07.10.2014

Գրականության ուսերին է պայքարի կերպն ու ելքը գտնելու բեռը

Զրուցել եմ՝ գրող, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ

 - Եթե խոսելու լինենք այսօր տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կատարվում են քաղաքականության մեջ, ի՞նչ գնահատական կտաս... Արդյոք քաղաքականություն Հայաստանում կա՞, թե՞...
-Կան խմբեր, որոնք ունեն իշխանություն, և կան խմբեր, որոնք ուզում են գալ իշխանության։ Կա նաև ժողովուրդ, որը զրկված է իշխանությունից և արդեն ավելի քան մեկ տասնամյակ չի կարողանում վերադարձնել այն։ Պետք է հասկանալ, որ այդ իշխանությունը ուղղակիորեն կապված է մեր երկրի ինքնիշխանության հետ։ Մեր իշխանության կորուստը՝ ինքնիշխանության կորստի հետ։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ընդունված է իշխանության կորուստը կապել Քոչարյանի պալատական հեղաշրջման հետ, բայց իմ կարծիքով դա մի երկարատև, հաճախ աննկատ ընթացող գործընթաց է եղել, որը սկսվել է շատ ավելի վաղ։ Թերևս անկախության առաջին տարիներին մի կարճ շրջան է, որ ժողովուրդը իշխանություն է ունեցել և երկիրը՝ ինքնիշխանություն։ 96 թիվ, հոկտեմբերի 27, 2004 թվի ապրիլի 13, 2008-ի մարտի մեկ։ Սրանք ոչ թե մեր ինքնիշխանության կորստի թվերն են, այլ այդ խորացող գործընթացի հանգրվանները։ Այսօր թվում է քաղաքական գործընթացներն արդեն մեզնից չեն կախված կամ կախված են շատ աննշան չափով։ Կա քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը ոչ թե մենք ենք վարում, այլ վարվում է մեր նկատմամբ։ Քաղաքական դաշտն այսօր մոնոպոլիզացված է, ինչպես, ասենք, բիզնեսի դաշտը։ Մոնոպոլիզացված է ոչ միայն այսօր փաստացի իշխանություն հանդիսացող ուժերի կողմից, այլև նրանց, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը։ Մենք գործ ունենք հիմնականում արտաքին ազդեցության գործակալների հետ։ Այս պարագայում շատերին ողջամիտ է թվում հարմարվողականությունը, իշխանության ծոցում (ներկա կամ ապագա) սեփական տեղը ապահովելը։ Եվ այնուամենայնիվ ելքը քաղաքացիական նախաձեռնությունն է՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համախմբումը իսկապես հայաստանակենտրոն և հայաստանածին ուժի ստեղծման շուրջ։ Ես նման հնարավորություն տեսնում եմ։ Տեսնում եմ պայքարող քաղաքացիներ, որոնց ուզում են գրավել դաշտում առկա քաղաքական խաղացողները, բայց տեսնում եմ նաև շատ մեծ անվստահություն այդ ուժերի նկատմամբ, դիմադրություն քաղաքացիների կողմից։ Ուրեմն պիտի կայանա ուրիշ մի ուժ, որը պիտի հենվի միայն ժողովրդի վրա, պիտի արտահայտի նրա կամքը, ոչ թե օգտագործի նրան որպես թնդանոթի միս՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։

05.10.2014

Ամենալավ ճաշը



Օրս սկսվում է մածունով…
Առավոտյան, երբ հատկապես դառնացած են
մարմինդ ու հոգիդ,
հրաշալի է օրը մածունով սկսելը…
Մածունն անգամ մեղվի ու արևի կծածին է լավ,
ինչպիսի դարման կլինի թույների մեջ ճպճպացող
մարմնի ու հոգու համար…
Հազար օրհնվեն մեր նախնիները,
որ հնարել են մածունը…