(ԳՐՔԻ ՇԱՊԻԿԻ ՏԵՔՍՏԸ)
Նախաբաններն ու վերաջաբանները լինում են երկու տեսակի՝ նրանք, որ գրում են գրականագետները, հրատարակիչները, կազմողները, թարգմանիչները, այլ «հեղինակավոր» մարդիկ, ովքեր հանդես են գալիս հեղինակի կամ ստեղծագործության ընտրյալ մերձավորի բարձունքից, և նրանք, որ գրում են իրենք՝ հեղինակները։ Երկրորդը չափազանց հետաքրքիր է հոգեվերլուծության տեսանկյունից, քանի որ հեղինակն ինքն է հանդես գալիս իր ընտրյալ մերձավորի դիրքերից, արդեն ոչ թե իբրև հեղինակ, այլ իբրև հեղինակություն։ Նա փորձում է ընթերցողին հանձնել հենց այն դռան բանալին, որով կուզենար, որ մուտք գործեին իր աշխարհ։ Լրացնող, պարզաբանող, շտկող, մեկնաբանող այդ տեքստերի գլխավոր նպատակն է աղավաղել, կոծկել, թաքցնել ճշմարտության առկայծումները, որ թվում են կուրացուցիչ ու վախեցնում, քանի որ ստեղծագործությունը միշտ չէ, որ հասկանալի ու ենթակա է լինում հեղինակին։ Այդ պատճառով նախա(վերջա)բան գրելու ցանկությունը վկայում է ոչ այնքան ստեղծագործության միջոցով ասելիքն արտահայտելու անկարողության մասին, որքան այդպիսի առկայծումների առկայության։
Սա ասում եմ արդարացնելու համար նախաբան գրելու ցանկությունս՝ այն դեպքում, երբ ինքս սովորություն չունեմ կարդալու այլոց նմանատիպ գրությունները։ Դրանք ինձ միշտ ավելորդ ու խանգարող են թվացել, հատկապես պոեզիայի ժողովածուներում, որտեղ անգամ տեսողականորեն խաթարում են տեքստային ամբողջականությունն ու տեքստուրայի հոմոգենությունը և մի տեսակ հովանավորչական դիրք են գրավում բանաստեղծությունների հանդեպ, ինչպես մանկապարտեզի դայակը կամ սնափառ ծնողը, որ ճգնում է բացատրել ու իմաստավորել իր «հրաշամանկան» ապրիորի անիմաստ արարքները՝ ծնված օրից զսպելով նրա մարմնի ու հոգու շարժումները։ Պատահել է անգամ, որ ճղել եմ այդ էջերն իմ սիրած գրքերից, իսկ հիմա մտածում եմ, որ նախաբանը երևի չբավականացնի ու վասն սիմետրիայի մի հատ էլ վերջաբան գրեմ՝ ընթերցողին հասցնելու համար զարմանահրաշ պատմությունը, թե ինչպես գրեցի բանաստեղծություն։ Հասկանում եմ, որ դնում եմ ինձ խոցելի վիճակի մեջ և նմանվում տարիքն առած, հնաոճ ու ինքնասիրահարված պոետներին, որ քայլում են գլուխները բարձր պահած, ալեխառն մազերը քամուց ծածանելով և ծերունական մոռացկոտությամբ հազարերորդ անգամ վերապատմում իրենց անմոռանալի ռանդեվուները մուսայի հետ՝ պատանեկան պարծենկոտությամբ ու չափազանցումներով։ Բայց չափազանց անպաշտպան են թվում թևավոր ու ոտավոր, անլեզու արարածները, որ ընթերցողներին են նայում վախեցած աչքերով։ Դերը, որ ուզում եմ այս տեքստը կատարի, նկարի համար կատարում է շրջանակը, իսկ գրքի համար՝ կազմը։ Կաշվե, որ նշանակում է մաշկ, կամ մետաղյա, որ նշանակում է վահան։ Այսինքն՝ պաշտպանիչ, բայց ոչ այնքան կիրառական, որքան մոգական իմաստով։ Այս իմաստով է պետք ընկալել նաև հղումներն ու եզրերը։ Շապիկին տեղադրելով այս տեքստը, որը դուք հիմա կարդում եք, նպատակ չեմ ունեցել զսպաշապիկ հագցնել բանաստեղծություններիս, կանոնակարգել անկանոնակարգելին, կառավարել տարերքը, սահմանափակման մեջ դնել այն, ինչի գոյության իմաստը իր սահմանից դուրս հորդելն է։ Ավելին՝ սա գրքի փորոտիքն է, որ դուրս է թափվել ու դարձել մաշկ։ Այս գաղափարն, իհարկե, ունի իր բացասական կողմը՝ այն, որ չեմ կարող շապիկին տեղադրել անտերուդուսային գեղագիտությամբ արված որևէ լուսանկար, որ կարտահայտեր գրքում գերիշխող տրամադրությունը, ինչպես նաև՝ ինձ այդքան հարազատացած իմ դեմքի պատկերը, որին ընթերցողը պիտի ժամանակ առ ժամանակ խանդաղատանքով նայեր և տխուր հայացքիս խորխորատներում փնտրեր տողերիս հեղինակին։ Գիրքս, իհարկե, չի ունենա պատշաճ ապրանքային տեսք և սպառողական հաջողություն։ Բայց լավ բան էլ կա այս ամենում՝ սա մի թիթիզ մարտահրավեր է պատկերին, որ դարձել է տիրապետող և սեփական տիրույթից դուրս մղել գիրը։ Սա առաջարկ է, որ գիրը կարող է փոխարինել պատկերին։ Նաև անհեթեթ մի հույս է, որ ի վերջո գիրն է։ Եթե, իհարկե, ի սկզբանե բանն է եղել։ Իսկ այն, որ ի սկզբանե եղած բանը եղել է պոեզիան, գիտենք դասագրքերից։ Հայտնի է, որ դասականները սկսել են պոեզիա գրելով, այնուհետև առավել հասունանալով՝ անցել են արձակի։ Այսպիսով, պոեզիան ընկալվել և շարունակում է ընկալվել որպես մեկնարկային փուլ գրողական կարիերայում, որը պսակվում է վիպասանությամբ։ Իրականում սա կարծրատիպ է։ Դասականները պոեզիայով են սկսել իրենց քարքարոտ ուղին, որովհետև այդ ժամանակ պոեզիան համարվել է առավել պատվաբեր, քան արձակը։ Այսօր սկսնակները վեպով են գրականամուտ նշում, որովհետև սկսնակը միշտ չգիտակցված մղումով, բնազդաբար և ճշգրիտ գտնում է հեղինակությամբ ու պրեստիժով պաշտպանված ժանրերն ու ձևերը։ Սա ասում եմ, որպեսզի պատկերանալի դառնա նվաստիս մեծությունը. ես պոեզիա սկսեցի գրել այն ժամանակ, երբ պոեզիայի մահվան մասին շշուկները փոխվեցին հրապարակային քննարկումների, և պոետները դարձան արձակագիր։ Եվ արեցի դա այն տարիքում, երբ իրեն հարգող գրողը պետք է անցնի արձակի։ Այդպիսով անձնական օրինակով հերքեցի պոեզիայի՝ մեկնարկային փուլ լինելու վարկածը և վերջնականապես խճճեցի առանց այն էլ ոչ միասնական կարծիքն իմ մասին մինչ այդ էլ պոետները ինձ համարում էին արձակագիր, արձակագիրները՝ պոետ, և նրանց կարծիքը կարող էր միայն օգնել՝ պարզելու, թե ինչ են համարում իրենք իրենց։ Նման տարաձայնության տեղիք տալիս էր իմ առաջին՝ «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների և ժանրի սահմանները հաղթահարած, տեղ-տեղ փորձարարական գրությունների ժողովածու է։ Այն կարող էր կասկածի տակ առնել նաև գրող լինելս, քանի որ որոշ գործեր դուրս են ոչ միայն որևէ ժանրի, այլև գրականության սահմանից և մոտ են կերպարվեստին։ Երբ լույս տեսավ «Ծիկ»-ը, պոեզիան իներցիայի ուժով դեռ պահպանում էր իր հեղինակությունը։ Կային լավ գրողներ, որ դեռ պոետ էին իրենց համարում։ Պոեզիայով մտնել գրականություն դեռևս նշանակում էր մտնել շքամուտքից։ Մինչդեռ արձակ բանաստեղծությունը անլուրջ ժանր է. այն ոչ միայն արձակ, այլև անգամ պոեզիա չի, և ինչպես միջին սեռը հասարակություններում, որտեղ հարգանք են վայելում առնական տղամարդիկ ու կանացի կանայք, իմ այդ տեքստերը անհանգստություն էին պատճառում։ Անհանգստության իրական պատճառը բառերն ու թեմաները չէին, ինչպես թվում էր անհանգստացածներին, այլ ձևը, որ անձև էր։ Վերջաբանում ասում եմ. «Երբ ինչ-որ բանի մասին ուզում են ասել, որ այն չի հաջողվել, ասում են՝ բանի նման չէ։ ...Եվ եթե իմ գրվածքների ժանրային պատկանելությունը դժվար է որոշել, ու դրանք բանի նման չեն, ուրեմն ինձ հաջողվել է»։ Իրականում արձակ բանաստեղծության պես անհավակնոտ ժանրով սկսելով՝ ես ունեի շատ ավելի մեծ հավակնություն, քան նրանք, որ հայտ են ներկայացնում վեպով։ Ես սկսնակ էի, բայց պահում էի ինձ կայացած գրողի նման, որը չի վախենում սկսնակ երևալ։ Ծայրամասում էի, և պահում էի ինձ կենտրոնաբնակի պես, որ երազում է քաղաքից դուրս գալ։ Իսկ անժանր գրվածքները մեծամտության վերջն էին. ես ուզում էի ասել, որ իմ խոսքը կարող է ծանրակշիռ լինել առանց կաղապարի ծանրության, քանի որ հայտնի է, որ յուրաքանչյուր մշակված ձև ունի նաև իր բովանդակությունը, անկախ նրանից, թե ինչ բովանդակություն կդրվի դրա մեջ և կդրվի՞ որևէ բովանդակություն առհասարակ, թե՞ ոչ։ Ձևի և բովանդակության հարցերին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ դասագրքերում ու հանրագիտարաններում, մինչդեռ որևէ տեղ, գոնե առայժմ, հնարավոր չէ գտնել պատմությունը, թե ինչպես օգոստոսյան մի շոգ օր այս գրքի հեղինակը սկսեց պոեզիա գրել։ Մինչ այդ էլ էի մի քանի բանաստեղծություն գրել, բայց այդ օրն էր պատմականը։ Քայլում էի Մաշտոցի պողոտայով, և ինձնից մի քանի քայլ առաջ քայլում էր իմ ծանոթը, ում ասելիք ունեի։ Ես հանգիստ կարող էի հասնել նրան և կարող էի ձայն տալ, բայց ծուլությունը, ինչպես ասում են, պարուրեց հոգիս, և չարեցի ոչ մեկը, ոչ մյուսը։ Ինձ դուր էր գալիս քայլել նրա հետևից ու գաղտնի հետևել նրա տրամադրությանը։ Ինձ դուր էր գալիս, որ նա ինձ չի տեսնում։ Ինձ դուր էր գալիս, որ շարունակեցի քայլել, երբ նա թեքվեց ու անհետացավ տեսադաշտից։ Չօգտագործել ընձեռված հնարավորությունը, բաց թողնել, բաց թողնվել, սպրդել, պլստալ... Սա է պոեզիան։ Պոեզիան կորցնող մարդու շահույթն է։ Ես ուրախ եմ, որ պոեզիան այլևս գրողական պրեստիժ չի ապահովում։ Որ մատնված է ինքն իրեն։ Որ այն կարող են մոռանալ սրճարանում, կորցնել և շպրտել։ Ես քայլում եմ փողոցով ու գտնում ուրիշների շպրտածն ու կորցրածը։ Իմը բոմժի ավար է՝ տարատեսակ և որևէ սկզբունքով չմիավորվող։ Բանաստեղծական շարքերն առհասարակ աշխարհը ի մի բերելու, աշխարհի ամբողջական պատկերը տալու փորձ են, որ վկայում են բանաստեղծի տիեզերակարգված մտածողության մասին։ Ժամանակակից մարդու մտածողությունը քաոսային է ու ֆրանգմենտար։ Շարք բառի խաղարկմամբ բանաստեղծություններիս միավորումը կամ, ավելի ճիշտ, բաժանումը պայմանական շարքերի անչար պարոդիա է հին-բարի բանաստեղծության վրա, որ վկայում է միավորման անհնարինության և աշխարհի, կեցության ու գիտակցության անուղղելի տրոհվածության մասին։ Որոշ պոետներ, որ դեռ չեն անցել արձակի, ժամանակի ոգուն համապատասխան գերադասում են բանաստեղծություն բառը։ Այն առավել հանգիստ է և հարմար նաև արձակը բնորոշելու համար։ Պոեզիայի հոգին պոեզիա բառի մեջ է, և ես սիրում եմ այդ բառը, որովհետև այն հիշեցնում է հայերեն պոզ բառը։ Պոեզիան պոզ է՝ Անպատվության և գերագույն պատվի նշան։ Հայտնի է, որ պոզը նաև թագ է։ Բայց ամեն թագ ծպտված պոզ չէ, այլ միայն այն թագը, որ դրված է վախեցած, հուսահատ, հարձակվելու և մեռնելու պատրաստ, անլեզու անասունի գլխին։ Պոեզիան այդ անասունի աղոթքն է, Աստծո հետ հաղորդակցվելու ծեսը, հայտնությունը։ Ի տարբերություն արձակի պոլիֆոնիայի՝ պոեզիան սոլո է, ամբոխի գվվոցի միջից լսվող անհատի ձայնը՝ ձայն բարբառո հանապատի։ Այս նշանակությունը ամրապնդվեց գլխավորապես ռոմանտիզմի դարաշրջանում։ Նախկինում պոեզիա է կոչվել բառի արվեստը՝ գեղարվեստական գրականությունն առհասարակ, մինչդեռ պրոզա են կոչվել ոչ գեղարվեստական բառաձևերը, այսինքն՝ բառի արհեստը։ Պոեզիան եղել է կլոր, կատարյալ ու ավարտուն, եղել է բանավոր ու անգիր՝ ի տարբերություն արձակի գրավորության, որի օրինականցումը սկսվում է արվեստի տեխնիկական վերարտադրելիության դարաշրջանում, երբ ստեղծագործությունը սկսում է կորցնել իր եզակիությունն ու սակրալ ֆունկցիան և ձեռք է բերում քաղաքական նշանակություն։ Ու թեպետ ավելի ուշ լիրիկան կամ քնարիկան դադարեցին նույնացնել պոեզիայի հետ, և պոեզիա-արձակ տարանջատումը դարձավ ձևական և ոչ բովանդակային, ամենակենսունակը եղավ այն նշանակությունը, որ ձևավորեցին ռոմանտիկները։ Նրանց ջանքերով պոեզիան անքակտելիորեն կապվեց քնարականության, զգացմունքայնության, սիրո և տառապանքի հետ։ Այդ պատճառով էլ կապիտալի պրագմատիկ, ռացիոնալ, խնայողական աշխարհում պոեզիան ավելորդ ճոխություն է թվում։ Սա է, որ տեղիք է տալիս «ճգնաժա՞մ, թե՞ բեկում» հարցադրմանը։ Սակայն արվեստի պատմության մեջ ճգնաժամը նշանակել է բեկում։ Անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանում գրականության որ տեսակը կամ որ ժանրն է դոմինանտել, արձակ գրելու համար միշտ էլ պահանջվում է սթափության որոշակի աստիճան, իսկ պոեզիա գրելու համար՝ հարբածության, արբեցման, էյֆորիայի վիճակ։ Այլ կերպ ասած՝ սիրահարություն։ Այս առումով պոեզիայի ճգնաժամը համեմատելի է պոետի ստեղծագործական ճգնաժամի հետ, որ նույնպես բեկում է վերջինիս ստեղծագործությունը՝ սովորաբար նշանավորելով նրա անցումը արձակի՝ «50ից հետո պոեզիա գրելն ամոթ է» մեկնաբանությամբ։ Ամոթը, սակայն, ավելի շատ վերաբերում է սիրահարվելուն, ինչը, հատկապես «50-ից հետո», հակասում է բուրժուական, պատրիարքալ ընտանիքի շահերին և էկոնոմիայի սկզբունքին, քանի որ ենթադրում է էմոցիոնալ, ֆիզիակական ու ֆինանսական ռեսուրսների գերածախս և սպառնալիք է ստեղծում ժառանգների համար նոր ժառանգի (կին, երեխա) հավանականությամբ։ Սիրահարվելն այսպիսով «թուլություն է, որի անունը կին է», հետևաբար իրեն պոեզիա կարող է թույլ տալ միայն կինը, մինչդեռ իսկական՝ «ընտանիք պահող» տղամարդը պարտավոր է ստեղծել արձակ՝ հաստատելով ու վերահաստատելով բյուրգերական օջախի սրբությունը, սեփականության ժառանգման առաջնահերթությունը, աստծո, թագավորի, փողի, ճակատագրի իշխանությունը մարդու վրա և դրան չենթարկվելու անհնարինությունը (մարդը մահկանացու է)։ Սրանից կարելի է ենթադրել, որ ճակատագիրը արձակ տեքստ է։ Պոեզիան նման է բրազիլական սերիալների հերոսուհիներին, որ մարտահրավեր են նետում ճակատագրին ու հասարակությանը։ Այն հակատեքստ է, ապահյուսվածք. իր ընդգծված պայմանականությամբ, անբնականությամբ, արհեստականությամբ, պարզության-հստակության բացակայությամբ, չասվածի կարևորմամբ ասվածի հանդեպ, ալոգիզմով, իռացիոնալությամբ պոեզիան ոչ այնքան խոսքի կազմակերպման ձև է, որքան լեզվի առնական միջավայրը կազմալուծող virus։ Նրա թիրախը լեզուն է՝ բանը, որ ի սկզբանե էր՝ logos-ը՝ տղամարդկային իշխանության նշանը։ Դա երևում է անգամ էթիմոլոգիայից. prosa-ն առաջացել է լատիներեն proversa բառից, որ նշանակում է՝ առաջ ուղղված, իսկ versus (բանաստեղծություն)՝ հետ շրջված։ Պոեզիան խախտում է տիեզերական կանոնակարգը, տակնուվրա անում, շրջում գլխիվայր, ստիպում, որ ժամանակը ընթանա ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ։ Այդ պատճառով էլ այն նորարարության և փորձարարության ավելի շատ հնարավորություն է տալիս, քան արձակը։ Միգուցե պոեզիայի հանդեպ հետաքրքրության նվազման պատճառներից մեկն էլ գրականության գերհագեցումն է էքսպերիմենտներով և հոգնությունը հեղափոխականությունից։ Սակայն հիմնական պատճառը ռոմանտիկական աշխարհընկալման նահանջն է, նյութի գերակայությունը, զգացմունքների կենսաբանականության անժխտելիությունը, գաղտնիքի կորուստը, ցանկության և երազանքի, մենակության և ինտիմության կորուստը։ Անհատական հոռետեսությունը խեղդվում է զանգվածային մշակույթի կատաղի լավատեսության մեջ, ճիչը՝ խլանում MTV-ների աղմուկում, գիտատեխնիկական առաջընթացը հնարավոր է դարձնում ամենաֆանտաստիկ երազանքների (անգամ անմահության) իրականացումը։ Մարդկությունը գլորվում է ապատիայի գիրկը, նա սպառել է իր լիբիդոն, կորցրել ինքնամոռաց սիրահարվելու ունակությունը։ Մինչդեռ պոեզիա գրում ու կարդում է սիրահարված մարդը՝ անկախ սեռից ու տարիքից։ Սիրահարված մարդուն փաստորեն այլ բան չի էլ մնում…
Բայց ի՜նչ դժվար է, օ՜, սիրահարվելը։
© Արփի Ոսկանյան, «ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ», 2010
Комментариев нет:
Отправить комментарий
ասա, մեջդ մի պահիր