14.01.2018

Հովհաննես Գրիգորյանի ժամանակը





Իմ ու Հովհաննես Գրիգորյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 90  թվին, աշնանային մի օր, Ստեփանավանի զբոսայգում, երբ յոթերորդ դասարանի աշակերտ էի։ Դասից փախել էի, ազատության շունչը վայելելու համար մի թերթ էի առել կրպակից ու նստել էի այգում։ «Անդրադարձ» թերթն էր, պատահական էի ընտրել։ Մենք, ինչպես և շատ ընտանիքներ, «Գարուն» ստանում էինք, բայց ես չէի կարդում, որովհետև մեր տանը «Գարուն»-ի ու «Գրական թերթ»-ի պաշտամունք կար, ու այդ պարբերականների մերժումը մտնում էր իմ պատանեկան ըմբոստության ծիսակարգի մեջ։ Էսօրվա պես հիշում եմ՝ ամպամած էր, ու շատ թեթև անձրև էր մաղում։  Այգում մարդ չկար, միայն ինչ-որ անցորդներ էին հեռվում։ Նստել ու բացել էի «Անդրադարձ»-ը, մեջը՝ Հովհաննես Գրիգորյանից մի քանի բանաստեղծություն։ Անձրևը կաթում էր թերթի էջերին։ Կարդում էի, ու իմ մանկության զբոսայգին աչքիս առաջ փոխվում էր։  
Հետո գնացի տուն, հարցրի մերոնց, որ «Գարուն» ու «Գրական թերթ» էին կարդում ու բազմաթիվ ժամանակակից պոետների ոչ միայն անունները, այլև բանաստեղծություններն անգիր գիտեին։ Հովհաննես Գրիգորյանին չէին ճանաչում։ Դա շատ տարօրինակ էր, ու միայն 96 թվին, երբ ընդունվում էի թատերական, ու ապագա դասախոսս ասաց՝ ինչու ես Հովհաննես Գրիգորյան ընտրել ասմունքելու համար, չէ՞ որ ավելի լավ բանաստեղծներ կան՝ Հրաչ Սարուխան, Արմեն Մարտիրոսյան և այլն, նոր  հասկացա, որ Հովհաննես Գրիգորյանի ժամանակը դեռ չի եկել, նոր է գալու։