Показаны сообщения с ярлыком հարցազրույց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հարցազրույց. Показать все сообщения

09.12.2024

«Որովհետև քո անձը փրկելը երբեմն աշխարհը փրկելն է»

 

«Երջանկությունը հնարավոր չէ շահել, վայելել, ժառանգել։ Բացառվում է այն բռնագրավելը, ինչպես և նվեր ստանալը գեղեցիկ աչքերի համար։ Առավել ևս ավելորդ է խոսել երջանկությունն արդար քրտինքով վաստակելու մասին. այն չի վաճառվում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խաղարկվում է, այլև  այն, որ պարզապես չկա։ Անազնիվ, կոմերցիոն նպատակներով մոգոնած, մարդու կողմից մարդու շահագործումն արդարացնող, բուրժուական հնարանք է երջանկությունը, որը չարժե, չարժե ունենալ»։

Սա հատված էր իմ «Չի վաճառվում» պատմվածքից, որն ի դեպ 2005-ին տպվել է «Հայկական ժամանակում» «Երջանկության սեմիոտիկա» վերնագրով։ Պատմվածքում փորձել եմ վերլուծել երջանկության նշանները, որոնք կրելով հնարավոր է լինել երջանիկ։ Իմ կյանքի ինչ-որ մի փուլում ես հասկացա, որ երջանկությունը մարդկանց կառավարելու, նրանց որոշակի վարքականոններ թելադրելու ու ապրելակերպ պարտադրելու միջոց է։  Հաճախ միջոց է ստիպելու սպառել որոշակի ապրանքներ։ Եթե դու գնում ես այս բրենդի զգեստ, առնում ես այս ֆիրմայի կահույք, դու երջանիկ ես։  Կամ՝  ունես ամուր ընտանիք, լավ վարձատրվող աշխատանք, հանրային դիրք, ուրեմն պատճառ չունես երջանիկ չլինելու։ Եթե դու կին ես, ապա երջանիկ լինելու համար պիտի ամուսնանաս ու երեխաներ ունենաս: Իսկ եթե կինը ընդունված նորմերից դուրս երջանկության մի այլ ձև է հայտնաբերում, նա այլևս երջանիկ լինելու շանս չունի, որովհետև մեզ միշտ պետք է ուրիշը՝ մեր երջանկությունը վավերացնելու համար։

Գրող Արփի Ոսկանյան

Անձնական երջանկություն.

