30.04.2016

Մեր մեղքն այն է, որ հանդուրժել ենք տգետ ու գող իշխանություն

Հարցազրույց գրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանի հետ

- Քառօրյա պատերազմը խլեց մոտ հարյուր (թիվն ամեն օր փոխվում է) հոգու կյանք, իսկ ի՞նչ տվեց փոխարենը մեզ, Արփի, այս միասնականությունը, այս ազգային զարթոնքի մասին խոսակցությունները, կոչերը զուտ պաթոսայի՞ն են, թե՞ ավելի խորքային մի բան փոխվեց մեր մեջ․․․
 - Բոլորս էլ գիտեինք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, տեսնում էինք, թե ինչպես է մեր դաշնակիցը զինում մեր հակառակորդին, հասկանում էինք, որ այդ զենքը մի օր կրակելու է։ Անակնկալը մեր հասարակության եւ մեր բանակի շատ բարձր բարոյական մակարդակն էր, իսկապես աննկուն ոգին եւ մարտունակությունը, որովհետեւ մեզ թվում էր, թե աղքատությունը, սոցիալական անարդարությունը, պարտություններով ավարտվող քաղաքական եւ քաղաքացիական պայքարները, հուսահատությունը բարոյազրկել են մեր հասարակությունը, պատրաստել այն մեծ պարտության։ Այս օրերին տեղի ունեցան բաներ, որ ցնցեցին մեզ, ստիպեցին մեզ վերանայել մեր մասին ունեցած պատկերացումը, ստիպեցին, որ ինքներս մեզ նորից սիրենք։ Սա զարթոնք էր այն իմաստով, որ սթափվեցինք, արթնացանք նինջից, տեսանք, թե ինչքան իրական է վտանգը, եւ թե ինչքան քիչ բան է արել մեզնից յուրաքանչյուրը խաղաղության համար։