05.10.2014

Ամենալավ ճաշը



Օրս սկսվում է մածունով…
Առավոտյան, երբ հատկապես դառնացած են
մարմինդ ու հոգիդ,
հրաշալի է օրը մածունով սկսելը…
Մածունն անգամ մեղվի ու արևի կծածին է լավ,
ինչպիսի դարման կլինի թույների մեջ ճպճպացող
մարմնի ու հոգու համար…
Հազար օրհնվեն մեր նախնիները,
որ հնարել են մածունը…


Օրս շարունակվում է մածունով,
բայց հանկարծ կեսօրին
պայծառ ու անամպ երկնքում որոտացող ամպրոպի պես
որպես մի տանջող վերհուշ
հիշողությանս մեջ բոցավառվում է փիթին՝
ամենալավ ճաշը,
որ տալիս է Արտաշը։

Արագ վանում եմ ինձնից հուշերը արբեցնող՝
արտաշնոցի բույրերն այդ զգլխիչ,
օրս պիտի շարունակվի մածունով
ու պիտի մածունով ավարտվի,
ոչ մի շեղում ճշմարիտ ուղուց։
Եվ ես մի բաժակ էլ եմ մածուն լցնում
ու մածունի գործին օգնելու համար
Բախ եմ միացնում,
որովհետև Բախը մածուն է հոգու համար։
Բայց ինքնամաքրման ամենաթեժ պահին
մտապատկերիս մեջ միանգամայն անտեղի
արտաշնոցի աշխատողներն են հայտնվում,
հետո՝ այցելուները, 
որոնց բերանները շարժվում են ռիթմիկ.
նրանք այստեղ զվարճանալու չեն եկել,
ոչ էլ ժամանակ սպանելու,
նրանք գիտեն իրենց գալու նպատակը
և սնվում են կենտրոնացած,
մեկը շաուրմա է ծամում, մյուսը քյաբաբ կամ քյուֆթա,
մեկ էլն էլ տժվժիկ...
Իսկ այնտեղ՝ հեռվում, այ այն կափարիչի տակ,
ռեհանով համեմված գառան արգանակի մեջ
սիսեռը շարունակում է փքվել.
ինձ է սպասում կարոտած
իմ բաժին փիթին՝
ամենալավ ճաշը,
որ տալիս է Արտաշը։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր