08.03.2016

Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս



Սըս... Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս։ Ինչ-որ մի ասեղ, մի քանի հաբ ու մի դյուժին բժիշկ փորձում են վերադարձնել ինձ կորուսյալ դրախտ կոչվածը։
Հարգարժան տիկնայք, հիմա դուք կարող եք գնալ ձեր սուրճը ըմպելու։ Ես այլևս վտանգավոր չեմ։ Ձեր ամուսիններն ինձ ամենևին չեն հուզում։ Հիմա ես գտնվում եմ լիակատար անհուզելիության վիճակում։ Թուլացել են անգամ լնդերիս մկանները։ Ատամներիս փտման պրոցեսը դանդաղել է այնքան, որ հաշվիչը նույնիսկ չի պտտվում։ Եվ, վստահեցնում եմ ձեզ, ոչ մի գրամ չարություն, ոչ մի գրամ... Թեպետ, ինքներդ եք հասկանում, ես վաստակել եմ չարանալու իրավունքը... Բայց այդ մասին սը՜ս... Ոչ մի գրամ չարություն։

06.03.2016

Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան



 Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան և բոլորն ուզում եմ նվիրել քեզ։
Դու ուր որ է կգաս, և ես հավաքել եմ իմ ժպիտներն ու կոկետությունները, իմ կեղծ ու անկեղծ խաղերն ու ձևերը, որպեսզի քո հոնքերը մի քիչ հեռանան իրարից։ Ես չգիտեմ՝ ով ես դու, թեպետ անգիր գիտեմ քեզ։ Հազար անգամ նայել եմ տխուր աչքերիդ, հազար անգամ սուզվել հոգուդ խորքը և մարգարտացած տառապանք հանել այնտեղից։ Դու ուր որ է կգաս։
Հենց գաս, ես կվազեմ, կփաթաթվեմ քեզ կարոտած ու կասեմ.
- Ներիր ինձ, եթե քեզ երբևէ ցավ պատճառեմ. ես մի քիչ քմահաճ եմ, մի քիչ վայրի... 
Բայց այսօր ես պատրաստ եմ քավել իմ բոլոր մեղքերը, որ դեռ չեմ գործել... Չե՞ս հավատում։ Ես համբույրներով կբուժեմ քո բոլոր վերքերը, որ դեռ չես ստացել։ Ես կպարեցնեմ քեզ իմ ծիծաղի ակորդների տակ ու կպտտվեմ քո ուրախության հետ։ Հետո մենք կբարձրանանք աշխարհի ամենաբարձր գագաթը, որ վերևից նայենք տխուր աշխարհին։ Մենք կբռնվենք իրարից, որ չըկնենք, և միասին կմոռանանք, թե ինչ բան է տառապանքը...
Ա՜խ, ինչո՞ւ չես գալիս։ Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան, բայց մի ամբողջ կյանք եմ վատնում քեզ սպասելով...

1995
ԾԻԿ գրքից