11.07.2017

Ծնողների հետ բարդ հարաբերությունների մասին


Ծնողներս միշտ ընդդիմանում ու հանդիմանում էին ինձ.
սկզբում պետական դրոշը շարֆի տեղ կապելու
և կարմիր շրթներկ քսելու առիթով,
ապա՝ հագուկապիս չհետեւելու, չշպարվելու
և ինձ կանացի տեսքի չբերելու համար։
Նրանք դեմ էին, որ լինեմ ապրանք
կամ դառնամ տնային տնտեսուհի,
բայց դեմ էին նաև, որ սովորեմ ֆիզմաթ դպրոցում
ու դառնամ աստղաֆիզիկոս,
ապա դեմ էին, որ ընդունվեմ թատերական ինստիտուտ
և դառնամ ռեժիսոր,
նրանք դեմ էին, որ ես շատ մեծ նվաճումներ ունենամ
և համաձայն չէին, որ դրանք լինեն փոքր։
Նրանք դեմ եղան, որ ամուսնանամ 17-ում,
իսկ 18-ս լրանալուն պես՝
կյանքս էին ուտում, որ չեմ ամուսնանում։
Նրանց երբեք դուր չէր գալիս իմ այդ պահի ընկերուհին
և հանգամանքը, որ ընկերներս մեծ մասամբ տղաներ են,
կասկածելի էր թվում նրանց,
իսկ եթե աղջիկներն ընկերներիս մեջ ավելի շատ էին լինում,
դա նրանց կասկածելի էր թվում նույնիսկ էլ ավելի։
Նրանց երբեք դուր չէին գալիս տղամարդիկ,
որ դուր էին գալիս ինձ։
Նրանց դուր չէր գալիս, որ մեծամիտ եմ,
ապա դուր չէր գալիս, որ համեստ եմ պահում ինձ։
Նրանց դուր չէին գալիս իմ երկար փեշը և կարճ տաբատը։
Նրանք ընդդիմանում էին իմ բոլոր ցանկություններին,
և ամենեւին կարևոր չէր, թե ես ինչ եմ ցանկանում,
ինչ էլ դա լիներ, նրանք դիմադրելու էին,
ասես ես էի նրանց ծնողը,
իսկ նրանք՝ անցումային տարիքում մնացած
իմ պատանի երեխաները։

2016