26.04.2014

Արփի Ոսկանյան. Գիրքը` լվացքի մեքենա

05.10.2010  

Մեր հասարակության մեջ կարծիք կա, որ գեղարվեստական գրականությունը պահանջարկ չունի։ Այդ կարծիքը պարբերաբար տարածվում ու ամրապնդվում է ԶԼՄ-ների միջոցով, եւ դրա հետեւանքն այն է լինում, որ շատ գրախանութներ ընդհանրապես հրաժարվում են գիրքը վերցնել վաճառքի, իսկ հրատարակչական գործը այդպես էլ չի կայանում։ Այսինքն, հրատարակիչը վախենում է ստանձնել գրքի հրատարակումն ու իրացումը եւ իր բիզնեսը կառուցում է միայն «նաղդ» պատվերի վրա՝ հեղինակին կամ պատվիրատուին թողնելով գրքի իրացման պրոբլեմները։ Հեղինակ-հրատարակիչ-գրախանութ շղթայի մասին թերեւս արժե առանձին հոդված գրել, իսկ այս հրապարակման շրջանակներում ես կփորձեմ ներկայացնել, թե ինչպես է պետությունն օժանդակում խոցելի վիճակում հայտնված եւ «անընթերցող մնացած» արդի հայ գրականությանը։ Ու քանի որ ինքս բոլորովին վերջերս եմ անցել դրա միջով եւ պատմելու եմ առաջին դեմքով, սա ոչ այնքան լրագրողական հոդված է, որքան բաց նամակ դատախազությանը, որով հույս ունեմ վերջինիս ուշադրությունը հրավիրել գրահրատարակչական գործում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների վրա։  
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 
Հաշվի առնելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակն ու անգնողունակությունը՝ մշակույթի նախարարությունն օժանդակում է մի կողմից արդի հայ գրողին՝ տպագրելով նրա ստեղծագործությունը, մյուս կողմից՝ ընթերցողին, գրքի համար սահմանելով գրքի ինքնարժեքից ցածր գումար։ Այս գրականանպաստ գործունեությունը մշակույթի նախարարությունն իրականացնում է հրատարակչական գործի գործակալության միջոցով, որի տնօրենը Էդվարդ Միլիտոնյանն է։ Հրատարակչությունները գրքերի հայտերը ներկայացնում են սույն կառույցին, որտեղ հատուկ մասնագիտական կրթություն եւ իրենց ոլորտում որոշակի հեղինակություն ու պաշտոն ունեցող մարդկանցից կազմվում են ընտրական հանձնաժողովներ, որոնք անվճար հիմունքներով որոշում են պետական պատվերի  շրջանակներում տպագրվելիք գրքերի ցուցակը։ Այնուհետեւ որոշվում է գրքին հատկացվելիք գումարը, որն «իջեցվում» է հրատարակչություններին։ Պետական պատվերի շրջանակներում տպագրվում է տարեկան շուրջ 300 գիրք։ Յուրաքանչյուր գրքին փոխանցվող նվազագույն գումարը 250 հազար դրամն է, միջինը՝ 500-600 հազար դրամը։ Ես իբրեւ օրինակ կբերեմ իմ գիրքը։ Պետությունն իմ գրքի հրատարակման համար հատկացրել է 250 հազար դրամ, մինչդեռ մի քանի ծանոթ հրատարակչի հետ խորհրդակցելով, պարզեցի, որ իմ գրքի տպագրության համար պահանջվող ծախսը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում։ Այսինքն, միայն իմ գրքից առնվազն հարյուր հազար դրամ մտել է ինչ-որ մեկի գրպանը։ Ո՞ւմ։  
 
ՀԳՄ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 
 
Հայաստանի գրողների միության ՀԳՄ հրատարակչությունում, որը տպագրում է պետպատվերի գրքերի հիմնական մասը եւ որին փոխանցված էր նաեւ իմ գրքի հրատարակման գումարը, ինձ ասացին, որ այս տարի, ելնելով ֆինանսատնտեսական ճգնաժամից, գրքի համար պետությունը հոնորար չի նախատեսել եւ այս տարի ծրագիրը կոչվում է ոչ թե պետական պատվեր, այլ պետության աջակցություն։ Սրա տարբերությունը նախորդից նաեւ այն է, որ տպագրության ծախսի 40-60 տոկոսը պարտավոր է հոգալ «մյուս կողմը»՝ հեղինակը։ Բայց, տեսնելով իմ տարակուսանքը, անմիջապես էլ հանգստացրին, թե այդ տոկոսը գրքի էջադրումն ու  ձեւավորումն են, ինչը ես արդեն արել էի իմ ընկերների օգնությամբ։ Սակայն մշակույթի նախարարության կայքից տպավորություն էր ստեղծվում, թե «մյուս կողմը» հենց հրատարակչությունն է, որն իր վրա է վերցնում հրատարակման գործը։ Ավելին՝ հրատարակչությունը պատավորվում է պետության կողմից փոխանցված գումարին հավելել իր բաժին գումարը եւ իրավունք է ստանում իր ներդրումին համարժեք տպաքանակը իրացնել վաճառքի միջոցով։ Հեղինակային պայմանագրում, որը ես ստորագրեցի ՀԳՄ հրատարակչությունում, կողմերի պարտավորությունների շարքում նշված էր, որ Պատվիրատուն (ՀԳՄ հրատարակչությունը) պարտավոր է Կատարողին, ասինքն՝ ինձ, որպես հոնորար, հատկացնել 45  հազար դրամի համարժեք գրքի 47 օրինակ։ Պարզ չէր, թե ինչ հաշվարկով է գրքին նման գին որոշվել եւ ինչու է իբրեւ վճարման միավոր ընդունված հոնորարային դրամական չափը, եթե պետական աջակցության ծրագրով հոնորար նախատեսված չէ։ ՀԳՄ հրատարակչության տնօեն Բագրատ Ալեքյանն ինձ հորդորեց չանհանգստանալ՝ ասելով, թե «բիբ-կոլեկտորից» կարող եմ ձեռք բերել իմ գրքերը անհամեմատ ցածր գնով։  
 
