22.03.2018

Չգրված բանաստեղծություններ

Նրանք, ինչպես վայրի թռչուններ,
հայտնվում են հորիզոնի հետևից
հորիզոնի հակառակ կողմում անհետանալու համար։
Նրանք հայտնվում են շատ անպատեհ՝
երբեմն հանրօգուտ, բայց միշտ անիմաստ
աշխուժակության,
շարժունակության,
շարժունայնության
մարդաշատ ու աղմկոտ ժամերին,
որոնցում անհնար է գտնել մենակության վայրկյան։
Շատ անհարմար պահերի են հայտնվում նրանք՝
երբ հնարավոր չէ ընթացիկը թողնել կիսատ,
երբ հնարավոր չէ դուրս պրծնել շրջապտույտից,
որի մեջ ներքաշում է քեզ աշխարհը սև խոռոչ։
Այդպիսի պահերին երբեք մոտակայքում
չի գտնվում գրիչ,
համակարգիչ,
թուղթ
ու ընդհանրապես որևէ կրիչ։
Բայց նրանք՝ այդ չգրված,
չէ, դեռ չգրվելիք բանաստեղծությունները,
այնքան գեղեցիկ են, ավարտուն ու կատարյալ
իսկ երբեմն էլ այնպես ցնցող,
որ թվում է՝ գրառման կարիք չունեն,
անհնար է դրանք մոռանալ։
Բայց  նրանք երամով են թռչում
և թռչում են անընդհատ՝
մեկը մեկից ընտիր,
մեկը մեկին մատնող հավերժ մոռացության։
 - Դրանք իմ բանաստեղծությունները չեն,-
սփոփում  եմ ինքս ինձ,
ես երբեք  չեմ գրի դրանք,
ուստի ես չեմ դրանց հեղինակը,
այլ միայն տեսա նրանց թռիչքի պահին,
երբ գուցե ուղևորվում էին ինչ-որ մեկի մոտ,
տեսնես ո՞վ   դրանք կգրառի,
տեսնես կա՞ ինչ-որ մեկը հորիզոնից այնկողմ։
Միտքը, որ գուցե նորից հանդիպեմ նրանց՝
բանտված ուրիշ բանաստեղծի գրքում,
ինձ համակում է մեկ ուրախությամբ,
մեկ անտանելի խանդով ու կսկիծով։
Բացառվում է, որ ուրիշ մեկը գրառի դրանք,
դրանք իմ երկնքի թռչուններն են՝
ծնված իմ գլխի վերևով ճախրելու համար՝
ազատ, անգիր ու անհիշատակ։

2016