(ԳՐՔԻ ՇԱՊԻԿԻ ՏԵՔՍՏԸ)
Նախաբաններն ու վերաջաբանները լինում են երկու տեսակի՝ նրանք, որ գրում են գրականագետները, հրատարակիչները, կազմողները, թարգմանիչները, այլ «հեղինակավոր» մարդիկ, ովքեր հանդես են գալիս հեղինակի կամ ստեղծագործության ընտրյալ մերձավորի բարձունքից, և նրանք, որ գրում են իրենք՝ հեղինակները։ Երկրորդը չափազանց հետաքրքիր է հոգեվերլուծության տեսանկյունից, քանի որ հեղինակն ինքն է հանդես գալիս իր ընտրյալ մերձավորի դիրքերից, արդեն ոչ թե իբրև հեղինակ, այլ իբրև հեղինակություն։ Նա փորձում է ընթերցողին հանձնել հենց այն դռան բանալին, որով կուզենար, որ մուտք գործեին իր աշխարհ։ Լրացնող, պարզաբանող, շտկող, մեկնաբանող այդ տեքստերի գլխավոր նպատակն է աղավաղել, կոծկել, թաքցնել ճշմարտության առկայծումները, որ թվում են կուրացուցիչ ու վախեցնում, քանի որ ստեղծագործությունը միշտ չէ, որ հասկանալի ու ենթակա է լինում հեղինակին։ Այդ պատճառով նախա(վերջա)բան գրելու ցանկությունը վկայում է ոչ այնքան ստեղծագործության միջոցով ասելիքն արտահայտելու անկարողության մասին, որքան այդպիսի առկայծումների առկայության։