Բոլորս էլ գիտենք, որ երջանկությունն ակնթարթներ են, որոնց ընթացքում մեր ինքնազգացողությունը փոխվում է, մենք մեզ սկսում ենք լավ զգալ։ Իմ կարծիքով՝ այս զգացումը ուղղակիորեն կապված է մեր ֆիզիկական վիճակի և մարմնում տեղի ունեցող բիոքիմիական պրոցեսների հետ: Մեզ կարող են ստիպել երջանիկ լինել, ասենք, հակադեպրեսանտները, որ փոխում են մեր արյան բաղադրությունը, կամ՝ ալկոհոլը, գիտակցությունը փոխող տարբեր միջոցներ, ֆիզիկական ակտիվությունը, շնչառական վարժությունները, սեքսը, որոնք բոլորն էլ տարբեր բիոքիմիական պրոցեսներ են հարուցում մեր ներսւմ։ Չարժե թերագնահատել մեր մարմինն այս հարցում։ Ի վերջո, շատ դժվար է երջանիկ լինել, երբ ինչ-որ տեղդ ցավում է։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է արդյոք։  Եվ նման դեպքերում հաճախ շատ անսպասելի է լինում երջանկության ապրումը։ Օրինակ, հղի ժամանակ քայլում էի Բաղրամյան փողոցով և հանկարծ շատ ուժեղ երջանկության զգացում ունեցա։ Ասել, որ ես երջանիկ էի հղի լինելու փաստով, որ իմ երջանկության աղբյուրը բարոյահոգեբանական էր, ճիշտ չի լինի։ Հղիությանը ես անպատրաստ էի, մարմինս ծանրացել էր, սրտխառնուք ունեի։ Ու հանկարծ ոտքերս պոկվեցին ասֆալտից, մարմինս կորցրեց կշիռը, և ես բառացիորեն սկսեցի ճախրել։ Շատ թարմ եմ հիշում այդ օրվա արևը, ծառերի սաղարթների գույնը, քամին, ամեն ինչ։ Այսպիսի պահեր իմ կյանքում շատ-շատ են։ Այս պահին հիշում եմ շատ տարիներ առաջ Մոսկվայում պատահածը՝ շատ երկար քայլելուց ու հոգնելուց հետո, միտքը, որ ես քայլում եմ մեծ ու օտար քաղաքում, որ ծանոթ մարդու հանդիպելու հավանականությունը չնչին է, որ ես ազատ եմ, ինձ ուղղակի պոկեց գետնից։ Նման զգացում ունենում եմ Ուիթմեն կարդալիս։ Ինձ երջանկության զգացում պարգևող ամենակարևոր դոպինգը ազատությունն է ու ազատության նվաճումը։ Այդպես մի նոր տարվա շեմին փախա իմ հայրական տնից, միաժամանակ փախա իմ սիրած մարդուց, բազմաթիվ անհեթեթ խնդիրներից, որ իմ առջև դրել էր հասարակությունը, թաքնվեցի մի ցուրտ, չջեռուցվող տանը, որտեղ չկար ոչ կահույք, ոչ հեռուստացույց, ոչ էլ անգամ վարագույր, ու նոր տարին դիմավորեցի հատակին նստած, մեն-մենակ, վերմակով փաթաթված, իմ գործերը մեքենագրելով։ Երբեք չեմ մոռանա դրսի լույսերի ցոլքերը առաստաղին և այն  սուր երջանկության զգացումը, որ պարուրել ու ջերմացնում էր ինձ վերմակի պես։

Ընդհանրապես սխալ է կարծելը, թե երջանկության համար պիտի հաշտ լինես ինքդ քեզ ու շրջապատի հետ։ Նույն այդ՝ «Չի վաճառվում» պատմվածքում այսպիսի տող ունեմ՝ կա՞ երջանկություն երջանկության մեջ։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնց երջանկությունը իրենց աղքատությունն է, դժբախտությունների շարանը, ներքին ու արտաքին կոնֆլիկտները։ Իմ երջանկությունը նույնպես սնվում է իմ ներքին կոնֆլիկտներից։ Առանց դրանց ես ինձ նույնիսկ ողջ չեմ զգում, ուր մնաց՝ երջանիկ։

Մասնագիտական երջանկություն.

