հասկանալ մարդկանց, որ մարդիկ սկսում են հասկանալ իրեն, ու թվացել էր նրան, թե լեզու սովորելու խաղի մեջ նոր «լեվլ» է հաղթահարել, սակայն Հայաստան վերադառնալուց մի քանի ամիս անց, երբ ստիպված էր եղել օտարերկրացի զբոսաշրջիկներին բացատրել, թե ինչպես գնան իրենց ուզած վայրը, լեզուն հանկարծակի կապ էր ընկել, ցանկացել ու չէր կարողացել հիշել և ոչ մի բառ։
 Վերջին դասընթացը, որին մասնակցելու համար գրանցվեց Աշոտը, գլխավոր ուշադրությունը դարձնում էր խոսքի զարգացմանը և նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր ունեին բավականաչափ քերականական գիտելիքներ ու բառապաշար, սակայն չէին կարողանում կիրառել այն անհրաժեշտության դեպքում։ Անգլերենի ուսուցչուհին կլիներ հազիվ քսաներկու-քսներեք տարեկան։ Նա մի բարձրահասակ ու գեղեցիկ աղջիկ էր, ինչպիսիք հիմա շատ էին և ինչպիսիք իսպառ չկային իր եիրտասարդության տարիներին։ Այն թվերին մայրաքաղաքում երեք-չորս գեղեցկուհի կար, որոնք այսօրվա գեղեցկուհների հետ համեմատության մեջ արդեն այնքան էլ գեղեցիկ չեն թվում։ Աշոտը մտածում էր, որ եթե այսպիսի տեսք ունենար դպրոցի իր անգլերենի ուսուցչուհին, ինքը հիմա հաստատ ստիպված չէր լինի անգլերենի դասերի հաճախել։ Նա հիշեց իր ընկեր Մելքոնյանին, որ մի տանջված հայ տնտեսուհի էր և դասի էր գալիս տան հոգսերից ու երեխաների խնամքից հոգնած։ Ոչ մի համեմատության եզր այս ուսուցչուհու հետ, որն ավելի շատ սիրո աստվածուհու տեսք ուներ։ Ու թեպետ նրա տեսքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե նպատակադրված է ցանկություններ հարուցել արական սեռի բոլոր ներկայացուցիչների մարմիններում, բայց իրեն ընդգծված սառն ու հարգալից էր պահում Աշոտի հետ՝ այդպիսով թույլ չտալով վերջինիս մոռանալ իր տարիքը։  Նա չափազանց ինքնավստահ էր իր տարիքի համար, ամբողջությամբ լի սեփական արժեքի գիտակցմամբ։ Դա այն ինքնավստահությունն էր, որ սովորաբար ունենում են անգլերենին անթերի տիրապետող մարդիկ և որն այդքան պակասում է իրեն՝ Աշոտին։ Նա հանկարծ այնքան խեղճացավ, որ լեզվական մակարդակի որոշմանն ուղղված տարրական հարցերին չկարողացավ պատասխանել, և ուսուցչուհին մեծահոգաբար շնորհեց նրան սկսնակի աստիճան։  Աշոտը փորձեց ուսուցչուհուն տեղափոխել երեսուն տարի առաջվա Երևան ու հասկացավ, որ անպայման կսիրահարվեր, կհետևեր նրան տարիներով, կռիվներ կաներ նրա համար՝ գուցե այդպես էլ երբեք չհասնելով նրա հետ մեկ ժամադրության և Օղակաձև զբոսայգում պտույտ անելու երջանկությանը։ Սակայն հիմա նա մեծացել էր և անհույս բաներ չէր սիրում։ Հիմա նրան միայն մի բան էր հետաքրքրում՝ վերջապես սովորել անգլերեն և փակել այդ էջը, որն այդպես բաց էր երեսուն տարի։  
Առաջին դասից Աշոտը դուրս եկավ այնպիսի զգացողությամբ, որ իրեն հետաքրքրող այդ միակ բանը նույնքան անհույս է և գուցե նույնիսկ էլ ավելի անհույս։ Երկար քայլեց՝ փորձելով հասկանալ, թե այնուամենայնիվ ինչու էր այդքան դժվարությամբ տրվում իրեն անգլերենը։ Իսկ արդյո՞ք հնարավոր է որևէ լեզու սովորել վերջնականապես և ընդմիշտ։ Արդյո՞ք անհնար չէ լիովին տիրապետել անգամ մայրենիին, մինչդեռ այն սկսում ենք ճանաչել ծնված օրվանից։  Աշոտը հիշեց իր կյանքից մի դրվագ, երբ ավստրիացիների կինոնկարահանող խմբի հետ շփվելու համար թարգմանիչ էր պահանջել, և իրեն տրամադրել էին վրացի մեկին, որ թեպետ խիզախորեն ստանձնել էր այդ գործը ու վարձատրվում էր դրա համար, սակայն իրենից վատ էր տիրապետում թե անգլերենին, թե ռուսերենին, և ինչ-որ մի պահից սկսած Աշոտն էր սկսել թարգմանել նրան։  
