29.10.2011

ԲՈՅ ԲՈՒՍԱԹՈՎ «Անտեսված գրողներ, "հալածված" գրողներ»

Հալածված հանճարների փառքի ուրվականը հետապնդում է հայ գրողներին: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ ընդունված տեսակետը, թե մեր բոլոր մեծ գրողները հալածվել ու հետապնդվել են, չքավորության մեջ են ապրել, բայց նրանց շարքերը լրացնելու հավակնություն ունեցող մեր ողջ ու անառողջ գրողների ցանկն օրեցոր մեծանում է: Չքավորության մասով մեր գրողները չեն ուզում նմանվել հալածված հանճարներին, բայց հերիք է մի հոդված, մի հարցազրույց տպվի նրանց մասին, որտեղ նրանք "ընդիմադիր են" երեւացել, մեկին "քննադատել" են, հերիք է մի պատմվածք կամ ոտանավոր գրեն, որտեղ մի "ազդեցիկ մարդու" վատ են ներկայացրել, հերիք է մի ընթերցողի նյարդայնացնի նրանց գրածը, եւ նա հայհոյանքներով անանուն նամակ ուղարկի` վերջ, սկսում են իրենք իրենց շուրջ մեծ ու փոքր սկանդալներ սարքել, իրենք իրենց փչել, փչել այնքան, մինչեւ պայթեն: 

«ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»

Մարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։