Ընթերցողը հավանաբար հիշում է, որ ավստրիական Գրաց քաղաքում
կարճաժամկետ գրական ապաստան ստացած հայ գրողները դաժան և արյունոտ մարտեր էին ունենում
իրենց տունը պաշարած, անհայտ ծագմամբ, անտեսանելի միջատների հետ, որոնք բզկտում էին
նրանց ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Կարծում եմ՝ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների
դեմ պայքարած ՀՀ քաղաքացիները միանգամայն կարող են մտնել մեր դրության մեջ, քանի որ
հիմա հետահայաց կերպով ես բազում նմանություններ եմ գտնում այդ երկու պայքարների միջև,
որովհետև երկուսի ընթացքում էլ լինում էին պահեր, երբ հաղթանակը շատ մոտ էր թվում՝
այնքան մոտ, որ մեզ թվում էր, թե հաղթել ենք, բայց հաղթանակն անսպասելի ձևով հեռանում
էր՝ հուսահատության մեջ գցելով մեզ, երբեմն էլ այնքան անհնար ու անիրական էր թվում,
որ փորձում էինք հաշտեցնել մեզ ու համակերպվել նրանց հետ խաղաղ համագոյակցության մտքին։
Մենք մեր գրեթե ամեն օրը սկսում էինք միջատների դեմ պայքարով, որոնք այդ մեղրամիսը
բավականին դառնացրին։