02.05.2014

ՀԱՅՐ ՄԵՐ


Մենք որբ էինք։ Մենք թրջված էինք, կծկված, քաղցած, բոկոտն։ Մենք կույր էինք, սարսափած ու պատռված...
Մենք սեղմում էինք միմյանց ձեռքերը քրտնած ափերով։ Քրտնած ափերով ծածկում էինք մեր կարմիր աչքերը։ Անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ։ Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընընում էին։ Մենք գալարվում էինք ու կարմիր աչքերով որոնում նրան։
Արի՛, անսփոփ գիշերում մեզ քույր եղի՛ր։ Արի՛, մայրություն արա մեզ։ Բացի՛ր մեզ քո մարմնի խոռոչները ու քո մեջ ա՛ռ մեր անհագ, անսպառ, հավիտենական կարոտը։
Արի՛, տե՛ս՝ ոնց են ձիերը մեզ սմբակների տակ գցել... Արի՛, տե՛ս՝ ոնց են դևերը կղկղել մեզ վրա։ Արի՛ տե՛ս՝ շունը քնած է... Շո՜ւնչ բեր...
Հիշի՛ր մեզ, արի՛ ու վե՛րջ տուր այս կիսատ աշխարհին։

30.04.2014

ՄԻ ՀՐԵՇԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև հայրս նրա բոստանից ծաղիկ էր պոկել։ Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ կարող է սիրեմ նրան, էլ չեմ ասում՝ թե կարող է նա կախարդած մարդ լինի։ Ու ես դեռ կարգին չսիրած, ողնաշարը կոր, գանգը մեծ, ուղեղը անծալ, տերևով փակեց ամոթատեղին ու թողեց-փախավ։
Երկրորդ անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև սիրտս ուզեց բարի բան անել։ Նա այնպես մերժված էր, մենակ ու անսեր, որ մտածեցի՝ ինչ կա որ, հրեշ սիրելու փորձ արդեն ունեմ։ Ի՜նչ իմանայի, որ... Սա էլ կախարդված ագռավ էր. հազիվ էինք անկողին մտել, մեկ էլ թևերը թափահարեց ու թռավ-գնաց։
Երրորդ անգամ հրեշի հետ պառկեցի հավանաբար նախորդ երկուսի կարոտից։ Ինչքան չլինի, իմ հրեշներն էին։ Թեպետ ոչ իմն էին, ոչ էլ գոնե հրեշ։ Այս մեկն էլ նրանցից հետ չմնաց. պարզվեց՝ կախարդված ճագար է։ Դեռ կրծկալս չհանած՝ թափահարեց ականջներն ու անհետացավ թփուտներում։

28.04.2014

ՍԵՐ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Սպանդանոցում կախված մարմինները
դանդաղ նվաղում են, երջանիկ բզզոցով
ճանճերը ձվադրելու տեղ են փնտրում,
խոստումնահայց, հուսառատ նայում եմ
մորուքի տակից փքված երակներին,
շոյում եմ ուղեղի ծալքերը, ճմռում,
կենդանակերպ արձանիկներ ծեփում՝
աչքերս փայլեցնելով ու ժպտալով զգլխիչ
կապտամորուս Աստծո պատկերով և
նմանությամբ ընտրած տղամարդկանց,
թեպետ վաղուց մութ սենյակում կողպած,
կախաղանի վրա փտող դիակ եմ,
գանգը՝ ցլերի ամորձիներով բտած։

2005

«Անտերուդուս» գրքից