«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ու շատ սիրելի ընթերցող, սերիալի հեռարձակումը վերսկսվում է։ Բայց նախքան այդ ուզում եմ ներողություն խնդրել այն անժամանակ ընդհատելու համար, ինչն այն ժամանակ ես բացատրեցի մեկ այլ ճամփորդությունից վերադարձած լինելու հանգամանքով և նոր տպավորությունների առատությամբ։ Գիտեք, որ մի քանի անգամ փորձեցի վերսկսել հեռարձակումը, բայց չկարողացա… Պատճառն իրականում անակնկալ կերպով ինձ պաշարած հղիությունն էր, որը նույնպես մի յուրահատուկ ճամփորդություն է՝ իր տևողությամբ և մատուցած անակնկալներով համեմատելի թերևս միայն շուրջերկրյա ճանապարհորդության հետ։ Հաճախ հղիությունն ու ծննդաբերությունը հանդես են գալիս որպես ստեղծագործական պրոցեսի փոխաբերություն, թե իբր հեղինակը երկար ժամանակ իր մեջ կրում ու հասունացնում է ստեղծագործությունը, հետո երկունքի ցավերին համարժեք տառապանքով լույս աշխարհ բերում այն։ Կարող է նաև պատրանք ստեղծվել, թե հղիությունը չի խանգարում ստեղծագործելուն, քանի որ դրանք նմանատիպ և նմանաբնույթ վիճակներ են։