Չեմ ուզում ծեծված բաներ ասել, բայց երջանկության մասին մտքերը հիմնականում այնքան ծեծված են։ Այո, ես ինձ երջանկ եմ զգում, երբ գիրք եմ տպում։ Ուսերիցս մի մեծ բեռ է ընկնում ու կարողանում եմ առաջ շարժվել։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ լավ բան եմ գրում։ Երջանիկ եմ զգում հենց գրելու ընթացքում։ Պատմվածք ունեմ, որ մի ամսում եմ գրել։ Եվ մի ամիս իմ ուղեղը զբաղված է եղել այդ երեք էջանոց պատմվածքով։ Ասենք, փողոցով քայլելիս մեկ էլ հանկարծ մի դետալ էլ եմ գտել մտքումս, երջանկացած վազել եմ տուն, ավելացրել եմ։ Ես երջանիկ եմ, երբ լավ գիրք եմ կարդում, երբ լավ ֆիլմ եմ դիտում, երբ թարգմանում եմ ու մարզում միաժամանակ և իմ միտքը, և հայոց լեզուն։ Այս օրերին ես երջանիկ եմ, որովհետեւ վերակենդանացրել եմ «Գրողուցավ» կայքը։ Մի կայք, որը ինը տարի առաջ մեր գրականության մեջ նոր վտակ բացեց, որը հող նախապատրաստեց հեղափոխության համար։ Մի ամսից ավելի է՝ ես բառացիորեն ապրում եմ կայքում ստեղծվող կենդանի տեքստով` «Կորոնաֆուտբոլ» վերնագրված թիմային վեպով, որն ամեն օր ծիծաղ, ազարտ, միասնականության զգացում է պարգևում գրողներին ու ընթերցողներին՝ հընթացս վավերագրելով մեր այս  դժվար օրերը։ Առավոտից մինչ ուշ երեկո իմ միտքը զբաղված է կայքի ծրագրերով, և մտքիս մեջ Վոլտերի խոսքն է, որ մեծ երջանկությունը միայն մեծ աշխատանքի մեջ է։ Տալ մարդուն գործելու հնարավորություն՝ նշանակում է տալ մարդուն ոչ միայն կյանք՝ տարրական ապրուստի տեսքով, այլև կյանքի իմաստ։ Ես շատ կուզենայի, որ մեր հասարակությունն իր յուրաքանչյուր անդամին տար այդ հնարավորությունը։

Հանրային երջանկություն.

Եթե ճիշտ եմ հասկանում, դա այն է, ինչ մեզնից շատերն ապրեցին հեղափոխության օրերին, երբ իրականություն դարձրինք երազանքը, որ ձևակերպել էինք իբրև հանրություն։ Ես հանրային մարդ չեմ, ինքնամփոփ եմ, մենակյաց, ինձ համար դժվար է այցելել մարդաշատ տեղեր, հանրահավաքների և այլն, հանրային երջանկությունից երբեք չեմ սնվել, հաճախ հակառակը։ Առաջին անգամ հանրային երջանկություն ապրեցի երևի 2008-ի մարտի 1-ին, երբ թվում էր, թե երջանիկ լինելու ոչ մի առիթ չկա։ Բայց այդ օրը ես սրտանց սիրեցի մեր ժողովրդին, նրա աննկուն ոգին, քաջությունը, զգացի, որ ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, ու դա ինձ շատ դուր եկավ։ Կարծում եմ՝ հանրային երջանկության մեր բաժինը ստանալու համար էլ պարտաճանաչ կերպով բաց չէինք թողնում հանրահավաքները, որոնց պակասը մեր կյանքում զգացվում է։

