Իմ թանկագին ընթերցող՝ միգուցե միակ ու
մինուճար, որ կարդում ես հիմա այս տողերը, ես ուզում եմ պատմել քեզ իմ մազերի մասին՝
իմ փարթամ, խիտ, ծանր, հաստ, չափազանց երկար, արտառոց ու զարմանահրաշ մազերի մասին։
Եթե դու երբևէ չես տեսել մազերս, կարող ես ասածս ինքնասիրահարվածություն համարել, բայց
եթե տեսել ես, գիտես, որ իմ մազերն ավելի շատ աշխարհինն էին ու քոնը, քան իմը։ Դա,
իհարկե, ամենևին չի նշանակում, թե դու պիտի անպայման հիացած լինեիր դրանցով։ Հնարավոր
է՝ մազերս քեզ նույնիսկ տգեղ թվացած լինեն կամ քեզ համակած լինի մկրատն առնելու և դրանք
կտրելու ցանկությունը։ Մի բանն է հաստատ՝ եթե դու տեսել ես իմ մազերը, դրանք քո հիշողությունից
ջնջել չի լինի։
Իմ մազերն արտառոց էին ու արտակարգ, և այս պնդման մեջ չկա մեծամտության
կամ ինքնազմայլման տարր։ Այդպիսին են եղել այն առասպելական հերոսների մազերը, որ առյուծի
երախ էին ճղում, տաճարներ քանդում ու միայնակ դուրս գալիս զինված զորքի դեմ։ Այսպիսին
են եղել երբևէ ապրած և բարձրումեծ խարույկների մեջ մոխրացած վհուկների վարսերը։ Այսպիսին
պիտի որ եղած լինեն խորթ մայրերի ձեռամբ ձեղնահարկում կողպված գեղեցկուհիների վարսերը,
որ նրանք կախում էին պատուհանից, որպեսզի սիրածները դրանցով վեր մագլցեն։
Գիտեմ, դու հիմա կասկածանքով կկոցում ես աչքերդ ու մտածում,
թե ոնց նրբանկատորեն հարցնես ինձ՝ հո լրջորեն չե՞մ կարծում, թե մազերի մեջ իսկապես
գերբնական ուժ կա, և այդ հին առասպելների ու հեքիաթների մեջ՝ գեղեցիկ փոխաբերություններից
զատ ինչ-որ ճշմարտություն։ Ոչ, իհարկե, չեմ կարծում։ Որովհետև համոզված եմ։