Երեկվա ձյունը հալվում է։ Ի՜նչ կարճատև է այն, ինչ չքնաղ է։ Արևը բարեհաճել է շողշողալ երկնքում և իր կործանարար ճառագայթներով է ողողել ամենը՝ հորիզոնից մինչև հորիզոն։ Երեկվա ձյունը հալվում է, որ ճանապարհ տա վաղվա ձյանը։ Ձյունը չի սիրում նստել ձյան վրա, դրա համար էլ հալվում է այս հաստ ու սպիտակ վերմակը, որ գուցե ամենահաստն ու ամենասպիտակն է լինելու ամբողջ տարում...
Երեկվա սերը հալվում է։ Ի՜նչ կարճատև է այն, ինչ չքնաղ է... Ինձ ու քեզ օտար ինչ-որ մի արև համարձակվել է շողշողալ մեր աչքերում, և նրա կործանարար ճառագայթներով է լցվել ամենը՝ սրտից մինչև սիրտ։ Երեկվա սերը հալվում է, որ ճանապարհ տա վաղվա սիրուն։ Սերը չի սիրում նստել սիրո վրա, դրա համար էլ հալվում է այս ջինջ ու սպիտակ երազը, որ գուցե ամենաջինջն
ու ամենասպիտակն է լինելու ամբողջ կյանքում...
1994
ԾԻԿ գրքից