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

 Ես գիտեմ, որ կան երջանիկ երկրներ, և որ Հայաստանը հիմա չգիտեմ, բայց մի քանի տարի առաջ միշտ վերջին հնգյակում էր լինում։ Չափորոշիչներից մեկը, որոնցով արվում էին նման հետազոտությունները, գթության ու փոխօգնության մակարդակն էր, որ Հայաստանում բավականին ցածր էր ըստ այդ հետազոտությունների։ Սակայն իմ տպավորությամբ Հայաստանում բավականին կարեկից մարդիկ են ապրում, եթե մի տեղ ընկնես ու ոտքդ կոտրես, հաստատ մի տասը հոգի կհավաքվի, կփորձեն օգնել։ Այնուամենայնիվ, դժվար է մարդկանց մասին ասել, թե երջանիկ են։ Հոգսաշատ են, հոգսերի բեռի տակ կքած։ Տարիներ առաջ մի վիպակ եմ գրել «Մեղրամիս» անունով, որը հույս ունեմ այս տարի  լույս կտեսնի։ Վիպակը իմ ու Համբարձում Համբարձումյանի այցի մասին է ավստրիական Գրաց քաղաք, ուր մեզ հրավիրեցին ապրելու և ընթերցում ունենալու։ Այն ժամանակ մտածեցի այս թեմայով, և հիմա պիտի վերաշարադրեմ այն, ինչ գրել եմ։ Ինձ հետաքրքրում էր, թե որն է պատճառը, որ մենք մեզ այնտեղ ավելի լավ էինք զգում՝ ունենալով ավելի վատ կենցաղային պայմաններ, քան Երևանում, և եկա այն եզրակացության, որ պատճառը մշակույթի մեջ է։  «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա` ելել է շալակն աշխարհի»` սա հայ ժողովրդի ամենասիրելի պոետներից մեկի` եթե ոչ ամենասիրելիի ամենաշատ մեջբերվող տողերից է: Բնականաբար, պոետի և ժողովրդի համակրանքն այն մարդու նկատմամբ է, որը աշխարհն է շալակած տանում: Թեթև ապրելն ընկալվում է իբրև ամոթալի մի բան:  Քրիստոնեական դավանանքը ժուժկալության, տառապանքի, նահատակության իդեալներով ձևավորել է այս մշակույթը։ Ինչ-որ առանձնահատկություններ, որ մեզ տարբերում են եվրոպացիներից, թելադրել է  հավանաբար առաքելական հավատը։ Կարելի է պարզապես համեմատել կաթոլիկ եկեղեցիների արտաքին ու ներքին հարդարանքի զեխությունը, ուղղափառ եկեղեցու ներքին հարդարանքի ճոխությունը ու մեր եկեղեցիների զուսպ, համեստ, մռայլ կերպարները։ Մենք ինքներս շատ ենք քննադատում մեր ցուցադրական վարքը, պարծենկոտությունը, բայց իրականում մենք բոլորովին պարծենկոտ չենք, ավելի շուտ՝ համեստ, զուսպ, ինչպես մեր եկեղեցիներն են։ Մեր մշակույթը շատ հոգևոր է, և հոգևորը զավթել է նաև մարմնի տարածքը։ Իսկ մենք արդեն խոսեցինք, որ երջանկությունը զգալի չափով մարմնական ապրում է։ Ինչ խոսք, դեր է խաղացել նաև դարեր շարունակ օտար նվաճողների լծի տակ գոյատեւելու հանգամանքը։ Մենք սովորել ենք տառապել, բայց չենք սովորել՝ ինչպես լինել երջանիկ։ Այս առումով շատ կարևոր էր հեղափոխությունը, որն իշխանության բերեց մեծ թվով երիտասարդների՝ գլամուրային, պարզունակ, զուրկ կյանքի փորձից, մինչ այդ որևէ բանի չհասած, թեթև, ուրախ, որոնց պարզապես ժպտաց բախտը, որոնք կարողացան օդի մեջ բռնել հաջողության բանալին։ Հեղափոխությունը մի քիչ գլամուր, փայլ ու թեթևություն մտցրեց մեր կյանքի մեջ: Հենց թեկուզ եթե հիշենք հեղափոխության այն կադրը՝ Աննան ու Նիկոլը վերևից թափվող փայլփլուն թղթիկների անձրևի տակ։ Ինչքան թեթևություն կա այդ նկարներում։ Հայկական ավանդական տառապանքի մեջ ամերիկյան երազանքի տարր մտավ՝ հավատ, որ յուրաքանչյուրս էլ մի օր կարող է արթնանալ իր երազանքի մեջ։ Եթե առաջ մեր կյանքը նման էր արտ-հաուզի, ապա հեփի-էնդով հոլիվուդյան ֆիլմի վերածվեց։

Ցավոք՝ համավարակը ընդհատեց այդ ֆիմը, և մենք հայտնվեցինք աղետ-ֆիլմի մեջ։ Հիմա ծանր է, հետո ավելի ծանր է լինելու, բայց ես հանգիստ եմ՝ մեր ժողովուրդը դարերով ձևավորված իմունային պատասխան ունի կյանքի դժվարություններին, մեր մշակույթը մեզ լավ է սովորեցրել գոյատևել, և այս ֆիլմն էլ մի օր կավարտվի։