Այսպիսի մտքերով նա հասավ «Մոսկվա» կինոթատրոն և առաջին անգամ թե կինոթատրոնի շենքը, թե նրա անվանումը իրեն թեթևակի ինքնավստահություն ներշնչեցին։ Որոշեց մտնել «Ջազզվե»։ Սա այն սրճարանն էր, որի մասին կատակով ասում էր. «Սրճրան, որտեղ հնարավոր չի հանգիստ մի բաժակ սուրճ խմել, որովհետև նվազագույն չափաբաժինը երկու բաժակն է»։ Աշոտը չէր սիրում «Ջազզվե»-ն, թեպետ այստեղ հաճախ էին ժամադրում նրան ընկերները։ «Ջազզվե»-ում շատ էին իր երիտասարդության հուշերն արթնացնող ատրիբուտները, որոնք ավելի շատ սիրտ էին ցավեցնում, քան հաճույք պատճառում։ Եվ ամենակարևորը՝ բոլոր այդ գրքերը, բաժակակալները ու այլ հուշանվերները, որոնք իր երիտասարդության 80-ականներն էին կենդանացնում, դրված էին 20-երորդ դարի առաջին տասնամյակներից ողջ մնացած արդուկների ու այլևայլ պարագաների կողքին։ Այդ՝ թվում է հետին մտքեր չպարունակող, պարզամիտ քայլով ինտերյերի դիզայները, որ վստահաբար շատ երիտասարդ պիտի լիներ, Աշոտին հուշում էր, որ իր ապրած կյանքի զգալի մասը արդեն պատմության սեփականությունն է, ճիշտ ինչպես այն տարիները, որոնք չէր տեսել Աշոտը և որոնց մասին գիտեր միայն պատմությունից ու տատերի պատմություններից։ Դուր չէր գալիս Աշոտին նաև այն, որ Ջազզվե»-ի՝ օրաթերթի ֆորմատով ձևավորած մենյուի մեջ շատ էին ռուսերեն անեկդոտները, որոնք էլի ակամայից խորհրդային անցյալն էին հիշեցնում։ Սակայն այս անգամ նա հաճույքով վերցրեց մենյուն։ Առաջին անգամ էր, որ ռուսերենը նրան չգրգռեց։ Ասես այն նույնպես նույն վերացող աշխարհի մասը լիներ, որը փրձում էր փազլի պես հավաքել ու պահպանել «Ջազվե»-ն։ Այն աշխարհի, որին պատկանում էր ինքը։ Երբեք այդ ճշմարտությունը այդպես չէր զգացել ու գիտակցել, և դա նրան տխրություն պատճառեց , բայց միաժամանակ նաև խաղաղություն պարգևեց։
Խմելով իր սուրճը՝ նա նայում էր դիմացի սեղանի մոտ նստած մարդկանց, որ իրենց արտասահմանյան հյուրերին բերել էին «Ջազզվե»։  Արտասահմանցիներից նրա ուշադրությունը գրավեց մի ծեր կին, որ աշխույժ խոսում էր ու շատ խնամված տեսք ուներ։ Դատելով ձեռքերից՝ կլիներ ութսունն անց, բայց աչքերի փայլով կողմնորոշվելու դեպքում վաթսունից ավել չէիր տա։ Աշոտը մտածում էր՝ տեսնես ի՞նչից է, որ մեզ մոտ հիսունամյա կանայք ու տղամարդիկ արդեն պապիկներ ու տատիկներ են, իսկ դրսում՝ նրանց մոտ, ութսունամյա մարդիկ բավականին երիտասար, ներկայանալի, երբեմն նույնսկ գրավիչ տեսք ունեն։  Աշոտը լսում էր ու չէր կարողանում հասկանալ՝ ինչ է խոսում կինը, այդպես էլ չսովորեց  խոսքի մեջ հասկանալ բառերը։ Կինը, որ որսացել էր Աշոտի հայացքը ու խոսելով նրան էր նայում, հանկարծ լռեց, ապա նրա դեմքին ուրախություն հայտնվեց, հետո՝ չարաճճի ժպիտ, և նա բացականչեց.
