Որպեսզի պարը չդառնա գրաբար
Գագիկ
Գինոսյանին պարի հետ կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը
հաճախել է պարի խմբակի։ Ամոթխած սիրահարը խնդրել է Գագիկին ընկերակցել իրեն
ու պարի գնալ։ Ընկերոջը չնեղացնելու համար ապագա կիբեռնետիկը համաձայնվել
է՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Բայց պարուսույցը
Հայրիկ Մուրադյանն է եղել եւ տղային ընդմիշտ կապել է պարին։ Ուսանողական
տարիներին Գագիկը գրել է մի արձակ բանաստեղծություն, որի մեջ այսպիսի տող է
եղել. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»։
Ու որպեսզի պարը գրաբար չդառնա, նա այսօր էլ շարունակում է իր ուսուցչի
գործը. շրջում է գյուղից գյուղ, պարեր է հավաքում, վերականգնում, գրառում
եւ վերադարձնում ժողովրդին՝ 2001-ին իր ստեղծած «Կարին» ավանդական
երգի-պարի խմբի ջանքերով։ Գինոսյանի համար ազգային պարը միայն պար չէ, այլ
մեր ազգի լինելիության գրավականը։ Եվ խմբի պարապմունքներն էլ, իր իսկ
խոսքերով, ավելի շատ գաղափարախոսական են։ Բնականաբար հարցազրույցի ժամանակ
Գագիկը հաճախ էր մեջբերումներ անում Նժդեհից։ Խումբը չի մեկուսացնում իրեն
հասարակական կյանքից եւ մասնակցում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների
վերաբացմանը» բողոքի ակցիային։
Արդեն հինգ տարի է, ինչ «Կարինը» «Նարեկացի» արվեստի կենտրոնի եւ «Մեր
քաղաքը մեր տունն է» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի
շնորհիվ ցանկացողները կարողանում են անվճար սովորել հայկական պարերը։ Ու
քանի որ ցանկացողները շատացել էին, ամռանը նրանք որոշեցին դուրս գալ
արվեստի կենտրոնի «ընդհատակից» եւ պարապմունքներն անցկացնել բացօթյա։
Ամռանը Կասկադով անցած մեր ընթերցողներից շատերը հնարավոր է այդ
պարապմունքների ակամա ականատեսը դարձած լինեն կամ, ինչու ոչ, մասնակիցը։
Հիմա էլ քաղաքապետարանը սպորտային դահլիճ է տրամադրել խմբին՝ լուսավորչական
առաքելությունը շարունակելու համար։