20.06.2019

Մեկ, երկու, երեք, չորս...


Ուլրիխ Զայդլը իմ սիրած ռեժիսորներից է։ Սիրում եմ նրան կյանքի ճշմարտությունը առանց սվաղելու ներկայացնելու համար։ Չի խաբում, ազնիվ է, ասում է՝ առջեւում մեզ սպասվում է ծերություն, առողջության ու գրավչության կորուստ, խելապակասություն, անփարատելի մենակություն։ Մի երկու տարի առաջ Զայդլի «Դրախտն» ու Հանեկեի «Սերը» նույն «Ոսկե ծիրան»-ին ցուցադրվեցին։ Հանեկեն ուրիշ ծերություն էր ներկայացնում, հուզիչ էր, բայց չհամոզեց, Զայդլի ճշմարտությունն ավելի համոզիչ էր։ Իմ ծնողների ծերությանը նայելով՝ Զայդլի ծերությունն էի տեսնում, ոչ թե Հանեկեի, չնայած իմ ծնողների պատմությունը սյուժետիկ առումով Հանեկեի ֆիլմին էր ավելի մոտ։ Էսօր նայեցի Արման Երիցյանի վավերագրական «Մեկ, երկու, երեք, չորս»-ը։ Ճիշտ չի, իհարկե, իրար հետ համեմատելը վավերագրական ու խաղարկային ֆիլմերը։ Մի դեպքում հանդիսատեսը գիտի, որ հորինվածք է, մյուս դեպքում գիտի, որ ոչ մի պերսոնաժ հնարված չէ։ Բայց երեւի կարելի է համեմատել՝ հաշվի առնելով, որ Զայդլը հաջողակ վավերագրող էր եւ վավերագրական կինոյից է եկել խաղարկային։ Նաեւ չի սիրում աշխատել պրոֆեսիոնալ դերասանների հետ, կերպարները այսպես ասած կյանքից է վերցնում, խաղարկայինի մեջ վերստեղծում է վավերագրականը։ Արմանի դեպքում թերեւս հակառակն է, Արմանը իրականությունը նկարում է հորինվածքի նման, կյանքից ընտրում է այն կերպարները, որոնց մեջ գեղարվեստը շատ է։ Նայում ու մտածում ես՝ հնարավոր ե՞ն մեր իրականության մեջ այսպիսի վառ դեմքեր, այսպիսի գտած կադրեր եւ այլն։ Միեւնույն ժամանակ գիտես, որ դա վավերագրական կինո է, որտեղ հերոսները եթե խաղում էլ են, ապա խաղում են իրենք իրենց։ Այսօր Արման Երիցյանը համոզեց ինձ, որ կա այլ ծերություն Ուլրիխ Զայդլի «ճմարտացի» ծերությունից բացի, որ ծերության հետ ամեն լավ բան չի ավարտվում, նույնիսկ ինչ-որ լավ բաներ կարող են սկսվել։ Արմանի ֆիլմը նայելուց հետո ես հիշեցի, որ հայրս էլ էր իրեն հետաքրքիր զբաղմունքներ գտնում, մայրս էլ չասեմ, թե իր ու մեր կյանքը հետաքրքրացնելու ինչպիսի մասնագետ է։ Մի տեսակ փոխվեց իրականությունը։ Արմանն ասում է՝ այն, ինչ սպասվում է մեզ առջեւում, կարող է շատ սարսափելի չլինել։ Կարող է ամենեւին սարսափելի չլինել, եւ դա ճշմարտությունն է, չկա ոչ մի խաբեություն, մի վախեցեք ծերանալ, շարունակեք ապրել։
2017

https://vimeo.com/53414030?fbclid=IwAR0ArMX7AcVWlTk2klI4RNnPoQ0Ow2I2mD-xCU8VonasP1h6-AHTtHpogJo

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր