18.04.2015

Այս տանն ապրել են



 Գլուխս կախել  էին  պատին՝ որպես տխուր արտահայտությամբ դեմքի նմուշ։ Բոլոր ծակոտիներից արցունքների կաթիլներ էին կախվել։ Մարդիկ նայում էին ու ասում.
- Այսպիսի շոգ վերջին անգամ եղել է անցած դարում։
- 67 թվին։
- 68,- ճշտեց միջին տարիքի տիկինը, որ ձեռքին խառը կանաչու փունջ ուներ։
- Դիմագծերի ինչպիսի համաչափություն,- ասաց անդեմ մեկը,- կատարելության տիպար։
- Նայե՛ք, այստեղ գործ ունենք կերպարի իդեալականացման հետ,-  ասում էր արվեստի պատմության դասախոսը ուսանողներին,- նման դեմքեր կյանքում չեն հանդիպում։
Ծխող տղամարդուն դեմքը ծանոթ թվաց, բայց չէր կարողանում  տեղը բերել։
Ուսանողուհիներից մեկը հեծկլտաց։
- Հիվա՞նդ ես,- անհանգստացավ դասախոսը։
- Ինչո՞ւ է լացում,- փորձելով զսպել արցունքները՝  հարցնում էր ուսանողուհին,- ո՞վ է նեղացրել։
- Չի լացում, քրտնել է,- ասաց դասախոսը։
- Շատ շոգ է,- ասաց խառը կանաչիով կինը,- այսպիսի շոգ…
- Ի՞նչ է սա 45-ի շոգի համեմատ,- ընդհատեց մեդալազարդ, կարկատած բաճկոնով ծերուկը,- դուք չեք կարող հիշել, այն ժամանակ երևի ծնված էլ չէիք…
-Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ,- դողդոջուն ձեռքերը դեպի նա պարզած՝ ասաց պառավը,- դա մոռանալն անհնար է…
-Ինչպե՞ս չեք տեսնում,- ուսանողուհին չէր կարողանում զսպել արցունքները,- նրան նեղացրել են, նա դժբախտ է։
-Արևային հարված է,- ասաց խառը կանաչիով կինը։
-Երբ վերադարձանք Բեռլինից,- շարունակում էր ծերուկը,- ծարավ էինք։
-Գիշերները քնել չէր լինում,- ավելացրեց պառավը։
- Ի՞նչպես չեք տեսնում,- գոռում էր ուսանողուհին,- ինչպե՞ս չեք տեսնում։
- Գնա տուն,- ասաց դասախոսը։
- Գիշերները սպիները նվվում էին։
-Սիրած աղջիկներից շատերը չէին սպասել։
Ուսանողներից մեկի աչքերը  քրտնեցին։
-Սա ի՞նչ համաճարակ է,- բացականչեց դասախոսը,- քե՞զ ինչ եղավ։
-Ոչինչ,- ասաց տղան,- պարզապես գեղեցիկ է։
- Հինգ տարում դեռ շատ գեղեցիկ բաներ եք տեսնելու, ամեն մեկի վրա որ լացեք, պետականներից կտրվելու համար արցունք չի մնա։
- Շոգ է,- ասաց խառը կանաչիով կինը։
Պառավը ինքնամոռաց տարուբերում էր գլուխը.
- Ամուսինս քնի մեջ գոռում էր…
Չէ՛, տեղը չի բերում։ Չէ՛։
- Ես եմ մեղավոր,- ասաց տղան,- նա կարող էր ապրել։
Ծխող տղամարդը միզելու ցանկություն ունեցավ։
- Սովորական դեմք է,- ասաց՝ նետելով ծխախոտն ու շրջվելով։
-Վերածննդի վարպետներից թխած։
-Ոչ մի արտառոց բան։
-Այսպիսի դեմքեր Երևանում թափած են ամեն քայլափոխի։
- Չես կարողանում ազատվել զգացողությունից, թե ճանաչում ես։
Պառավը տարուբերում էր գլուխը։
- Որովհետև այն տիպականացված է ,- ասաց դասախոսը,- տիպականացված ու իդեալականացված։
- Իդեալականը Բաղրամյանի վրա կանգնողներն են,- ասաց ծիծաղեցնելու  ցանկությամբ տառապող մի անցորդ՝ շարունակելով ճանապարհը նեղացած, որովհետև ոչ ոք չծիծաղեց։
Տղամարդը հեռանում  էր գլուխը կախ՝ վախենալով նայել շենքերին, որ քայլում էին հակառակ ուղղությամբ։
-Այո,- ասաց ծերուկը,- դա մոռանալն անհնար է։
Պառավը տարուբերում էր գլուխը։
-Շոգ է,- ասաց խառը կանաչիով տիկինը։
Ես հոգնեցի ու փակեցի աչքերս։

Տանս դուռը փակ էր։ Բանալին կորցրել էի ու երջանիկ էի։ Նայում էի պատուհաններիս՝ փորձելով կռահել ներսում ապրողի մասնագիտությունը, նախասիրությունները, կարգավիճակն ու հոգեվիճակը։ Հետո հոգնեցի ու ցանկացա տուն գնալ։ Բայց տանս դուռը փակ էր, ու բանալի չկար։ Պետք էր մի ճար գտնել։ Գնացի ճար որոնելու, ու որովհետև չգտա, ստացվեց, որ հենց այնպես թափառեցի։ Բոլոր խանութները մտնելով, կոշիկներ ու զգեստներ փորձելով, հարցնելով ամենատարբեր ապրանքների գները՝ հասա փակ շուկա։ Այստեղ էլ հանդիպեցի նրանց՝ տելեպուզիկներին։ Վեց-յոթ հոգի էին՝ տարբեր չափերի ու գույների։ Համբուրում էին իրար վրա դարսած մրգերը, թքոտում, անհեթեթ շարժումներ ու ձայնարկություններ անում  վաճառողներին զվարճացնելու համար։ Բայց ավելի շատ նյարդայնացնում էին։   Հենց ինձ տեսան, հարձակվեցին վրաս ու սկսեցին քաշքշել շորերս։ Վաճառողներից մեկը, կարծելով, թե հնարավոր գնորդ եմ, դուրս շպրտեց նրանց շուկայից։ Աստիճանների մոտ կանգնել, լացելու ձևեր էին անում։
-Մեղք են,- ասացի վաճառողին,- պետք չէր այդպես վարվել։
-Հեչ էլ մեղք չեն, ամբողջ օրը ոտքի տակ են ընկնում, միմոսություններ անում, գնորդներին խրտնեցնում,- ու,  շարունակելով կարծել, թե հնարավոր գնորդ եմ, փորձեց սիրտս շահել,- դուք դրանց մասին մի՛ մտածեք, աներեսներ են, չեք տեսնո՞ւմ՝ ձևեր են թափում։
Տելեպուզիկների տեսքը անպաշտպան էր։
- Ինչո՞վ կարող եմ օգնել,- վերջապես հարցրեց վաճառողը։
- Պետք չէր այդպես վարվել երեխաների հետ։
- Ի՞նչ երեխաներ,- վաճառողը կասկածեց, թե գնորդ եմ,- մուլտիկներ են, էլի,- հայացքում հեգնանք հայտնվեց,- կուզե՞ք՝ հետ կանչեմ։
- Չէ,- ասացի։
- Ոչինչ չե՞ք կամենում,- վերջին ստուգողական հարցը տվեց, թեպետ արդեն կարող էր գրազ գալ, որ գնորդ չեմ։
- Չէ,- ասացի,- պետք չէր այդպես վարվել։
Ու շրջվեցի դեպի ելքը։ Թիկունքումս վաճառողների կուտակում զգացի, ականջիս  «գիժ էր», «տելեպուզկներին խղճաց», «առնող չէր» ու այլ փսփսոցներ հասան, քայլերս արագացրի, բայց չհասցրեցի դուրս գալ՝ թիկունքիս փտած պոմիդորների, ձվերի և հատուկ չգնորդներին ռմբակոծելու համար նախատեսված այլ նեխած բաների տարափ տեղաց։ Տելեպուզիկները պատասխան նետումների ու հոգով ինձ հետ լինելու շարժումներ էին անում։ Երբ հասա իրենց, կախվեցին ոտքերիցս՝ խանգարելով քայլել։ Մեզ մի կերպ հաջողվեց փախչել կատաղած վաճառողներից։
