01.02.2015

ԳՌԵՀԻԿ Ու ԳԵՂԵՑԻԿ

Անխոստում ու թեթև սկսվեց,
գռեհիկ ու գեղեցիկ,
արաղով ու ախպերական գրկախառնումով,
հարազատությամբ,
ընդհանուր նախնիների փնտրտուքով,
հետաքրքրությունների ընդհանրությամբ,
հումորի զգացման
ու լեզվազգացողության
ցուցադրությամբ,
աշխարհընկալման նմանությամբ,
փորձի թեթևակի փոխանակմամբ՝
գռեհիկ ու գեղեցիկ,
անխոստում ու թեթև սկսվեց,
մոգական համակրանքով,
համակրական մոգությամբ,
մարմնի ու հոգու ջերմությամբ,
թեթև մրսածությամբ, փռշտոցով,
ոչինչ չպարտադրող հոգատարությամբ,
թեյով ու կիտրոնով, մոռի մուրաբայով,
տենդով,
գնալու ու մնալու անկարողությամբ։
Սա հենց այն պատմությունն է,
որ ունի ավարտ՝
ողբերգական, որպես կանոն,
և միայն երբեմն,
բախտի բերմամբ,
տխուր։

2004

«Անտերուդուս» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր