ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ
Համբարձում Համբարձումյանին
Դու մենակ ես
ու դու դա գիտես,
քեզ ոչ ոք չի խաբի։
Դու փորձում ես քայլել,
հա փորձում ես քայլել,
բայց դու ճանապարհն ես։
Փոքրիկ, ժրաջան արարածներ
վազվզում են քո վրայով՝
անսկիզբ ու անվերջ։
Փոքրանում, փոքրանում, փոքրանում ես,
այնքան շատ ես ուզում ժպտալ նրանց,
ում ստեղծեցիր։
Բայց դու դեռ ահռելի ես՝
անապատ, օվկիանոս ու երկինք,
նրանք քո ժպիտը չեն տեսնում։
Դու մենակ ես։
Դու մենակ ես։
Դու մենակ ես։
18.11.18թ.