 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը    

Լույս է տեսել «Հայկական ժամանակ» օրաթերթում 02/05/2020-ին


30.04.2016

Մեր մեղքն այն է, որ հանդուրժել ենք տգետ ու գող իշխանություն

Հարցազրույց գրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանի հետ

- Քառօրյա պատերազմը խլեց մոտ հարյուր (թիվն ամեն օր փոխվում է) հոգու կյանք, իսկ ի՞նչ տվեց փոխարենը մեզ, Արփի, այս միասնականությունը, այս ազգային զարթոնքի մասին խոսակցությունները, կոչերը զուտ պաթոսայի՞ն են, թե՞ ավելի խորքային մի բան փոխվեց մեր մեջ․․․
 - Բոլորս էլ գիտեինք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, տեսնում էինք, թե ինչպես է մեր դաշնակիցը զինում մեր հակառակորդին, հասկանում էինք, որ այդ զենքը մի օր կրակելու է։ Անակնկալը մեր հասարակության եւ մեր բանակի շատ բարձր բարոյական մակարդակն էր, իսկապես աննկուն ոգին եւ մարտունակությունը, որովհետեւ մեզ թվում էր, թե աղքատությունը, սոցիալական անարդարությունը, պարտություններով ավարտվող քաղաքական եւ քաղաքացիական պայքարները, հուսահատությունը բարոյազրկել են մեր հասարակությունը, պատրաստել այն մեծ պարտության։ Այս օրերին տեղի ունեցան բաներ, որ ցնցեցին մեզ, ստիպեցին մեզ վերանայել մեր մասին ունեցած պատկերացումը, ստիպեցին, որ ինքներս մեզ նորից սիրենք։ Սա զարթոնք էր այն իմաստով, որ սթափվեցինք, արթնացանք նինջից, տեսանք, թե ինչքան իրական է վտանգը, եւ թե ինչքան քիչ բան է արել մեզնից յուրաքանչյուրը խաղաղության համար։

14.04.2016

Ինձ սարսափեցնում են այն գրողները, որոնց ստեղծածը չի դիպչում հողին

Անկախության, ժամանակակից  գրողի,  գրականության մասին    Arevelk.am-ի անկեղծ
զրույցը բանաստեղծ Արփի Ոսկանյանի հետ

-Ի՞նչ տվեց անկախությունը գրողին: Անկախության քսանչորս տարիների ընթացքում գրողը կարողացա՞վ օգտվել ազատությունից:

-Չէի ցանկանա առանձնացնել գրողին ժողովրդից։ Ի՞նչ տվեց անկախությունը հայ ժողովրդին։ Իրականացավ նրա դարավոր երազանքը՝ ունենալ սեփական ազգային պետություն։ Կապիտալիզմը հնարավորություն տվեց հայերին իրացնելու և զարգացնելու բնատուր գործարար ջիղը։ Բացեց բոլոր սահմաններն ու ճանապարհները իր գենի մեջ ամուր նստած գաղթականությունը լիաթոք դրսևորելու համար։ Ի՞նչ տվեց դրա դիմաց հայ մարդը՝ սոցիալական ապահով վիճակը, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ, հարևանների հետ խաղաղ համակեցությունը, և շուտով պարզվեց, որ բոլոր խոստումները պարզապես հնարավորություններ են, որոնցից դեռ պետք է կարողանալ օգտվել։

04.03.2016

Արփի Ոսկանյան. «Մարդիկ հետաքրքրված են գրքով, բայց ամաչում են խոստովանել»


Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ գրողական ակցիա, որի ընթացքում երիտասարդ գրողները վաճառեցին իրենց գրքերը։ Ակցիայի մտահղացումը երիտասարդ գրող Համբարձում Համբարձումյանինն էր։ Նրա կինը՝ բանաստեղծ Արփի Ոսկանյանը, նույնպես մասնակցել էր այդ ակցիային։ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցն այս թեմայով հենց Արփի Ոսկանյանի հետ է։