Հիմա ինձ տելեպուզիկներն էին տանում։ Ես ուժ չունեի հակառակվելու, մանավանդ, որ բանալիս կորցրել էի և գնալու տեղ չունեի։ Քաղաքից դուրս եկանք ու քայլում էինք դաշտերով։ Տելեպուզիկները թռչկոտում էին, ծաղիկներ քաղում ինձ համար, գետնամորի հավաքում, վազվզում թիթեռնիկների հետևից, մողես բռնում, դոդոշ, բզեզ։Երբ մութն ընկավ, կարգին մոլորվել էինք։ Տելեպուզիկները սկսեցին նվնվալ. հոգնել էին, քաղցած էին, մրսում էին և վախենում։ Գիրկս էին բարձրանում, թռչում շալակս, մտնում փեշիս տակ, կառչում ոտքերիցս։ Շատ մեղկ էին։ Ես էլ հազիվ էի կանգնում ոտքի վրա, ու մի կերպ հասանք միջնադարյան ամրոցի ավերակներին։ Կանգուն պարսպի տեսքը վստահություն ներշնչեց։ Մտածելով, որ ներսում ավելի ապահով կգիշերենք՝ մուտք էի փնտրում։ Բայց մուտքին դարպաս կար։ Ներսից էլ անցուդարձի ձայներ էին գալիս։ Մնացյալ ու միացյալ ուժերով սկսեցինք թակել դարպասը՝ ես ու տելեպուզիկները։
- Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում,- ձայնեցին աշտարակից։
- Օթևան,- հազիվ լսելի արտաբերեցի ես,- օթևան ենք ուզում։
- Կին է,- ասաց մի ուրիշ ձայն կողքի աշտարակից,- լավիկն է երևում։
- Հետդ ո՞վքեր են,- հարցրեց առաջին ձայնը։
- Երեխեքս,- հազիվ լսելի արտաբերեցի ես,- երեխեքս։
- Ոնց որ սատանեք լինեն,- պատասխանեց երկրորդը։
- Ուշացել եք,- ասաց առաջինը,- դարպասը փակել ենք։
- Ուշացածներ էլի կան, պարսպի մոտերքում պիտի լինեն, հետները գիշերեք, մինչև լույսը բացվի։
Ոտքերս քարշ էի տալիս՝ պարսպից բռնված, որ չկորցնեմ հավասարակշռությունս ու չշեղվեմ ճանապարհից։ Պինդ մութ էր ու էլ ավելի պինդ լուռ, միայն տելեպուզիկներն էին նվնվում։ Աշտարակից խոսակցության պատառիկներ հասան ականջիս.
- …իզուր չթողեցինք, լավիկն էր…
- …դիվահար էր երևում…
- …պատմելու բան կունենայինք…
Մի լրիվ պտույտ գործեցի պարսպի շուրջը, բայց ուրիշ ուշացածներ չկային։ Հավասարակշռությունը պահել չհաջողվեց. փռվեցի խոտերի վրա ու վեր կենալու ուժ էլ չունեի։ Ցուրտ էր։ Տելեպուզիկները սեղմվեցին ինձ, ծածկվեցին զգեստիս մնացորդներով, քնեցինք։ Գիշերը մեկը շատ էր նվնվում, ձեռքս տարա, որ հանգստացնեմ՝ լիզեց։
Զարթնեցի ու սարսափեցի. տելեպուզիկները գայլերի էին վերածվել՝ ամենաիսկական։  Ամայի դաշտ, միջնադար, շուրջս՝ քնած գայլեր։ Մեկը՝ որի վրա ձեռքս դրել էի, զարթնել ու ինձ էր նայում անթարթ, փայլուն աչքերով, որոնցից անհնար էր կռահել, թե ինչ է մտածում։
Նորից արթնացա։ Փառք Աստծո։ Լվացվեցի ու, թևերս պատեպատ խփելով,  թռա խոհանոց։ Ժանգոտ թակարդը մուկ էր ընկել։ Գեղեցիկ մուկ էր՝ թակարդի տակ փռված, ինչպես կինը՝ տղամարդու։ Կռացա, որ մոտիկից նայեմ, երկար բեղերը դողացին։ Դողացին չռված, թակարդի տակից դուրս պրծած ոտքերն ու ձեռքերը։ Աչքերը բացեց, նայեց ինձ հիվանդ աղջկա հայացքով։ Խոշոր, տխուր, հայկական աչքեր էին։ Թուքը կուլ տվեց, փակեց աչքերը՝ կոպերը պինդ սեղմելով, ու կրկին դողացին բեղերը, ոտքերը, ձեռքերը։ Իմ ձեռքերն էլ սկսեցին դողալ։ Դա ինձ անսպասելի ջղայնացրեց. մուկ է, էլի։ Մո՛ւկ։ Բացեցի սառնարանը, հաց, պանիր, կանաչի հանեցի, նստեցի սեղանի մոտ ու սկսեցի ուտել ցուցադրական ախորժակով։ Մուկը աչքերը բացել, նայում էր՝ ոնց եմ ուտում։ Բարի նախանձով։ Ընկերական-անչար։ Հեզ-խոնարհ։ Թուքը կուլ տալով։ Ամոթխած։ Կերածս բկիս էր կանգնում, ինձ գիշատիչ անասուն էի զգում։ Ձեռքերս դողում էին։ Հացուպանիրս առա, գնացի հյուրասենյակ, բայց էլի էին դողում։ Լսում էի՝ ոնց է շարունակում թպրտալ։ Չդիմացա։
Ձեռքերս այնպես էին դողում, որ թակարդը հազիվ բռնեցի։ Մուկը նայում էր ինձ նախնու հայացքով։ Աշխարհը ինձ հանձնելով։ Հանձնվելով։ Էլ չէր վախենում։ Կորցնելու բան էլ չուներ։ Աչքերս փակեցի ու թակարդը խփեցի գետնին։ Ուժեղ։ Մի հատ էլ։ Նորից։ Աչքերս պինդ փակած, պատեպատ խփվելով՝ դուրս եկա խոհանոցից, ձեռքերիս ու ոտքերիս դողն ուժեղանում էր, աչքերս վախենում էի բացել ու փորձում էի փակել  ականջներս, որ չլսեմ՝ ոնց է շարունակում թպրտալ։
Տանը մնալն այլևս անտանելի էր։ Բայց դուռը փակ էր, ու բանալին չէի գտնում։ Դռան վրա չէր։ Ու չգիտեի՝ ուր եմ դրել։ Ու չկար։ Ու լսում էի՝ ոնց է թպրտում։ Ու տանը մնալն այլևս անտանելի էր։
Զարթնեցի։ Վերջապես։ Ինձ նետեցի խոհանոց։ Ժանգոտ թակարդի մեջ մուկ կար։ Դիմագծերը սկսել էին լղոզվել։ Բանալին, ստուգեցի,  դռան վրա էր։ Հագնվեցի ու դուրս եկա։ Փորս գազերից ուռել  էր։ Քայլում էի փողոցով, ու ամեն քայլի հետ մի քիչ էլ էր փքվում։ Մինչև հասա մետրո, արդեն ինն ամսական հղի էի։ Անսպասելիությունից վատացա, ուշաթափվեցի։ Բարի մարդիկ շտապօգնություն կանչեցին։ Ծննդատանը բժիշկներն ասացին, որ ուր որ է կծնեմ։ Ծննդաբերությունը հեշտացնելու ու ցավերը մեղմելու նպատակով խորհուրդ տվեցին հեծանիվով մի քանի պտույտ անել։ Հեծանիվ քշող ուրիշ հղիներ էլ կային։ Մեկի հետ բախվեցի-ընկա։ Բժիշկները ծննդաբերությունս հայտարարեցին սկսված։  Հրամայեցին կանգնել չորեքթաթ։ Ցավ չկար, բայց խնդրում էի, որ կեսարյան անեն։ Բժիշկները ծիծաղում էին՝ ասելով, թե ամեն ինչ լավ կլինի, ու ինչ-որ երկաթյա գործիքներ էին մտցնում մեջս։ Արգելեցի մկրատ գործածել։ Բժիշկներն ասացին, որ ոչինչ կտրելու կարիք չկա, միջինս շատ փոքր է և ուր որ է դուրս կգա։ Ինչ-որ մեկը հեռվից գոռաց, թե գլուխն արդեն երևում է։ Ոտքերիս արանքով նայեցի. տատս էր։ Գլխիվայր։
Վերջապես ծնեցի։ Երկար ժամանակ չէին կարողանում որոշել սեռը։ Հետո դրեցին գիրկս. փոքրիկ, ռետինից տիկնիկ էր՝ խոշոր, նշաձև աչքերով. ոնց որ այլմոլորակայինի չիր լիներ։
-Կարևորը՝ այնտեղ ոչինչ չկտրեցին,- ասացի տատիս։
Տատս սկսեց ծիծաղել.
- Տեսա՞ր՝ նույնիսկ չզգացիր։ Թե ինչո՞ւ էիր այդքան վախենում…
- Ի՞նչ իրավունքով,- գոռում եմ,- ես խնդրեցի կեսարյան անել, բայց չկտրել այնտեղ, ուրեմն ինձ համար կարևոր էր, ի՞նչ իրավունքով…
- Կարևորը,- ասաց տատս,- զավակ ունես, որ սոված է։
- Գոնե կաթ չունենամ,- ասացի,- ո՞նց եմ էս զզվանքին կերակրելու։
- Որ կուրծքդ բռնի,- ասաց,- էլ զզվանք չի լինի։
- Զուգարան եմ ուզում,- ասացի, տիկնիկը հանձնեցի տատիս ու դուրս եկա։ Միջանցքում դասընկերներիցս մեկին տեսա, խոսքի բռնվեցինք, դիսկոտեկ հրավիրեց։ Գնացինք։ Կես ճանապարհին կարերս սկսեցին մզմզալ, ու հիշեցի, որ ծնել եմ, որ երեխա ունեմ, որ հանձնել եմ տատիս, որ մոռացել եմ, որ հիմա արդեն երևի սովամահ եղավ, որ սկզբից էլ ողջ չէր, որ…
- Չես գալի՞ս,- զարմացավ դասընկերս։
Կանգնել էի ու չգիտեի՝ դիսկոտե՞կ գնամ, թե՞ հետ՝ ծննդատուն։ Կրծքերս սկսեցին փքվել, ուռեցին- ճղեցին զգեստս, դուրս պրծան և շարունակում էին աճել՝ սարսափազդու ծավալներ ու ձևեր ընդունելով։ Պտուկներս չդիմացան, պատռվեցին, ու սպիտակ շիթը շատրվանեց ապշահար դասընկերոջս վրա, մարդկանց, որ անցնում էին կողքով,  ծաղիկների ու ծառերի։ Բոլորը ճչում էին ու փախչում։ Ես օգնություն էի կանչում, հետո սկսեցի զվարճանալ ու ջրել անցնող-դարձողին։ Բայց կրծքերիս աճը չէր դադարում, ու շուտով այնքան մեծացան, որ ես ստիպված էի կրծքի վրա կանգնել, ավելի ճիշտ՝պառկել։  Արդեն ամբողջ մայթն էին զբաղեցրել, ու շարժվելն անհնար էր։ Մարդիկ մատով ցույց էին տալիս, մոտենում, խմբվում շուրջս, իսկ կրծքերս շարունակում էին աճել, ու ոչինչ անել հնարավոր չէր։
 Զարթնեցի։ Այս անգամ դռան զանգից։ Քնաթաթախ, պատեպատ խփվելով՝ բացեցի դուռը։ Ոչ ոք չկար, բացի դեղին կատվից։ Չէի հասցրել բանալին մինչև վերջ պտտացնել, նորից զանգեցին։ Ու նորից մարդ չկար։ Տհաճ նախազգացումով փակեցի դուռը ու ապահովության համար գցեցի շղթան։ Լվացվելիս հյուրասենյակից թաղման քայլերգ լսեցի. ընկերուհիս  ու նախկին սիրեկանս, բազմոցին նստած, տաք-տաք վիճում էին։ Ուզում էի սուրճ սարքել երեքիս համար, երբ բակում բեռնատար մեքենա կանգնեց՝ մեջը լիքը ժողովուրդ։ Առաջինը մայրս դուրս եկավ, հետևից՝ մյուսները՝ մեղուների պես բզզալով։ Իրենց հետ սեղաններ ու նստարաններ էին բերել։ Շարեցին հյուրասենյակում, ծածկեցին սպիտակ սփռոցներով, զարդարեցին ուտելիքներով։ Ընկերուհիս ու նախկին սիրեկանս, իրարից ու ինձնից խռոված, պատրաստվում էին դուրս գալ տնից՝երկուսն էլ դուռը շրխկացնելով։ Մայրս ինձ ուղարկում էր ափսե-դանակ-պատառաքաղի, աղի ու հացի հետևից, գոռգոռում վրաս, շտապեցնում։ Հոգնեցի, դուրս եկա, որ գնամ, ու չէի կարողանում. տանս դուռը բաց էր, ներսում՝ աղմուկ, անծանոթներ։ Չգիտեի՝ ինչ անել։ Արթնացա։

Զարդասեղանի հայելու վրա սավան է քաշած։ Պատուհանը բաց է։ Պատի ժամացույցի մեծ սլաքը նայում է նիշերից ինչ-որ մեկին։
ՏՂԱՄԱՐԴ-(պատուհանի մոտ կանգնած՝ ծխելով) Ծառերը կանգնած են մեռնում։
ԵՍ- (բազմոցին պառկած) Ջուրը քար է տաշում։
ՏՂԱՄԱՐԴ- (հեգնանքով) Տաշած քարը գետնին չի մնա։
ԵՍ- Առուն իր ճանապարհը կգտնի։
ՏՂԱՄԱՐԴ- Նույն գետն երկու անգամ չես մտնի։
ԵՍ- Նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում։
ՏՂԱՄԱՐԴ- Լավագույն նորը մոռացված հինն է։
ԵՍ- Ոչինչ նոր չէ այս լուսնի տակ։
ՏՂԱՄԱՐԴ- Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։
ԵՍ- Առաջին հացը կուտ է  գնում։
ՏՂԱՄԱՐԴ- (դուրս նետելով ծխախոտը) Գնա մեռի, արի սիրեմ։
ԵՍ- Շատ մի սիրի, ատել կա։
ՏՂԱՄԱՐԴ- (մոտենալով բազմոցին) Շատ մի ատի, սիրել կա։
ԵՍ- Սերը աթարին է կպչում։
ՏՂԱՄԱՐԴ- (նստելով կողքս) Սերը հուշ է, սերը փուշ է, ով սեր չունի, նա ապուշ է։
ԵՍ- Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։
ՏՂԱՄԱՐԴ- (փոխելով դեմքիս դրված թրջոցը) Մի գնա քեզ ծիծաղացնողի մոտ, գնա քեզ լացացնողի մոտ։
ԵՍ- Արյունը արյունով կլվացվի։
ՏՂԱՄԱՐԴ- (կատակով) Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։
ԵՍ- Կա քարեր հավաքելու ու քարեր նետելու ժամանակը։
ՏՂԱՄԱՐԴ- Մինչև շուշանը զարդարվի, պատարագը կվերջանա։
ԵՍ- Ուշ լինի՝ նուշ լինի։
ՏՂԱՄԱՐԴ- Երկաթը տաք-տաք են ծեծում։
ԵՍ- Լավ է ուշ, քան երբեք։
ՏՂԱՄԱՐԴ- Երբեք մի ասա երբեք։ (վեր կենալով)
Լռություն։ Ժամացույցի չըխկչխկոց։ Հարևանի դռան զանգ։ Սառնարանի անջատվելու ձայն։ Երեխաների խոսակցություն փողոցից։
ՏՂԱՄԱՐԴ- (հոգոցաշատ) Թուլություն, անունդ կին է։
ԵՍ- Ուժեղի մոտ թույլն է մեղավոր։
ՏՂԱՄԱՐԴ- (ուսերը վեր քաշելով) Ով աշխատի, նա ուտի։
ԵՍ- Որտեղ հաց, էնտեղ կաց։
ՏՂԱՄԱՐԴ- (սենյակի մեջտեղում կանգնած) Աշխարհը դմակ, մարդը դանակ։
ԵՍ- Աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես։
ՏՂԱՄԱՐԴ- (սանրելով մազերը) Եղունգ ունես, գլուխդ քորի։
ԵՍ- Չունես փող, դարձիր հող։
ՏՂԱՄԱՐԴ- (մեքենայաբար նայելով սավանածածկ հայելուն) Փողը փող է սիրում։
ԵՍ- Փողը ձեռքի կեղտ է։
ՏՂԱՄԱՐԴ- (հեգնական)  Ով կարդա, նա մարդ ա։
ԵՍ- Գրքի գողը գող չէ։
ՏՂԱՄԱՐԴ- Ձվի գողը ձի էլ կգողանա։
ԵՍ- Ձի, ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի։
ՏՂԱՄԱՐԴ- Ձկնիկ, իջիր հատակը, մինչև անցնի վտանգը։
ԵՍ- Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը։
ՏՂԱՄԱՐԴ- Մեկ, երկու, երեք, ձմերուկը բերեք։
ԵՍ- Մատիտ, տռեմ ճակատիդ։
ՏՂԱՄԱՐԴ¬ Հոպ, ոռդ՝ չոփ։
Լռություն։ Հարևանի մահճակալի ճռճռոց։ Զուգարանի ջուրը քաշելու ձայն։ Գնդակի խփոցներ դրսից։
ՏՂԱՄԱՐԴ- (պատուհանից նայելով) Կատուն կարծեց՝ կեղտը դեղ է, խորը թաղեց։
ԵՍ-  (փոխելով դեմքիս դրված թրջոցը) Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի դիր։
ՏՂԱՄԱՐԴ- (մեղավոր) Շունը մարդու բարեկամն է։
ԵՍ- Իսկական բարեկամը նեղության ժամանակ է իմացվում։
ՏՂԱՄԱՐԴ- (հետուառաջ քայլելով) Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է։
ԵՍ- Մարդուն ճանաչելու համար հետը ճանապարհ գնա։
ՏՂԱՄԱՐԴ- (երևալով ավելի փոքր մակերեսով) Կարևորը մարդու սիրտը մաքուր լինի։
ԵՍ- Սրտում տեղ լինի, կճուճում յուղ կլինի։
ՏՂԱՄԱՐԴ- (նստելով կողքս, բռնելով ձեռքս) Քեֆ անողին քեֆ չի պակսի։
ԵՍ- Իմ սև սիրտ, քո կարմիր…
ՏՂԱՄԱՐԴ- (մեղավոր, ուղղելով դեմքիս դրված թրջոցը) Կարմիր կովը կաշին չի փոխում։
ԵՍ- (փորձելով ազատել ձեռքս) Էշը էշ էլ կմնա, թեկուզ Բեռլին նա գնա։
ՏՂԱՄԱՐԴ- (բաց չթողնելով ձեռքս, գլուխը փորիս դնելով) Խոզի գլուխը դրեցին խալու  վրա, գլորվեց, ընկավ ցեխի մեջ։
ԵՍ- (գլուխը հրելով) Մարգարիտները խոզերի առջև մի՛ թափիր։
