15.08.2015

***


Գիշեր է, ամառային գիշեր։ Բայց ինչո՞ւ քունս չի տանում։ Ինչո՞ւ եմ ուսերիս բրդյա շալ գցել։ Ինչո՞ւ է լուսինն այսպես տխուր...
Երկու թռչուն ինչ-որ տխուր երգ են ծլվլում լուսնի տակ։ Գուցե դա բաժանման ե՞րգ է։ Արդյո՞ք թռչուններն էլ են բաժանվում, թե՞ միայն մարդիկ են ընդունակ այդպես չարչարել իրար...
Գիշեր է, ամառային գիշեր։ Բայց դու կողքիս չես, դրա համար էլ ուսերիս բրդյա շալ եմ գցել։ Եվ քունս չի տանում, որովհետև ուզում եմ պարզել ձեռքերս ու փաթաթվել քեզ՝ ամուր-ամուր...
Իսկ թռչունները երկուսը չեն, այլ միայն մեկը։ Եվ այդ մեկը ոչ թե բաժանսան երգ է ծլվլում, այլ կարոտի։ Դրա համար էլ  լուսինը այսպես տխուր է։ Իսկ այն մեկը... Նրա համար երևի ուրիշ լուսին է տխրում...
1995
«Ծիկ» գրքից

09.08.2015

Ծիսակարգ

Ես մոմ չեմ վառում եկեղեցում,
պարտեզումս վարդ եմ տնկում,
վարդ՝ երազանքներիս իրականացման համար,
վարդ՝ սիրելի մարդկանց հիշատակի համար,
վարդ՝ տխրելիս,
վարդ՝ երբ ինձ երջանիկ եմ զգում։