«Ոսկե Ծիրանի» օրերին, հետևելով, թե ինչպես է կառավարությունը հոգատար թխսի պես իր թևի տակ առել փառատոնը, անհնար էր չհիշել Վլադիմիր Իլյիչի հայտնի խոսքը՝ «Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարևորը կինոն է»։ Սովետական նորաստեղծ պետությունը որպես սոցիալիստական պրոպագանդայի գործիք նախապատվությունը տվեց արվեստի այդ ճյուղին ոչ այն պատճառով, որ այն իր պես նոր էր, այլ որովհետև ճիշտ գնահատեց կինոյի՝ ժողովրդական լայն զանվածների վրա ազդելու կարողությունը։ Դա չփրկեց արվեստի մյուս ճյուղերն ու գրականությունը հետագա քաղաքականացումից, և շուտով արգելիքի տակ հայտնվեցին ոչ մայն այն ստեղծագործություններն ու դրանց հեղինակները, որոնք գաղափարական անհամաձայնություն ունեին իշխող գաղափարախոսության հետ կամ քննադատական դիրք էին գրավում դրա նկատմամբ, այլև նրանք, որ այս կամ այն կերպ չէին ծառայում այդ գաղափարախոսությանը։
Խորհրադյին Միության փլուզումից և գրաքննության վերացումից հետո արվեստը սկսեց ագահորեն հագեցնել ազատության՝ տասնամյակների ընթացքում կուտակված ծարավը, բայց կինոն հայտնվեց խիստ անշահեկան վիճակում։ Նորանկախ Հայաստանը չուներ կինոարտադրությանը համապատասխան բյուջե և գաղափարախոսություն, որն ունենար պրոպագանդման կարիք. սպեկուլյացիայի կիրքն իր մեջ ճնշած յուրաքանչյուր հայ սրտի մի անկյունում փայփայել էր ազատականության երազանքը՝ միջինից փոքր կամ միջինից խոշոր սեփական բիզնեսի տեսքով։