1976-ին իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին այցելել է Հայաստան, եւ հյուրընկալության ծրագրի շրջանակներում նրան տարել են նաեւ այդ օրերին Երեւանում բացված Վիլեն Գաբազյանի անհատական ցուցահանդեսին։ Անտոնիոնին շատ է հավանել նկարչի աշխատանքները, ինչի ապացույցը տպավորությունների գրքում թողած նրա գրությունն է. «Վիլենը հոյակապ նկարիչ է։ Հավատացեք, սա ասում է Անտոնիոնին, ով գիտի, թե ինչ է գեղանկարչությունը»։ Հարցազրույցներից մեկում Վիլենն այսպես է պատմում այդ հանդիպման մասին. «Մենք շփվում էինք թարգմանչի միջոցով, շուրջբոլորը անվտանգության աշխատակիցներն էին, բայց մենք իրար հասկանում էինք կես խոսքից»։ Նկարիչն իր հերթին նկար է նվիրել Անտոնիոնիին, եւ նրանց միջեւ այնպիսի բարեկամություն է հաստատվել, որ Հայաստանից մեկնելուց հետո էլ Անտոնիոնին նամակներ է գրել Գաբազյանին։