Պատկերացրեք՝ Աստվածը… Համաձայն եմ՝ ը հոդով անսովոր է հնչում, բայց ը -ն անհարաժեշտ է Աստծո վերացական ու անմարմին
էությունից որոշակի, միս ու արյուն ունեցող կերպար ստանալու համար։ Ուրեմն, պատկերացրեք՝
Աստվածը, վերևում նստած, անդադար ցած է նայում՝ իր ստեղծած մարդկանց, նրանց կառուցած
քաղաքներին ու գյուղերին, խորանում նրանց անձնական կյանքի դժվարությունների մեջ, լսում
նրանց աղոթքներն ու ցանկությունները… Ստացվում է, որ Աստվածը գիշեր-ցերեկ զբաղված է
սերիալ նայելով՝ էլ կրիմինալ, էլ դեդեկտիվ, էլ բանակային,էլ քաղաքական, էլ կենցաղային, էլ ինչ թեմայով ասես։ Ու ի տարբերություն
տնային տնտեսուհիների և նրանց համար մշտապես բանուգործ ապահովող գործազուրկ ամուսինների,
որոնք իրենց կյանքի ընթացքում կարող են նայել միայն սահմանափակ թվով սերիալներ, հարգարժան
Աստծո համար նման սահմանափակում չկա։ Նա սերիալ է նայում իր արարչագործության սկզբից
և նայելու է միչև օրերի ավարտը, իմա՝ աշխարհի վերջը։ Կարելի է պատկերացնել Աստծո ձանձրույթը,
չէ՞ որ մարդիկ շատ են, իսկ պատմությունները՝ քիչ, սակայն մյուս կողմից՝ հեռուստասերիալներն
էլ են նման մեկը մյուսին, այստեղ էլ են կրկնվում սյուժեները, ֆաբուլաները, բախումները…
Բայց տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները հերթով նայում են բոլորը,
իսկ ոմանք անգամ կրկնություններն են դիտում։ Այդպիսի բան է սերիալը, մեկումեջ որ նայում
ես, պիտի նայես։