- Աշո՞տ, Մարտիրոսյա՞ն, էդ դու ե՞ս, անպիտան…
Կնոջ ձայնը, որ հայերեն խոսքի մեջ հնչեց բոլորովին այլ կերպ, պոկեց Աշոտին «Ջազվե»-ի իր սեղանիկից, իր առջև դրված ջազվեից ու սուրճից և ակնթարթորեն տեղափոխեց հեռու, շատ հեռու՝ մանկություն, չէ, պատանեկություն, ու նոր միայն Աշոտը տեսավ և ճանաչեց այդ կնոջը։ Իր անգլերենի ուսուցչուհին էր՝ ընկեր Մելքոնյանը, որ անսպասելի երիտասարդական եռանով, ինչպիսին երբեք չէր ունեցել դպրոցում դասավանդելիս, բարձրացավ աթոռից ու եկավ Աշոտին ընդառաջ՝ գրկախառնվելու։  
- Իմ աշակերտն է,- ոգևորությամբ ասաց ընկեր Մելքոնյանը իր հյուրերին,- կինոռեժիսոր է,- ապա սկսեց թվարկել բոլոր այն ֆիլմերը, որոնց նկարահանող խմբում թեկուզ երրորդական օգնականի դերում աշխատել էր Աշոտը։ Հուզված-շփոթված՝ նա չնկատեց էլ, թե որքան անկաշկանդ էր շփվում անգլերեն արտասահմանցիների հետ։
- Բա որ իմանաք՝ ինչ լավ բանաստեղծություններ էր գրում,- հանկարծ ասաց ընկեր Մելքոնյանը,- գիտե՞ս, Աշոտ, ես սուրբ-սուրբ պահպանում եմ քո անգլերեն բանաստեղծությունները։
- Անգլերեն բանաստեղծություննե՞րը… Հաստատ շփոթում եք, ընկեր Մելքոնյան, ես անգլերեն բանաստեղծություն չեմ գրել, հայերեն՝ այո, գրել եմ մեկ-երկու հատ, բայց անգլերեն՝ ոչ։
- Նույնիսկ չես հիշում,- ծիծաղեց ընկեր Մելքոնյանը,- մեկն էլ ինձ ես նվիրել, ահա,- ու սկսեց արտասանել։ Բոլոր բառերը պարզ էին և հասկանալի Աշոտին, սակայն նա չէր կարողանում մտաբերել, որ նման բան է գրել։
- Դու ես գրել, դու,- կասկածներն էր փարատում ընկեր Մելքոնյանը, ապա պատմում էր արտասահմանցիներին Աշոտի դպրոցական հաջողությունների մասին, հաղթած օլիմպիադաների, իր և մյուս ուսուցիչների սպասումների, որ Աշոտը մեծ արվեստագետ է դառնալու, և թե ինչպես Աշոտը արդարացրեց իրենց սպասումները։
- Մի օր արի ինձ հյուր,- բաժանման պահին ասաց ընկեր Մելքոնյանը՝ Աշոտին իր այցեքարտը մեկնելով,- քո բանաստեղծություններն էլ կտեսնես, կհամոզվես, կուզես՝ կվերցնես, բացի նրանից, իհարկե, որ ինձ ես նվիրել, էդ մեկը չեմ տա, չուզես…
Աշոտը դուրս եկավ «Ջազվե»-ից՝ իրականության զգացումը կորցրած, կարծես ոչ թե սրճարան էր մտել, այլ ժամանակի մեքենա էր նստել, ու հիմա շարունակում էր զգալ իրեն անկշռելիության վիճակում։ Նա քայլում էր Երևանի փողցներով, ու թվում էր նրան, թե ինչ-որ բան է փոխվել քաղաքում, ասես արտասահմանից վերադարձած լիներ։ Հանկարծ մտքի մեջ սկսեցին հառնել այն բանաստեղծության տողերը, որ քիչ առաջ կարդում էր ընկեր Մելքոնյանը։ «Տեսնես իսկապե՞ս ես եմ գրել»,- մտածում էր՝ չկարողանալով զսպել ժպիտը։  Նրան զվարճալի էր թվում, որ դպրցական տարիքում, փաստորեն, այնքան լավ է իմացել անգլերեն, որ կարողացել է բանաստեղծություններ գրել, իսկ դպրոցից հետո  շարունակ սովորել ու սովորել է, ու ինչքան սովորել է, այնքան մոռացել է։ Հանկարծ նա սկսեց մտաբերել ուրիշ բառեր՝ ուրիշ բանաստեղծությունից, որը սակայն չէր հիշում։ «Երևի պիտի ժամանակ գտնեմ, գնամ տեսության»,- մտածեց Աշոտը։ Քայլում էր ու մտածում՝ տեսնես քանի՞ բանաստեղծություն է գրել, տեսնես է՞լ ինչ է գրել, ու քիչ-քիչ հիշում էր ուսուցիչների հիացած դեմքերը, աղջիկներին, որոնց սիրահարված է եղել, ճամբարները, իր արկածներն ու հաջողությունները։ Նա իրեն անսպասելի երիտասարդացած ու ինքնավստահ էր զգում։
- Հենց վաղը կգնամ,- ասաց բարձրաձայն՝ գրավելով անցորդների ուշադրությունը և մնացածը շարուակելով մտքում,- եթե ընկեր Մելքոնյանին անհարմար չլինի։
Նրա մտքով մի պահ անցավ, որ կարելի է անգլերենի այդ նոր դասընթացի փոխարեն մասնավոր դասերի գնալ ընկեր Մելքոնյանի մոտ, բայց այդ միտքը նրան չափազանց զվարճալի թվաց իրականություն դառնալու համար, թերևս դա մի լավ կոմեդիայի նյութ է։

Արտատպված է «Նյումեգ» ամսագրից։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր