19.12.2015

Երևանի սերն ու դասերը


Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տեսքով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։  Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր անպայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այնքան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից քաղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. << Ի՞նչ պակաս քաղաք ա Ստեփանավանը >>։
Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զավակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. <<Ուզում եմ գնալ Երևան>>։ Հետո ընտանիքս արտագաղթեց Հայաստանից, և  ես Երևան տեղափոխվելու համար շարունակեցի պայքարել Մոսկվայում։