20.06.2019

Ակվարիում/գրախոսություն


Հայ կինոգործիչների և կինոսիրողների շրջանում տարածված կարծրատիպ կա, թե ռեժիսուրան կանացի մասնագիտություն չէ։ Կին ռեժիսորների նկարահանած հաջող ֆիլմերը, որ հայ հանդիսատեսին են հասնում ոչ այնքան մեծ քանակությամբ և ոչ շատ հաճախակի, կարծես թե ավելի են ամրապնդում այդ մտայնությունը, որովհետև դրանցում մեծ մասամբ առկա է յուրահատուկ՝ ոչ տղամարդկային, ընդգծված կանացի հայացք կյանքի հանդեպ, որ մատնում է ռեժիսորի սեռը և թույլ տալիս այդ ֆիլմերի հաջողվածությունը դասել բացառությունների շարքը, իսկ բացառությունները, գիտենք, հաստատում են օրինաչափությունը։ Բրիտանական կինոյի փառատոնի շրջանակներում ցուցադրված՝ Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմը պիտի որ կոտրեր այդ կարծրատիպը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ֆիլմն արդեն հասցրել է հեղնակավոր մրցանակների մի ամբողջ փունջ հավաքել։ Ոչ թեմայի ընտրության, ոչ թեմայի մեկնաբանման, ոչ գեղագիտության առումով ֆիլմում չկա ռեժիսորի սեռի մասին որևէ հուշում։
«Ակվարիումը» ֆիլմ է՝ նկարված մարդու կողմից, որին սեռայնությունն ակնհայտորեն ավելի քիչ է հետաքրքրում, քան անգլիական գավառական քաղաքում կամ լոնդոնյան արվարձանում ապրող մարդիկ՝ իրենց խնդիրներով, իրենց ապրումներով ու հույզերով։ Չնայած ֆիլմի հերոսուհին կին է՝ տասնհինգամյա աղջիկ, որի կյանքի դրաման ծավալվում է կանանց՝ երիտասարդ մոր և կրտսեր քրոջ շրջապատում, ու չնայած ֆիլմի դիտման ընթացքում առաջացող հարցերը վերաբերում են կանանց, ռեժիսորը կարողացել է խուսափել գենդերային խնդիրների ծուղակից։ Ֆիլմը զերծ է նաև մշակութաբանական, ինտելեկտուալ հավակնոտությունից, որ բավականին տարածված է ժամանակակից արևմտյան կինեմատոգրաֆում, թեպետ դեպքերը տեղի են ունենում հստակ տեղայնացված եվրոպական իրականության մեջ։ Առաջին պլանում մանկությունից հասունություն անցման անձնական դրաման է՝ դժվարությունների ամբողջ թնջուկով։
Ֆիլմը սկսվում է հեռախոսի ինքնապատասխանիչի վրա թողած ձայնային հաղորդագրությամբ, որով տասնհինգամյա հերոսուհին՝ Միան, նախատում է ընկերուհուն զանգերին չպատասխանելու համար։ Նա գժտված է ընկերուհու հետ, բախվում է հասակակից աղջիկների հետ, ապա անծանոթ տղաների՝ մի կերպ խուսափելով բռնությունից։ Տանը լարվածությունը չի թուլանում. չափազանց երիտասարդ մայրը, որ անընդհատ տղամարդու և զվարճությունների փնտրտուքի մեջ է, ոչ միայն անկարող է ու չի փորձում հասկանալ կամ սփոփել նրան, այլև բացահայտ թշնամաբար է տրամադրված դստեր հանդեպ։ Նրանց հարաբերությունները մրցակցային են, ինչն ավելի է սրվում, երբ հայտնվում է մոր սիրեկանը։ Առաջին լուրջ սիրահարությունն ու հիասթափությունն անխուսափելի են։ Պատանեկան հոգին փոթորկում են հույզերը, որոնք նա արտահայտում է պարի միջոցով։ Պարը մեդիտացիայի պես մի բան է, որին տրվում է հաճախակի, մեծադիր պատուհանով և կապույտ պատերով պատշգամբում, որ ակվարիում է հիշեցնում։ Թշնամական աշխարհով շրջապատված, մենակ ու անօգնական՝ նա շնչահեղձ է լինում, ինչպես ձուկը անջուր ակվարիումում։ Սակայն ֆիլմի վերջում նա հեռանում է տնից՝ դեպի բաց ծով։
Պատմելով սոցիալական հիերարխիայի ներքևում գտնվող մարդկանց մասին՝ ՝ «Ակվարիում»-ը հիշեցնում է մեկ այլ բրիտանացու՝ Մայք Լիի «Ամեն ինչ կամ ոչինչ» ֆիլմը։ Ըդնհանրությունը սոցիալական ռեալիզմն է, որը կարծես թե բնորոշում է արդի բրիտանական կինոարվեստը։ Սա սոցիալական ռեալիզմ է, բայց զերծ քննադատականությունից, որ հատուկ էր 60-ականների բրիտանական «նոր ալիք»-ին։ Ֆիլմում նաև պսիխոլոգիզմ կա, սակայն չափավորված քանակով, որը թույլ չի տալիս ֆիլմը համարել պսիխոլոգիստական դրամա։ Դրվագները, որտեղ Միան հայտնաբերում է մոր սիրեկանի գաղտնի կյանքը՝ նրա բարեկեցիկ, ընտանեկան, «դասավորված» կյանքը, այդ կյանքի մեջ խաթարում մտցնելու ցանկությունը՝ նրա տան գորգին միզելու միջոցով և նրա երեխային փախցնելու, ալյուզիաներ են 20-րդ դարում արևմտյան կինոյում և հատկապես գրականության մեջ լավ մշակված թեմայի՝ քաղքենիական արժեքների և այդ արժեքների տիրույթից դուրս մնացած անհատի փոխհարաբերության, որի ծրագրային երկը Հերման Հեսսեի «Տափաստանի գայլն» է։ Թվում է՝ Միան նախանձով է նայում ընտանեկան ջերմության մեջ մեծացող աղջնակի մանկությանը, որն ինքը չի ունեցել, այդ դասավորված, կանոնակարգված կյանքին, որով ապրում է մոր սիրեկանը և իր սիրեցյալը, սակայն այդ կյանքը պատրանք է՝ ընդամենը գեղեցիկ դեկորացիա, այլապես այդ կյանքով ապրող մարդը ի՞նչ է փնտրում իրենց միջավայրում, կյանքի հատակում։Աղերսներ են առաջանում նաև Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա»-ի հետ, սակայն պատմությունն այստեղ հյուսվում է Լոլիտայի առանցքի շուրջ, ներկայացված են նրա ապրումները՝ այնպիսին, ինչպիսին կարող էին լինել դրանք 21-րդ դարի եվրոպական իրականության մեջ։
Չնայած առաջացող աղերսներին և գրական թեմաների զգույշ խաղարկմանը, ռեժիսորը կարողացել է զերծ մնալ ինտելեկտուալիզմից։ Սա «ձևված» և «կարված» է որպես «սովորական» պատմություն , որի վավերագրական արժանահավատությունը շեշտվում է մի շարք տեխնիկական պրիոմներով, ինչպիսիք են երաժշտության ներմուծումը որպես ինտերաղմուկ (մենք լսում ենք այն երաժշտությունը, որ լսում է աղջիկը), տեսախցիկի օգտագործումը «Դոգմա»-ի սկզբունքներով (Անդրեա Առնոլդը ունի Լարս Ֆոն Տրիերի հետ աշխատելու փորձ, որը, դատելով արդյունքից, ապարդյուն չի անցել)։ Աստառի պես են «ընթերցվում» խորհրդանիշներն ու փոխաբերությունները՝ չխախտելով հիմնական գործվածքի հյուսվածքը։ Խորհրդանիշները, ինչպիսիք են պարը, ձին, ակվարիումը, որ վերաբերում են ազատության և անազատության թեմային, էքզիստենցիալ շերտ են մտցնում ռեալիստական կինոպատման մեջ, այն հանում տրված ժամանակից ու տեղանքից՝ ակվարիում դարձնելով մարդու մարմինը, որում բանտված է հոգին։
Խորհրդանիշային շերտի առկայությամբ կենցաղային ճշմարտացի պատումը մոտենում է ասքի ժանրին։ Ձին, որին աղջիկը փորձում է ազատել կապանքներից և որն ի վերջո մահանում է, աղջկա ալտեր էգոն է, որի հետ նույնականացնում է իրեն, իր ազատությունն է, իր մեջ ափեափ խփվող, սակայն շղթայված կրքերն են, որ ազատություն են փնտրում, միաժամանակ նաև ձիավորի միֆոլոգեմն է, որ տաածված է թինեյջերների շրջանում։ Ձիու մահվամբ խորհրդանշվում է մանկության ավարտը և սկսվում առանց պատրանքների, իսկական կյանքը։ Ձիու մահը հեքիաթի մահն է, կյանքի ընդունումը այնպիսին, ինչպիսին այն կա։ Պատահական չէ, որ ձիու տերը՝ գնչու երիտասարդն է նրան «ազատագրում» տանում տնից՝ ճիշտ է, արդեն ավտոմեքենայով։ Ազատության ու սիրո մասին մանկական պատկերացոմների մեկ այլ խորհրդանիշ էլ պարն է։ Աղջիկը հայտարարություն է գտնում, որում ասվում է, թե պահանջվում են պարուհիներ։ Որոշում է փորձել իր ուժերը, սակայն քաստինգի ժամանակ պարզվում է, որ պահանջվում են մերկապարուհիներ։ Միան չի համաձայնվում պարել, հեռանում է՝ իր մեջ ու իր հետ տանելով իր պարը՝ իր ազատությունը։
Սակայն այս խորհրդանշային շերտը թույլ երևակվում է այն ճշգրիտ և իրական պատումի տակից, որ համոզիչ կերպով ստեղծել է ռեժիսորը։ Չկա ոչ մի չափազանցություն, ոչ մի ողբերգություն, որը կփոխեր շեշտադրումները, որն ավելորդ կգեղարվեստականացներ ֆիլմը։ Ռեժիսորի խնդիրն է եղել վավերագրողի ազնվությամբ ներկայացնել կոնկրետ սոցիալական խավի ներկայացուցչի դրաման՝ հնարավորինս առանց դրամատիզմի, կինոդիտողին չգցելով բարոյախրատական եզրահանգումների մեջ և հնարավորություն տալով մտածել կարևոր բանի մասին՝ պակասող մարդկային ջերմության և կարեկցանքի։


Գրախոսականը մրցանակ է շահել 2013 թվականին Բրիտանական ֆիլմերի փառատոնի հայտարարած գրախոսությունների մրցույթում։




Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր