06.02.2015

Այն ո՞վ է, այն ո՞վ…



Նա շատ բարդ երեխա էր մի՝
Մեծերին միշտ հակաճառող,
Ոնց վարվել հետը՝ չգիտեին
Դաստիարակ, դասատու, ծնող։
Լոկ մի քանի տառ էր սերտել,
Դեռ հինգ տարեկան էլ չկար,
Երբ սկսեց եռանդով քերթել՝ 
Հանգերով անհեթեթ ու հիմար։

04.02.2015

Սիրում եմ ոչ մի բանից մի բան ստանալ

Համլետ Վարդանյանի հետ ծանոթացա ՆՓԱԿ-ի «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի ժամանակ։ Չնայած մրցութային ծրագրում ներառված նրա ֆիլմը մրցանակի չարժանացավ, Համլետը, ինչպես ասում են, փառատոնի ֆավորիտն էր։ «Բձեքը», «Բուգի-վուգի», «Ցերեկային լուսնոտը», «Անդալուզյան ցուլը»՝ Համլետի այս ֆիլմերի «հետահայաց ցուցադրությունը» փառատոնի գլխավոր զարդն էր, որ բոլորիս լիահույս էր դարձնում, թե հայ կինոն կարող է ապագա ունենալ։ Մինչ բոլոր անկյուններից հնչում էր նրա անունը, Համլետը գիրքը ձեռքին շրջում էր ՆՓԱԿ-ի միջանցքներով՝ աչքը չկտրելով էջից։ Մեր օրերում արդեն իսկ բացառիկ բան է ընթերցող մարդ տեսնելը, բայց պակաս բացառիկ չէ ստեղծագործողը, որին չի հետաքրքրում հաջողությունը։ Երեւում էր, որ Համլետի համար իր ֆիլմերի հաջողությունն անակնկալ է։ Իր խոսքով, ինքը դրանք նկարելիս չի էլ մտածել, թե ֆիլմ է նկարում։
«Մի օր տանը նստած էի՝ գյուղում, ընկերներս եկան, թե եկեք մի բան նկարենք, մեզ համար, կոմպյուտեր ունենք, մոնտաժ կանենք, կխնդանք։ Եկան ոչ թե նրա համար, որ գիտեին ես ուզում եմ ֆիլմ նկարել, այլ որովհետեւ իրենք էլ էին ուզում, ես էլ։ Ոչ մի հավակնություն չկար»։ Հետագայում պրոֆեսիոնալներից է Համլետն իմացել, որ ֆիլմ է նկարել կինոյի կանոններով, որ իր արածը մոտ է «նոր ալիքի» կոնցեպցիային։

03.02.2015

ՆՈՐԱՐԱՐ- ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՑՈւՑԱՍՐԱՀ


Նա վիդեոինստալյացիա էր դիտում,
իսկ մյուսները դիտում էին ինձ.
ես ցուցադրում էի իմ քայլվածքը։
Հայրս ասում է, որ քայլելը արվեստ է՝
ավելի, քան խոսքի ու մնացած արվեստները,
քանզի չկա մի բան, որի մասին
քայլվածքը կարողանա լռել։
Իմ քայլվածքն ասում էր.

01.02.2015

ԳՌԵՀԻԿ Ու ԳԵՂԵՑԻԿ

Անխոստում ու թեթև սկսվեց,
գռեհիկ ու գեղեցիկ,
արաղով ու ախպերական գրկախառնումով,
հարազատությամբ,
ընդհանուր նախնիների փնտրտուքով,
հետաքրքրությունների ընդհանրությամբ,
հումորի զգացման
ու լեզվազգացողության
ցուցադրությամբ,
աշխարհընկալման նմանությամբ,
փորձի թեթևակի փոխանակմամբ՝
գռեհիկ ու գեղեցիկ,
անխոստում ու թեթև սկսվեց,
մոգական համակրանքով,
համակրական մոգությամբ,
մարմնի ու հոգու ջերմությամբ,
թեթև մրսածությամբ, փռշտոցով,
ոչինչ չպարտադրող հոգատարությամբ,
թեյով ու կիտրոնով, մոռի մուրաբայով,
տենդով,
գնալու ու մնալու անկարողությամբ։
Սա հենց այն պատմությունն է,
որ ունի ավարտ՝
ողբերգական, որպես կանոն,
և միայն երբեմն,
բախտի բերմամբ,
տխուր։

2004

«Անտերուդուս» գրքից