Показаны сообщения с ярлыком «Չի վաճառվում» գրքից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «Չի վաճառվում» գրքից. Показать все сообщения

20.03.2020

ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ



     Մթնում էր։ Կեղտագույն փոշի էր թափվում երկնքից։ Թափվում էր սև, լայն թիկնոցիս վրա։ Հետո հասկացա, որ դա թիկնոց չէր, այլ մազերս էին։ Երբ փոշին սկսեց սևանալ, ես հասկացա նաև, որ դա ամենասովորական առաջին ձյունն էր, որն արդեն սկսել էր դադարել։
     Ծառուղին, որով քայլում էի, նույնպես սև էր։ Այստեղ-այնտեղ վառարաններ կային դրված, և դրանց շուրջը հավաքված էին սև սքեմներով մարդիկ։ Ոմանք տաքանում էին, ոմանք շտապում էին ինչ-որ տեղ։ Նրանց սքեմների վրա կեղտագույն խաչեր էին դաջված։ Իսկ սքեմների տակ էլի սքեմներ կային։ Նրանք այլայլված նայում էին ինձ։ Չհասկացա, թե ինչու։
     Ծառուղին, թվում էր, վերջ չունի։ Ճանապարհին նորանոր սքեմավորներ էին հանդիպում։ Նրանցից շատերի դեմքերը ծանոթ էին, բայց չէի կարողանում հիշել, թե որտեղից։ Բոլորը նայում էին ինձ ապակե աչքերում թաքցրած ատելությամբ։ Հենց ուզում էի բարևել, նրանք իրենց ապակե հայացքները հառում էին երկինք։
     Դիմացից եկող սքեմավորին իր սքեմը շատ էր սազում։ Դեմքը վերջապես հիշեցի։ Դասընկերս էր։ Մի ժամանակ նա հաճախում էր հոգեգալստականների հավաքներին և ինձ հայհոյում էր կտակարանով։ Չնայած այդ ամենին՝ ցանկություն ունեցա հետը զրուցելու և մոտեցա։ Նա չռված աչքերով նայեց ինձ ու, այն է՝ ուզում էի բարևել, գոռաց ապակե ձայնով.
     – Դարձի եկ, մեղավոր կին, ծածկիր վավաշոտ կրծքերդ և ապաշխարիր։ Մոտ է Հիսուսի գալուստը…

16.02.2019

ՄԱԶԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ



Իմ թանկագին ընթերցող՝ միգուցե միակ ու մինուճար, որ կարդում ես հիմա այս տողերը, ես ուզում եմ պատմել քեզ իմ մազերի մասին՝ իմ փարթամ, խիտ, ծանր, հաստ, չափազանց երկար, արտառոց ու զարմանահրաշ մազերի մասին։ Եթե դու երբևէ չես տեսել մազերս, կարող ես ասածս ինքնասիրահարվածություն համարել, բայց եթե տեսել ես, գիտես, որ իմ մազերն ավելի շատ աշխարհինն էին ու քոնը, քան իմը։ Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե դու պիտի անպայման հիացած լինեիր դրանցով։ Հնարավոր է՝ մազերս քեզ նույնիսկ տգեղ թվացած լինեն կամ քեզ համակած լինի մկրատն առնելու և դրանք կտրելու ցանկությունը։ Մի բանն է հաստատ՝ եթե դու տեսել ես իմ մազերը, դրանք քո հիշողությունից ջնջել չի լինի։
Իմ մազերն արտառոց էին ու արտակարգ, և այս պնդման մեջ չկա մեծամտության կամ ինքնազմայլման տարր։ Այդպիսին են եղել այն առասպելական հերոսների մազերը, որ առյուծի երախ էին ճղում, տաճարներ քանդում ու միայնակ դուրս գալիս զինված զորքի դեմ։ Այսպիսին են եղել երբևէ ապրած և բարձրումեծ խարույկների մեջ մոխրացած վհուկների վարսերը։ Այսպիսին պիտի որ եղած լինեն խորթ մայրերի ձեռամբ ձեղնահարկում կողպված գեղեցկուհիների վարսերը, որ նրանք կախում էին պատուհանից, որպեսզի սիրածները դրանցով վեր մագլցեն։
Գիտեմ, դու հիմա կասկածանքով կկոցում ես աչքերդ ու մտածում, թե ոնց նրբանկատորեն հարցնես ինձ՝ հո լրջորեն չե՞մ կարծում, թե մազերի մեջ իսկապես գերբնական ուժ կա, և այդ հին առասպելների ու հեքիաթների մեջ՝ գեղեցիկ փոխաբերություններից զատ ինչ-որ ճշմարտություն։ Ոչ, իհարկե, չեմ կարծում։ Որովհետև համոզված եմ։

ՄԱՐՏԻ 2


Մեր տունը լիքը ճամպրուկ ու պայուսակ է, շարժվելու տեղ չկա։ Մենք գնում ենք։ Չգիտեմ՝ ուր ենք գնում՝ երկրի խորքը, թե երկրից դուրս, բայց հաստատ գիտեմ՝ արտագաղթում ենք։ Ավելի ճիշտ՝ քոչում ենք։ Որովհետև պարտվել ենք ու հոգնել, հինգ տարվա մեր պայքարը արդյունք չտվեց։ Մենք էլի կմնայինք ու արդարացի կլիներ, եթե մնայինք-տանջվեինք էն երկրում, որը չկարողացանք երկիր դարձնել, բայց մենք հիմա երեխա ունենք, մեզ վրա պատասխանատվություն է դրված, մենք պարտավոր ենք նրա համար ապահովել բարեկեցիկ ու բախտավոր կյանք։ Կամ գոնե պարտավոր ենք հեռացնել նրան այնտեղից, որտեղ նրան վտանգ է սպառնում։ Դրա համար էլ գնում ենք։ Հնարավոր է գյուղ՝ ապացուցելու, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը, հնարավոր է՝ արտերկիր։ Դեռ պարզ չի։
Երեկոյան միտինգ կա։ Հանրահավաք։ Գայթակղությունը մեծ է։ Կարելի էր արտագաղթելուց առաջ մի վերջին անգամ միտինգի մասնակցել, բայց այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ես ու ամուսինս վճռել ենք, որ այլևս ոչ մի միտինգ։ Նախ՝ չի բացառվում, որ այդ միտինգին միայն ես ու ինքը լինենք, որովհետև մեր ընկերները վաղուց կամ արտագաղթել են, կամ ծախվել ու հիմա ծառայում են ռեժիմին։ Եվ երկրորդ՝ որ ի՞նչ։ Մեզ համար, իհարկե, հանրահավաքի մասնակցելը մեծագույն հաճույք է, բայց հանրահավաքը չի կարող ինքնանպատակ լինել։ Եվ բացի այդ, մեր երեխան հիվանդացել է, մենք պարտավոր ենք զբաղվել նրանով։ Մեզնից մեկնումեկը պիտի նստի նրա հետ, իսկ մյուսը իջնի դեղատուն՝ դեղ բերելու։ Ես ասում եմ՝ դու գնա, հետո մտքովս անցնում է, որ կարող է չդիմանա գայթակղությանը ու ձեռի հետ միտինգի գնա, երկու քայլ տեղ է, հենց շենքի հետևի այգում, ու ասում եմ՝ չէ, ես վազելով իջնեմ, գամ։ Ես դեմ չեմ, որ միտինգի գնա, եթե սիրտն ուզում է, թեկուզ ինձնից թաքուն, բայց երեխային դեղը շտապ է պետք, և ես խալաթը գցում եմ վրաս ու իջնում մեր շենքի տակ գտնվող դեղատունը։