14.05.2011

«ՄԵՂՐԱՄԻՍ» սերիալի նոր եթերաշրջանը

«Մեղրամիս» սերիալի բոլոր երկրպագուներից ներողություն եմ խնդրում սերիալի հեռարձակման ընդհատման համար։ Մի քանի օր շարունակ BLOGGER-ը թույլ չէր տալիս, որ գրառում կատարեմ։ Այս գիշեր «Մեղրամիս» սերիալի նկարահանող խումբը (կենտրոնացած մեկ անձի մեջ) մեկնում է Փարիզ՝ պոեզիայի ինչ-որ միջազգային փառատոնի և կվերադառնա մայիսի 23-ին։ Այդ ընթացքում սերիալը չի կարող հեռարձակվել տեխնիկական և կազմակերպչական խնդիրների պատճառով, ինչի համար նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը։ Սակայն մայիսի 23-ից կսկսվի «Մեղրամսի» երկրորդ եթերաշրջանը՝ համալրված նոր հերոսներով ու զավեշտալի իրադարձություններով։ Բաց չթողնեք։ Կհանդիպենք մայիսի 23-ին, երկուշաբթի։

«Մեղրամսի» գլխավոր պրոդյուսեր՝ Արփի Ոսկանյան

10.05.2011

Փոստ 13. Կարող է պատահի՝ մեզ հետևում են


Հերբերտն ամեն օր զանգում էր ու հարցնում. «Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը»։ Ու ավելացնում էր. «Եթե վաղը չէ, մյուս օրն անպայման կգամ»։  Ասում էինք՝ Գրացը սիրուն ա, մենք լավ ենք, իսկ դու մի շտապի, երբ հարմար կլինի, էն ժամանակ էլ արի»։ Ընթերցման օրն այսպես թե այնպես պիտի գար, ինքն էր թարգմանիչը, և հասկացել էինք, որ ավելի շուտ չի էլ գալու, բայց այնուամենայնիվ մի քիչ լարված էինք, եկավ-եկավ… Չէ, մենք իհարկե կուզենայինք, որ Հերբերտը գա ու մնա մեր տանը, բայց… Կտրականապես դեմ էինք նրան լվերոց անելուն։ Լվերի երեսից մենք նույնիսկ բանգլադեշցուն չէինք կարողանում ճաշի հրավիրել։ Եվ ընդհանրապես ճաշի հավես չունեինք էլ , ամբողջ օրը դիխլաֆոս էինք շնչում, դա մեզ ուտելիք էլ էր, խմելիք էլ։ Մենք այնքան էինք տարված լվերով, որ ճաշի ժամանակ չէր էլ մնում։ Ես օրը երեք կամ չորս անգամ լվացք էի անում։ Ու հարդուկ։ Անկողինն օրը երկու անգամ փոխում էի։ Կարդացել էի համացանցում, որ մաքրությունը լվերի դեմ պայքարում ամենազորեղ միջոցն է։ Ավստրիա էի եկել, դառել էի իսկական տնական հայ կնիկ։ Տանը մի չտեսնված մաքրություն էր տիրում, ու ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ էդ լվերը էդ մաքրությանը ոնց էին դիմակայում։