«ԲԻԲ-ԿՈԼԵԿՏՈՐ» ԿԱՄ «ԳԻՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ 
 
 «Գիրք» հիմնադրամը, որ գրողների շրջանում հայտնի է իր պահեստով՝ որպես «բիբ-կոլեկտոր», հասարակական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է մշակույթի նախարարության հետ։ Այս կառույցի պահեստում է հավաքվում պետպատվերով եւ պետության աջակցությամբ տպագրված գրքերի՝ պետության հասանելիք տպաքանակը։ Այստեղ կազմվում է գնագոյացման հանձնաժողով, որը որոշում է գրքի ինքնարժեքը։ Մինչեւ այդ արարողությունը տեղի չունենա, գրքերը չեն կարող հայտնվել գրախանութում, չնայած այս պահեստից հազվադեպ են գրքերը բռնում գրախանութ տանող ճանապարհը, եւ դրա հիմնական «հաճախորդները» հեղինակներն են, ովքեր գալիս են իրենց տպաքանակը մաս-մաս գնելու։ Երեք ամիս տեւեց, մինչեւ իմ գիրքը Գրողների միությունից հասավ «բիբ-կոլեկտոր», եւ ես զանգահարեցի՝ հետաքրքրվելու, թե երբ է գիրքս գնալու գրախանութ։ «Երբեք,- ասաց ինձ բիբ-կոլեկտորի աշխատող Ավոն,- Դուք Ձեր պայմանագրում նման կետ ունե՞ք, որ գրքերը պետք է հանվեն վաճառքի»։ Ես կմկմացի, թե նման կետ գուցե չկա, հավանաբար չկա, որովհետեւ ինքնին ենթադրելի է, որ գրքերը տպվում են վաճառքի նպատակով եւ հակառակ դեպքում է լինում համապատասխան կետ, երբ գրքերը նախատեսված չեն լինում վաճառքի համար։ Ես հետաքրքրվեցի, թե ինչպես են այլ գրողների գրքերը հայտնվում գրախանութներում, եւ իմացա, որ այդ բախտը ժպտում է միայն այն հեղինակներին, ում գրքերը տպագրվել են «պետական պատվերի» շրջանակներում։ Պարզվեց, որ «պետական պատվերը» գործում է նաեւ այս տարի եւ «պետության աջակցություն» ծրագրից տարբերվում է նաեւ նրանով, որ գրողի գրքերը հանվում են վաճառքի։ Ես հետաքրքրվեցի, թե ինչ է լինելու իմ գրքերի ճակատագիրը, եւ նա ասաց՝ բաժանվելու են գրադարաններին։ «Պետությունը փող է տալիս, որ գիրք տպի իր գրադարանների համար»։ Ես հետաքրքրվեցի, թե արդո՞ք կարող եմ այդ դեպքում ես գնել ու վաճառել իմ գրքերը, եւ նա ասաց, որ բոլորն էլ այդպես են անում։ «Բիբ-կոլեկտորը» գինը սահմանում է գնագոյացման հանձնաժողովի սահմանած գնին համաձայն, որը սահմանվում է որպես գրքի ինքնարժեք։ Իմ գքի պարագայում այդ ինքնարժեքը կազմել է 500 դրամ։ Օրեր անց իմ ծանոթ հրատարակիչներին ցույց տվեցի գիրքը եւ խնդրեցի հաշվել ինքնարժեքը 500 տպաքանակի դեպքում։ Պարզվեց, որ առավելագույն ինքնարժեքը, որ կարող է իմ գիրքն ունենալ, 250-300 դրամն էր։ Այսինքն բիբ-կոլեկտորը գրողին գիրք է վաճառում կրկնակի թանկ։ «Մենք հասարակական կազմակերպություն ենք եւ շահույթ հետապնդելու իրավունք չունենք»,- օրեր անց ինձ ասաց «Գիրք» հիմնադրամի տնօրեն Ալիս Ադամյանը։ Նա ասաց նաեւ, որ հիմնադրամն իրավունք չունի պետական աջակցությամբ տպագրված գրքերը վաճառել, այդ թվում՝ հեղինակներին։ Ապա իմանալով, որ ես արդեն գնել եմ իրենց պահեստում եղած իմ ողջ «տպաքանակը», զանգահարեց իր աշխատողին՝ Ավոյին։ Վերջինս հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, որ ինձ տվել է վաճառքի մասին վկայող փաստաթուղթ, եւ փոխանցեց ինձ, որ կարող եմ գնալ եւ ստանալ բանկային փոխանցման կտրոնը։ «Պետական աջակցության ծրագիրը նոր է, եւ դեռեւս շատ հարցեր ճշգրտված չեն»,- ասաց ինձ Ալիս Ադամյանը։ Նա նաեւ ասաց, որ կա գրադարանների պարտադիր ցանկ, որոնց գրքերը անվճար ուղարկվում են, իսկ մնացած գրադարաններն արդեն գնում են գրքերը հիմնադրամից։ Ըստ մշակույթի նախարարության՝ ինքնարժեքից ցածր գնով։ Ես գնել էի գրքերս՝ չցանկանալով դրանք պատանդ թողնել։ Իբրեւ հոնորար ստացած ու հրատարակչությունից գնած վերջին օինակների հետ «բիբ-կոլեկտորից» կատարած ձեռքբերումը կազմեց մոտ երեք հարյուր օրինակ, մինչդեռ հեղինակային պայմանագրում պարզ եւ հստակ գրված է, որ Պատվիրատուն պարտավոր է «գիրքը տպագրել հինգ հարյուր տպաքանակով»։ Ես զանգահարեցի Պատվիրատուին՝ ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանին եւ հետաքրքրվեցի, թե որտեղ են մնացած երկու հարյուրը։ Վերջինս սկսեց գոռգոռալ, ինչպես արջը՝ ահից. «Ի՞նչ եք ուզում ինձնից, ես պարտավոր չեմ Ձեզ ասել, թե ում ինչքան եմ բաժանել, բոլորը բաժանել եմ, ցրել եմ, չկա, որքան որ կա հիմնադրամում, այդքան էլ կա, սա ի՞նչ բան է»,- ասաց նա եւ ցած գցեց լսափողը։ Որքան էլ խճճված լինի այս պատմությունը, փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում։ Մշակույթի նախարարությունը գրահրատարակչական գործի գործակալության (Էդվարդ Միլիտոնյան) միջոցով եւ ընտրական հանձնաժողովի էնտուզիաստների ջանքերով ընտրում է պետպատվերով եւ պետության աջակցությամբ տպագրվելիք գրքերն ու որոշում, թե յուրաքանչյուրին ինչ գումար հատկացնել։ Այդ գումարները սովորաբար լինում են խիստ չափազանցված, եւ գրականությանն օժանդակելը պետության վրա նստում է կրկնակի թանկ։ Այնուհետեւ ՀԳՄ հրատարակչությունը գրական ֆոնդից դուրս է գրում այդ գումարի քառասուն կամ վաթսուն տոկոսը՝ սույն գիրքը հրատարակելու համար։ Սակայն հրատարակչության բաժին տպաքանակն ընդհանրապես չի տպագրվում, իսկ փողն անհետանում է անհայտ ուղղությամբ։ Եվ վերջապես «Գիրք» հիմնադրամ։ Գնագոյացման հանձնաժողովը որոշում է յուրաքանչյուր գրքի ինքնարժեքը՝ ինչպես համոզվեցիք իմ գրքի օրինակով, բուն գրքի ինքնարժեքից կրկնակի թանկ, եւ մոտ հիսուն օրինակ անվճար բաժանելուց հետո օրենքով սահմանված կարգով, մնացածը վաճառում կամ պետությանը, կամ հեղինակին։ Այս վերջին երկուսն են թերեւս այս գործերի տուժողները։ Պարզ չէ, թե որն է գրողի շահը, եթե նա կարող է իր վճարածի կրկնակի քիչ գումարով տպագրել իր գիրքը եւ անձամբ հանել վաճառքի, մանավանդ, որ պետությունից գնելու դեպքում էլի ինքն է տանում գրախանութ։ Պարզ չէ նաեւ, թե որն է պետության աջակցությունը, եթե հոնորար չի վճարվում, գիրքը վաճառքի չի հանվում, այլ միայն վաճառվում է գրողին։ Հարց է ծագում՝ պետությո՞ւնն է աջակցում գրողին, թե՞ գրողը պետությանը։ Եվ պարզ ու հաշվարկելի է միայն պետության ու գրողի արանքում կանգնած օղակների շահույթը։
 
Աղբյուրը՝ Հրապարակ, http://hraparak.am/news/view/1883.html 

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր