Գլուխս կախել էին պատին՝ որպես տխուր արտահայտությամբ դեմքի նմուշ։
Բոլոր ծակոտիներից արցունքների կաթիլներ էին կախվել։ Մարդիկ նայում էին ու ասում.
- Այսպիսի շոգ վերջին անգամ եղել է անցած դարում։
- 67 թվին։
- 68,- ճշտեց միջին տարիքի տիկինը, որ ձեռքին խառը կանաչու փունջ ուներ։
- Դիմագծերի ինչպիսի համաչափություն,- ասաց անդեմ մեկը,- կատարելության տիպար։
- Նայե՛ք, այստեղ գործ ունենք կերպարի իդեալականացման հետ,- ասում էր արվեստի պատմության դասախոսը ուսանողներին,-
նման դեմքեր կյանքում չեն հանդիպում։
Ծխող տղամարդուն դեմքը ծանոթ թվաց, բայց չէր կարողանում տեղը բերել։
Ուսանողուհիներից մեկը հեծկլտաց։
- Հիվա՞նդ ես,- անհանգստացավ դասախոսը։
- Ինչո՞ւ է լացում,- փորձելով զսպել արցունքները՝ հարցնում էր ուսանողուհին,- ո՞վ է նեղացրել։
- Չի լացում, քրտնել է,- ասաց դասախոսը։
- Շատ շոգ է,- ասաց խառը կանաչիով կինը,- այսպիսի շոգ…
- Ի՞նչ է սա 45-ի շոգի համեմատ,- ընդհատեց մեդալազարդ, կարկատած բաճկոնով ծերուկը,-
դուք չեք կարող հիշել, այն ժամանակ երևի ծնված էլ չէիք…
-Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ,- դողդոջուն ձեռքերը դեպի նա պարզած՝ ասաց պառավը,-
դա մոռանալն անհնար է…
-Ինչպե՞ս չեք տեսնում,- ուսանողուհին չէր կարողանում զսպել արցունքները,- նրան
նեղացրել են, նա դժբախտ է։
-Արևային հարված է,- ասաց խառը կանաչիով կինը։
-Երբ վերադարձանք Բեռլինից,- շարունակում էր ծերուկը,- ծարավ էինք։
-Գիշերները քնել չէր լինում,- ավելացրեց պառավը։
- Ի՞նչպես չեք տեսնում,- գոռում էր ուսանողուհին,- ինչպե՞ս չեք տեսնում։
- Գնա տուն,- ասաց դասախոսը։
- Գիշերները սպիները նվվում էին։
-Սիրած աղջիկներից շատերը չէին սպասել։
Ուսանողներից մեկի աչքերը քրտնեցին։
-Սա ի՞նչ համաճարակ է,- բացականչեց դասախոսը,- քե՞զ ինչ եղավ։
-Ոչինչ,- ասաց տղան,- պարզապես գեղեցիկ է։
- Հինգ տարում դեռ շատ գեղեցիկ բաներ եք տեսնելու, ամեն մեկի վրա որ լացեք,
պետականներից կտրվելու համար արցունք չի մնա։
- Շոգ է,- ասաց խառը կանաչիով կինը։
Պառավը ինքնամոռաց տարուբերում էր գլուխը.
- Ամուսինս քնի մեջ գոռում էր…
Չէ՛, տեղը չի բերում։ Չէ՛։
- Ես եմ մեղավոր,- ասաց տղան,- նա կարող էր ապրել։
Ծխող տղամարդը միզելու ցանկություն ունեցավ։
- Սովորական դեմք է,- ասաց՝ նետելով ծխախոտն ու շրջվելով։
-Վերածննդի վարպետներից թխած։
-Ոչ մի արտառոց բան։
-Այսպիսի դեմքեր Երևանում թափած են ամեն քայլափոխի։
- Չես կարողանում ազատվել զգացողությունից, թե ճանաչում ես։
Պառավը տարուբերում էր գլուխը։
- Որովհետև այն տիպականացված է ,- ասաց դասախոսը,- տիպականացված ու իդեալականացված։
- Իդեալականը Բաղրամյանի վրա կանգնողներն են,- ասաց ծիծաղեցնելու ցանկությամբ տառապող մի անցորդ՝ շարունակելով ճանապարհը
նեղացած, որովհետև ոչ ոք չծիծաղեց։
Տղամարդը հեռանում էր գլուխը կախ՝ վախենալով
նայել շենքերին, որ քայլում էին հակառակ ուղղությամբ։
-Այո,- ասաց ծերուկը,- դա մոռանալն անհնար է։
Պառավը տարուբերում էր գլուխը։
-Շոգ է,- ասաց խառը կանաչիով տիկինը։
Ես հոգնեցի ու փակեցի աչքերս։