Մարտինը
գնում էր Ջազզվե, ինչպես աշխատանքի։ Սա
կարելի է ասել սրճարանների բազմաթիվ
մշտական այցելուների մասին, որոնք կապվում
են մի որոշակի սրճարանի և չեն պատկերացնում
իրենց օրն առանց այդ սրճարան այցելելու,
սակայն Մարտինի դեպքում պետք է բառացի
հասկանալ. Ջազզվեն նրա համար աշխատավայր
էր դարձել։
-
Խնդրում եմ՝ մի գործ գտիր դրսում,- ասում
էր նրան կինը,- ես այլևս այսպես չեմ կարող…
-
Դրսի ի՞նչ գործ գտնեմ,- ուսերն էր թոթվում
Մարտինը,- ես սցենարիստ եմ, պիտի տանը
նստեմ, սցենար գրեմ…
Մարտինի
կինը՝ Անժելլան, սիրում էր, որ ամեն ինչ
տեղը տեղին լինի՝ համաձայն գրված ու
չգրված կանոնների։ Նա դասավորել էր իր
կյանքը նույնպիսի պեդանտությամբ, ինչպես
զգեստները, գրքերը, սպասքը և մյուս իրերն
էր դասավորում պահարաններում։ Նրա
կյանքում մարդիկ և իրերը իրենց տեղն
ունեին, և նա չէր սիրում, որ այդ տեղը
փոխվում էր։ Ամուսինը, ըստ Անժելլայի,
ընտանիքը կերակրողն էր և առավոտյան պիտի
դուրս գար տնից ու վերադառնար երեկոյան։
Երբ հինգ տարի առաջ Մարտինը խզեց պայմնագիրը
հեռուստաընկերության հետ և սկսեց աշխատել
տնից՝ ընդգրկվելով զանազան մասնավոր
կինոնախգծերում, Անժելլան զգաց, որ իր
դասավորված կյանքը սկսում է փլվել։