30.12.2015

Ամանորյա հուշեր Արփի Ոսկանյանից


Մոռացված Ամանորը
Պատմում է բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը․
«Միշտ ատել եմ Նոր Տարին։ Երբ փոքր էի, ծնողներս ամեն ինչ անում էին, որ ես ինձ այդ օրերին երջանիկ զգամ, բայց Ձմեռ պապին չէի հավատում, ուտել չէի սիրում և որկրամոլության այդ տոնը, որ ուղեկցվում էր իրարարանցմամբ և քրոջս ու մորս չարչարանքով, անտանելի էր ինձ համար։ Հյուրերի հոսքը և հյուր գնալու պարտադրանքը անասելի ձանձրույթ էին պատճառում։

04.02.2015

Սիրում եմ ոչ մի բանից մի բան ստանալ

Համլետ Վարդանյանի հետ ծանոթացա ՆՓԱԿ-ի «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի ժամանակ։ Չնայած մրցութային ծրագրում ներառված նրա ֆիլմը մրցանակի չարժանացավ, Համլետը, ինչպես ասում են, փառատոնի ֆավորիտն էր։ «Բձեքը», «Բուգի-վուգի», «Ցերեկային լուսնոտը», «Անդալուզյան ցուլը»՝ Համլետի այս ֆիլմերի «հետահայաց ցուցադրությունը» փառատոնի գլխավոր զարդն էր, որ բոլորիս լիահույս էր դարձնում, թե հայ կինոն կարող է ապագա ունենալ։ Մինչ բոլոր անկյուններից հնչում էր նրա անունը, Համլետը գիրքը ձեռքին շրջում էր ՆՓԱԿ-ի միջանցքներով՝ աչքը չկտրելով էջից։ Մեր օրերում արդեն իսկ բացառիկ բան է ընթերցող մարդ տեսնելը, բայց պակաս բացառիկ չէ ստեղծագործողը, որին չի հետաքրքրում հաջողությունը։ Երեւում էր, որ Համլետի համար իր ֆիլմերի հաջողությունն անակնկալ է։ Իր խոսքով, ինքը դրանք նկարելիս չի էլ մտածել, թե ֆիլմ է նկարում։
«Մի օր տանը նստած էի՝ գյուղում, ընկերներս եկան, թե եկեք մի բան նկարենք, մեզ համար, կոմպյուտեր ունենք, մոնտաժ կանենք, կխնդանք։ Եկան ոչ թե նրա համար, որ գիտեին ես ուզում եմ ֆիլմ նկարել, այլ որովհետեւ իրենք էլ էին ուզում, ես էլ։ Ոչ մի հավակնություն չկար»։ Հետագայում պրոֆեսիոնալներից է Համլետն իմացել, որ ֆիլմ է նկարել կինոյի կանոններով, որ իր արածը մոտ է «նոր ալիքի» կոնցեպցիային։

26.10.2014

Վարդան Ջալոյան / Գրողը օրգանական մտավորականության ամենակարեւոր ջոկատն է

Արվեստի քննադատ, վերլուծաբան եւ հրապարակախոս Վարդան Ջալոյանի ուշադրության կենտրոնում մի քանի տարի առաջ ժամանակակից հայ գրականությունն էր։ Նա գրականության մեջ էր փորձում տեսնել հասունացող իրադարձությունների սաղմերը՝ որպես մի ոլորտի, որտեղ ձեւավորվում են հասարակության ֆանտազմները։ Հայ գրականագիտության պատմության մեջ նա կմնա որպես հոգեվերլուծական
գրաքննադատության հիմնադիր եւ միակ ու անկրկնելի ներկայացուցիչ։ Այսօր Վարդանը գրում է վերլուծություններ եկեղեցու եւ հավատի, տնտեսության եւ պատմության, քաղաքականության եւ հասարակական փոփոխությունների շուրջ եւ արդեն չի անդրադառնում գրականությանը։
- Ինչո՞ւ չես գրում գրականության մասին։ Գրականությունը քեզ հետաքրքիր չի՞, թե՞ կարծում ես, որ հետաքրքիր չի ընթերցողներին։ 
- Գրողն ինքը պիտի հետաքրքիր լինի, որովհետեւ ամեն մի գրականություն մարդն է գրում։ Եթե ինքը գրել է, համապատասխանաբար ինչ-որ մեկը կարդում է։ Կարդալու ընթացքում առաջանում են որոշակի հարաբերություններ։ Ընթերցողին այդ հարաբերությունները կարող են դուր չգալ:

07.10.2014

Գրականության ուսերին է պայքարի կերպն ու ելքը գտնելու բեռը

Զրուցել եմ՝ գրող, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ

 - Եթե խոսելու լինենք այսօր տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կատարվում են քաղաքականության մեջ, ի՞նչ գնահատական կտաս... Արդյոք քաղաքականություն Հայաստանում կա՞, թե՞...
-Կան խմբեր, որոնք ունեն իշխանություն, և կան խմբեր, որոնք ուզում են գալ իշխանության։ Կա նաև ժողովուրդ, որը զրկված է իշխանությունից և արդեն ավելի քան մեկ տասնամյակ չի կարողանում վերադարձնել այն։ Պետք է հասկանալ, որ այդ իշխանությունը ուղղակիորեն կապված է մեր երկրի ինքնիշխանության հետ։ Մեր իշխանության կորուստը՝ ինքնիշխանության կորստի հետ։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ընդունված է իշխանության կորուստը կապել Քոչարյանի պալատական հեղաշրջման հետ, բայց իմ կարծիքով դա մի երկարատև, հաճախ աննկատ ընթացող գործընթաց է եղել, որը սկսվել է շատ ավելի վաղ։ Թերևս անկախության առաջին տարիներին մի կարճ շրջան է, որ ժողովուրդը իշխանություն է ունեցել և երկիրը՝ ինքնիշխանություն։ 96 թիվ, հոկտեմբերի 27, 2004 թվի ապրիլի 13, 2008-ի մարտի մեկ։ Սրանք ոչ թե մեր ինքնիշխանության կորստի թվերն են, այլ այդ խորացող գործընթացի հանգրվանները։ Այսօր թվում է քաղաքական գործընթացներն արդեն մեզնից չեն կախված կամ կախված են շատ աննշան չափով։ Կա քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը ոչ թե մենք ենք վարում, այլ վարվում է մեր նկատմամբ։ Քաղաքական դաշտն այսօր մոնոպոլիզացված է, ինչպես, ասենք, բիզնեսի դաշտը։ Մոնոպոլիզացված է ոչ միայն այսօր փաստացի իշխանություն հանդիսացող ուժերի կողմից, այլև նրանց, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը։ Մենք գործ ունենք հիմնականում արտաքին ազդեցության գործակալների հետ։ Այս պարագայում շատերին ողջամիտ է թվում հարմարվողականությունը, իշխանության ծոցում (ներկա կամ ապագա) սեփական տեղը ապահովելը։ Եվ այնուամենայնիվ ելքը քաղաքացիական նախաձեռնությունն է՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համախմբումը իսկապես հայաստանակենտրոն և հայաստանածին ուժի ստեղծման շուրջ։ Ես նման հնարավորություն տեսնում եմ։ Տեսնում եմ պայքարող քաղաքացիներ, որոնց ուզում են գրավել դաշտում առկա քաղաքական խաղացողները, բայց տեսնում եմ նաև շատ մեծ անվստահություն այդ ուժերի նկատմամբ, դիմադրություն քաղաքացիների կողմից։ Ուրեմն պիտի կայանա ուրիշ մի ուժ, որը պիտի հենվի միայն ժողովրդի վրա, պիտի արտահայտի նրա կամքը, ոչ թե օգտագործի նրան որպես թնդանոթի միս՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։