ՏՂԱՄԱՐԴ- (ձեռքովս խփելով իր գլխին, ինքնախարազանաբար) Ասողին լսող է պետք։
ԵՍ- Ճաղատը դեղ ունենա, իր գլխին կանի։
ՏՂԱՄԱՐԴ- (գնալով ավելի ու ավելի փոքր մակերեսով երևալով) Լամպն իր տակ լույս չի տալիս։
ԵՍ- Ցավը քաշողը գիտի։
ՏՂԱՄԱՐԴ- (ձեռքս մոտեցնելով շուրթերին) Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։
ԵՍ- Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։
ՏՂԱՄԱՐԴ- Արտը խախուտ, մահանան կարկուտ։
ԵՍ- (ջղային) Սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում։
ՏՂԱՄԱՐԴ- (կատաղած) Ով տռի, ով գնա սանատորիա։
ԵՍ- Աստծունը Աստծուն, կեսարինը՝ կեսարին։
Լռություն։ Սառնարանի միանալու ձայն։ Հարևանի հեռախոսի զանգ։ «Ալլո, լսում եմ,շնորհակալություն՝ լավ, ո՞վ, հա, իհարկե հիշում եմ, ինչպե՞ս եք»։ Գնդակ տշելու ձայն  դրսից։
ՏՂԱՄԱՐԴ- (պառկելով վրաս) Վատ լուրը շուտ է տեղ հասնում։
ԵՍ- (փորձելով դուրս գալ տակից) Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չի կառուցվում։
ՏՂԱՄԱՐԴ- (թևերս ոլորելով) Փոս փորողն ինքն է ընկնում փոսի մեջ։
ԵՍ- Պապն ամեն անգամ գաթա չի ուտում։
ՏՂԱՄԱՐԴ- (համբուրելով ականջս) Փորձված աղվեսը զույգ ոտքով է ընկնում թակարդը։
ԵՍ- Մի կրակոցով երկու նապաստակ չես խփի։
ՏՂԱՄԱՐԴ- (համբուրելով ուսերս) Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա։
ԵՍ- Կուզիկին գերեզմանը կուղղի։
ՏՂԱՄԱՐԴ-  (քանդելով շապիկիս կոճակները) Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։
ԵՍ- (դեմքս ցավից ծամածռելով) Ծիծաղի վերջը լաց է։
ՏՂԱՄԱՐԴ- (անուժ ընկնելով վրաս) Լինել, թե չլինել՝ սա է խնդիրը։
ԵՍ- (տակից) Ընկերովի մահը հարսանիք է։
ՏՂԱՄԱՐԴ- (վրայից) Ահը վեր է, քան թե մահը։
ԵՍ- Մահը մերն է, մենք՝ մահինը։
ՏՂԱՄԱՐԴ- (արդեն բոլորովին չերևալով) Մեռելներին թող թաղեն մեռելները։
ԵՍ- Երանի հոգով աղքատներին։ (հոգնելով ու փակելով աչքերս, որ արդեն վաղուց փակ էին)

Պատին ուրիշ գլուխներ էլ կային՝  տղամարդկանց. մեկը մորուքավոր, մյուսը թրաշված։ Մեկը աջ կողքիս, մյուսը՝ ձախ։ Վրայովս իրաքյան պատերազմն էին քննարկում։ Հենց աչքերս բացեցի, բարի գիշեր մաղթեցին իրար։ Մորուքավորն իսկույն սկսեց բազմաձայն խռմփացնել։ Թրաշվածը նայեց ինձ չտեսնելու պես ու նույնպես փակեց աչքերը։ Երկու դեմքն էլ ծանոթ էին, բայց տեղը չբերեցի։ Մութ էր։ Փողոցում մարդ չկար։ Միայն վերևում լուսինն էր՝ անորոշ օրեկան։ Հեռու-հեռվում հազիվ նշմարվող մեկը հեռանում էր։ Բայց երբ սկսեց ավելի լավ նշմարվել, հասկացա, որ մոտենում է։ Անշտապ, հաստատուն քայլերով եկավ, կանգնեց դիմացս, ու նոր միայն տեսա, որ գլուխ չունի։ Հագուստից էլ դժվար էր կռահել՝ տղամարդ է, թե կին։
- Ո՞վ ես,- բացականչեցի զարհուրած։
- Անգլուխ անցորդ եմ,- ասաց։
- Ի՞նչ ես ուզում,- հարցրի տանտիրոջ պես։
- Դու լավ գիտես,- պատասխանեց, ու նկատեցի, որ իմ շուրթերն են շարժվում։
- Անհնար է,- բացականչեցի,- անհնար է… Օգնությո՜ւն…
Ափով փակեց բերանս.
- Տեսնո՞ւմ ես՝ ձեռուոտ ունենալն իր առավելությունն ունի,-ափը հեռացավ բերանիցս ու սահեց մազերիս վրայով, ճակատիս, աչքերիս։ Ձեռքը կանացի էր, բայց տղամարդու պես էր շոյում,- ո՜նց էի կարոտել քեզ…
-Ո՞վ ես,- ասում եմ՝ աչքերս հաճույքից կիսափակ։
- Ես եմ ախր, չես ճանաչո՞ւմ, ես եմ՝ դու։
Ձեռքերը տարավ-բերեց, հանեց բլուզը. փոքրիկ, ցցուն կրծքեր ուներ՝ մեծ, մուգ պտուկներով, որ նման էին աչքերի։
- Տեսնո՞ւմ ես՝ դեռ ջահել եմ ու ցանկահարույց,- ասաց։
-Ինձ ի՞նչ։
-Դեռ խելքի չե՞ս եկել։ Գնամ, մի քիչ էլ թափառե՞մ։ Իբր հանճարեղ ես, բայց տարրական բանը չես հասկանում. գլուխն առանց մարմնի ոչ ոքի պետք չէ։
- Գլուխ մի՛ հարթուկիր։ Որ այդքան մեծ կարծիքի ես իմ մասին, ինչի՞դ եմ պետք։
- Հիմար գլուխը չեղածից լավ է։
Թրաշվածը ծծեր տեսնելու ձրի հնարավորությունից աշխուժացել, մորուքավորին արթնացնելու փորձեր էր անում։
- Հագնվի՛ր,- ասացի,- փողոցում ես։
- Ինչի՞ց ես վախենում, մեկ է՝ անվնաս են։ Թո՛ղ նայեն։ Ես արժանի եմ նրան, որ ինձ նայեն, որ ցանկանան ինձ, որ սիրեն։
- Եվս մի քանի տարի, ու կփտես։
- Ո՞նց չես ուզում հասկանալ, որ ես դու եմ,¬գոռաց՝ կրծքերը թափահարելով,- այդ մենք ենք փտելու, ոչ թե ես, մե՛նք, ու հենց միայն դրա համար պետք է ապրել։
- Հերիք էր,- ասում եմ,- հոգնեցի։
- Մեզ դեռ կարող են սիրել, մենք դեռ կարող ենք սիրել…
- Չէ,- ասացի,- միայն ոչ դա։
-Հնարավոր չէ փախչել կյանքից, հնարավոր չէ փախչել սի…
-Չէ,- գոռացի,- ոչ դա, ոչ դա, ոչ դա, ոչ դա…
-Լավ, լավ,- ամուր գրկեց հեծկլտացող գլուխս ու սեղմեց կրծքին։ Մեծ, տաք պտուկը մտավ բերանս։ Կծեցի ու ճչացի։  Տաք շիթը ցայտեց քիմքիս։ Արցունքներս հոսում, լցվում էին բերանս։ Փակեցի ու սկսեցի ծծել. գոլ, թթվաշ կաթը լցվեց ուղեղիս մեջ։ Աչքերս փակ՝ հաճույքից ու ցավից մռռում էի։
- Սերս,- շշնջում էր նա իմ շուրթերով,- ո՜նց էի կարոտել քեզ, ո՜նց էի կարոտել, արի էլ չկռվենք,- ասում էր,- մեզ ոչ ոք պետք չէ, ոչ ոք…
Մորուքավորն ու թրաշվածը ապշահար նայում էին։
-Գնանք տուն,- ասաց՝ գլուխս պատից պոկելով,- այստեղ ցուրտ է։
-Բանալին գտե՞լ ես,- հարցրի։
-Բանալի՞ն, չէր էլ կորել։
Մուտքում մութ էր, ու բանալին դուռը չէր բացում։ Նա սեղմեց զանգի կոճակը։
- Ինչի՞ ես զանգում,- գոռացի,- ո՞վ պիտի բացի, ո՞վ։
Ձեռքերը սկսեցին դողալ։ Մեկը խոթեց գրպանը, մյուսում գլուխս էր՝ ցնցնվող։
-Ամեն ինչ լավ կլինի,- ասաց,- կարևորն՝ իրար հետ ենք, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ…
Դուռը ոչ ոք չբացեց։ Իրար գրկած՝ նստել էինք սառը հատակին։
-Չծխե՞նք,- ասաց՝ բերանս սիգարեթ դնելով ու վառելով։
Կրակից դուռը շողարձակեց։ Լուցկին փչեց ու արագ փակեց աչքերս։
- Ի՞նչ էր,- ասում եմ,- թող տեսնեմ։ Ես պիտի տեսնեմ,- ասում եմ,- թո՛ղ։
Չէր թողնում։ Մյուս ձեռքով փորձում էի պոկել մատերն աչքերիցս, չէր ստացվում, ասես ներաճած լինեին գանգիս մեջ։ Ամուր սեղմել էր ինձ կրծքին։ Սիրտը խփում էր արագություն հավաքող շարժիչի նման։
- Թող տեսնեմ, թող,- ասում էի, բայց մատների արանքով արդեն տեսել էի. դռան վրա ցուցանակ էր փակցված՝
ԱՅՍ ՏԱՆՆ ԱՊՐԵԼ ԵՆ
2003թ.        

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր