Հիսունհինգ տարեկան էր Աշոտը, երբ հերթական անգամ գրանցվեց անգլերենի դասերի։
Ինչքան հիշում էր իրեն, միշտ կամ մասնավոր
դասերի էր հաճախում, կամ խմբակային, սակայն երբեք չէր հաջողում լեզվի յուրացումը հասցնել
հաղթական ավարտի։ Պատճառներից մեկը, իսկ գուցե գլխավոր պատճառն այն էր, որ անգլերենը
առօրյա կյանքում պետք չէր գալիս Աշոտին, նա չուներ իր ստացած գիտելիքները օգտագործելու
հնարավորություն, դրանք արագ մոռացվում էին, և Աշոտն ամեն անգամ ստիպված էր լինում
սկսել նորից։ Ու թեպետ անգլերենը նրան գործնականում պետք չէր, նա չէր հրաժարվում անգլերեն
սովորելու մտադրությունից. անգլերենի իմացությունը թվում էր նրան ժամանակակից աշխարհի
մասը լինելու, իրեն ոչ միայն ծերացած ու անպետք չզգալու, այլ ընդհանրապես ողջ զգալու
անհրաժեշտ պայման։ Սակայն գոյատևման, կամ այլ կերպ ասած՝ ողջ մնալու համար գործադրվող
առօրյա ջանքերը երկրորդական էին դարձնում այնպիսի հոգսը, ինչպիսին է ինքնիրեն ողջ զգալու
անհրաժետությունը։ Եվ միայն այն ժամանակ, երբ
գոյատևումն ապահովելու բեռը տանելի էր դառնում, և կարողանում էր իր վաստակից ինչ-որ
բան փախցնել կնոջից ու երեխաներից, Աշոտը ձեռնամուխ էր լինում անգլերենի պարապմունքները
վերսկսելուն։
21.02.2020
Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Նրա սիրտն ազատ էր
Հակառակ ընդունված կարծրատիպի, թե գեղեցիկ կանայք լինում են անխելք, իսկ խելացի
կանայք՝ տգեղ, և գեղեցկությունը խելքի հետ համատեղելի չէ՝ Աննան գեղեցիկ էր ու խելացի
միաժամանակ։ Նրա գեղեցկությունն այնքան անթաքույց էր, որ ապացուցման կարիք բոլորովին
չուներ, իսկ խելքը հավաստում էին գիտական աստիճանն ու համալսարանում ամբիոնի վարիչի
պաշտոնը, գիտական աշխատություններն ու հոդվածները, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեությունը։
Սակայն խելքի ամենակարևոր վկայականը, ինչպես կարծում էր ինքը, իր ստեղծած ընտանիքն
էր՝ երկրի լավագույն փաստաբաններից համարվող ամուսինն ու շնորհալի երեխաները։
Մասնագիտական ճակատում տարած հաղթանակները չէին շփոթեցրել ու շեղել Աննային
իրական երջանկության ուղուց, մանուկ հասակում նրան բարեհաջող ներնչել էին, որ կնոջ
համար աշխարհում ամենակարևորը ընտանիք ունենալն է։ Իր կազմած ընտանիքը չխուսափեց, իհարկե,
հայկական ընտանիքներին պատուհասող խնդիրների
ստանդարտ փաթեթից՝ լարվածություն սկեսուրի ու տալերի հետ, ամուսնու հայրական ընտանիքից
անջատ ապրելու անհաջող փորձեր, նյութական դժվարություններ և այլն։ Երբեմն թվում էր՝
նախկին սիրուց ոչինչ չի մնացել, համատեղ կյանքը դառնում էր անիմաստ ու անտանելի, սակայն
Աննան հեռու էր վանում բաժանվելու միտքը, ստիպում իրեն համակերպվել ու համբերել։ Նա
համբերատարորեն հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ վստահ, որ մի օր այդ ամենը մնալու
է անցյալում, և իրենց ընտանիքին խանգարող ոչինչ ու ոչ ոք չի լինելու։
Подписаться на:
Сообщения (Atom)