26.04.2014

Որպեսզի պարը չդառնա գրաբար

Որպեսզի պարը չդառնա գրաբար

Գագիկ Գինոսյանին պարի հետ կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախել է պարի խմբակի։ Ամոթխած սիրահարը խնդրել է Գագիկին ընկերակցել իրեն ու պարի գնալ։ Ընկերոջը չնեղացնելու համար ապագա կիբեռնետիկը համաձայնվել է՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Բայց պարուսույցը Հայրիկ Մուրադյանն է եղել եւ տղային ընդմիշտ կապել է պարին։ Ուսանողական տարիներին Գագիկը գրել է մի արձակ բանաստեղծություն, որի մեջ այսպիսի տող է եղել. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»։ Ու որպեսզի պարը գրաբար չդառնա, նա այսօր էլ շարունակում է իր ուսուցչի գործը. շրջում է գյուղից գյուղ, պարեր է հավաքում, վերականգնում, գրառում եւ վերադարձնում ժողովրդին՝ 2001-ին իր ստեղծած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ջանքերով։ Գինոսյանի համար ազգային պարը միայն պար չէ, այլ մեր ազգի լինելիության գրավականը։ Եվ խմբի պարապմունքներն էլ, իր իսկ խոսքերով, ավելի շատ գաղափարախոսական են։ Բնականաբար հարցազրույցի ժամանակ Գագիկը հաճախ էր մեջբերումներ անում Նժդեհից։ Խումբը չի մեկուսացնում իրեն հասարակական կյանքից եւ մասնակցում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» բողոքի ակցիային։ Արդեն հինգ տարի է, ինչ «Կարինը»  «Նարեկացի» արվեստի կենտրոնի եւ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շնորհիվ ցանկացողները կարողանում են անվճար սովորել հայկական պարերը։ Ու քանի որ ցանկացողները շատացել էին, ամռանը նրանք որոշեցին դուրս գալ արվեստի կենտրոնի «ընդհատակից» եւ պարապմունքներն անցկացնել բացօթյա։ Ամռանը Կասկադով անցած մեր ընթերցողներից շատերը հնարավոր է այդ պարապմունքների ակամա ականատեսը դարձած լինեն կամ, ինչու ոչ, մասնակիցը։ Հիմա էլ քաղաքապետարանը սպորտային դահլիճ է տրամադրել խմբին՝ լուսավորչական առաքելությունը շարունակելու համար։ 

Արվեստը, ոնց որ երեխան, փոխում է աշխարհը

Անկախության առաջին տարիները գրականության ու արվեստի մեջ թարմացման, նորի փնտրտուքի, բանավեճերի ու աշխուժության տարիներ էին։ Այդ տարիներին կերպարվեստում ի հայտ եկավ մի սերունդ, որը խզելով կապերը խորհրդահայ կերպարվեստի ավանդույթների հետ՝ փորձում էր հայկական կերպարվեստը եւ Հայաստանը դարձնել աշխարհի մաս։ Նկարիչների միությունն այդպես էլ չընդունեց նրանց արվեստը՝ պիտակելով այն որպես «պոռնոգրաֆիա», եւ նկարիչները ստիպված էին ցուցադրությունների ու հավաքների համար այլ վայրեր փնտրել։ Այդպիսի վայր մի որոշ շրջան եղավ ՆՓԱԿ-ը, ապա` «Հայարտը»,  բայց դանդաղ ու հետեւողական կերպով նկարիչներից խլվեցին նրանց տարածքները, ինչպես ժողովրդից՝ երկիրը։ Այսօր այլընտրանքային մտքի համար մնացել են փոքրիկ, «միտեղանոց» կղզյակներ։ Արտիստական միջավայրի եւ դրա բացակայության մասին փորձեցի զրուցել նկարիչ Մհեր Ազատյանի հետ։