Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տեսքով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։ Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր անպայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այնքան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից քաղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. << Ի՞նչ պակաս քաղաք ա Ստեփանավանը >>։
Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զավակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. <<Ուզում եմ գնալ Երևան>>։ Հետո ընտանիքս արտագաղթեց Հայաստանից, և ես Երևան տեղափոխվելու համար շարունակեցի պայքարել Մոսկվայում։
Երևանն ինձ ներկայանում էր որպես մի վայր, որտեղ հնարավոր է ազատությունը։ Երբ ես եկա Երևան՝ մենակ ապրելու և իրականություն դարձնելու երազանքներս, 17 տարեկան էի։ Անցյալ դարավերջի իննսնականներին նման բան հաճախ չէր պատահում, և բարեկամների ու հարևանների վերաբերմունքը միանշանակ էր՝ զարմացած, ահաբեկված, դատապարտող։ Հարևաններս սկզբում փորձեցին հասկանալ, թե ինչ պտուղ եմ և, նախադեպ չգտնելով իրենց իրականության մեջ, ինձ կնքեցին այդ ժամանակ հեռարձակվող բրազիլական սերիալի հերոսուհու անունով՝ Ասոսենա։
Երևանն ինձ տրվեց հեշտությամբ, կամավոր և սիրով։ Չկար մի տեղ, ուր ես գնայի, ու դռներն իմ առջև լայն չբացվեին, ինչպես տանտիրոջ առջև։ Ինձ տանում էին խմբագրությունից խմբագրություն, իմ պատմվածքների ու բանաստեղծությունների մասին հիացական խոսքեր էին ասում ազդեցիկ գրողները, ինձ հրավիրում էին ռադիո ու հեռուստատեսություն։ Ես հայտնվել էի մորս երազանքի մեջ՝ գլխավոր դերում, և դրանից ինձ մի քիչ վատ էի զգում։ Ես իմ երազանքը ունեի, երազում էի ռեժիսոր դառնալ։ Հեշտությամբ, առանց պարապելու, նախապատրաստվելու և ընդհանրապես որևէ ջանքի ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ այն ժամանակ հանրապետությունում ամենաանմատչելի համարվող բուհը, որի անմատչելիությունը ուղիղ համեմատական էր իր ուսանողուհիների մատեչելիության համբավին։ Երևի հենց այդ համբավից խրտնած՝ թատերական ինստիտուտն իր շենքից վռնդել էր թեթևության ու ազատության՝ արվեստի ոգին։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին դասախոսները փորձում ծաղրի առարկա դարձնել իմ ինքնատիպ գլխարկներն ու զարդերը՝ իբր առանց հետին մտքի շփոթելով դրանք բեմական ռեկվիզիտի հետ։ Մի օր դասախոսս ասաց. <<Հայ կինը պիտի արթնանա ժամը վեցին, որպեսզի հասցնի մինչև ժամը ութը տուն մաքրել, ճաշ եփել ու նոր միայն գնա աշխատանքի>>։ Դա իմ լսած վերջին նախադասությունն էր թատերական ինստիտուտում։ Հետո եղավ Գեղարվեստի Ակադեմիան, որի շենքից նույնպես վտարված էին արվեստն ու ազատությունը։ Իմ իրական ինստիտուտը Գրողների Միությունն էր, որտեղ հավաքվում էին լավագույն գրողները, ՆՓԱԿ-ը, որտեղ քննարկվում էր ժամանակակից արվեստի ընթացքը, ռոք-ակումբները, որտեղ նվագում ու երգում էին ամենահետաքրքիր ջահելները։
Կար երկու Երևան, մեկը գրողների ու նկարիչների Երևանն էր, մյուսը՝ տանկնիկների, և այս երկու Երևանը սառը պատերազմի մեջ էին։ Իմ աչքի առջև գրողների ու նկարիչների Երևանն անընդհատ պարտություն էր կրում, տարածքային ու մարդկային կորուստներ ունենում, իսկ տանկնիկների Երևանը ընդարձակում էր իր սահմանները։
Տանկնիկների Երևանի աշխարհազորը հարևաններս էին։ Իմ տան տակի բնակարանում միջին տարիքի երկու կին էին բնակվում, որոնք ինձ հենց սկզբից չսիրեցին։ Ամեն անգամ, երբ տան դուռը բացում էի, որ դուրս գամ կամ երբ դրսից վերադառնալիս էի լինում, քույրերից մեկնումեկը դուրս էր թռչում տնից, կտրում դեմս ու ինչ-որ բողոք ներկայացնում. մեկ՝ տպագրական մեքենայիդ ձայնն է մեզ խանգարում, մեկ՝ ինչքա՞ն կարանք կիթառդ լսենք, մեկ՝ հյուրերդ բարձր են ծիծաղում, մեկ՝ կտկտացնում ես, մեկ՝ ջուր ա չռռում, մեկ՝ գիշերը ինչի՞ էիր քայլում, և այդպես շարունակ... Դաստիարակությունս թույլ չէր տալիս <<պատասխաններ տալ>> ինձնից տարիքով մեծ մարդկանց, ես նրանց հետ միշտ բարեկիրթ էի, դիմում էի՝ <<դուք>>-ով, փորձում էի մեղմել նրանց զայրույթը, դիվանագիտական հարաբերությունները բարելավելու նպատակով նրանց թխած թխվածքներն էի գնում, միշտ հարցնում էի ոնցությունը ու, լսելով, որ իրենց բոլոր հիվանդությունների ու դժբախտությունների պատճառն եմ, մեղավոր ու ինքնախարազանաբար տարուբերում էի գլուխս՝ որոշելով, որ այդ մարդկանց այլևս տհաճություն չպատճառեմ։ Ես դադարեցի կիթառ նվագել, հյուրեր ընդունել, հրաժարվեցի կրունկներով կոշիկներից ու բանը հասել էր նրան, որ տանը արդեն ոտնաթաթերի վրա էի քայլում, գիշերն էլ վախենում էի անկողնուց դուրս գալ... Բայց որքան էլ զարմանալի էր՝ բողոքները չէին պակասում, նույնիսկ ավելանում էին։ Քույրերը չէին կարողանում սանձել իրենց երևակայությունը, և նրանց ականջին իմ տնից հա կյանքի ձայներ էին լսվում, թեպետ ես համարյա դադարել էի ապրել...
Հետո բակում մի շուն հայտնվեց Միկի անունով։ Հարևաններիս պատմությունը նույնությամբ կրկնվեց։ Սկզբում հետը լեզու գտնելու համար սկսեցի կերակրել, բայց չազդեց. Միկին բակի բնակիչների ներկայացուցիչն էր և քաղքենիական բարքերի անկաշառ պաշտպանը։ Նա տանել չէր կարողանում արվեստի մարդկանց՝ ոչ ինձ, ոչ իմ հյուրերին։ Տուն գալիս քարերով էի գալիս, քարերը դնում էի դռան մոտ, դուրս գալիս վերցնում, ահը սրտումս հաղթահարում Միկիի մաքսակետը։
Տանկնիկների Երևանի ներկայացուցիչները ասես մի ներքին զգայարան ունեին, որով զգում էին իրենց համար կործանարար ազատության ու արվեստի հոտը։ Գիշերը չէի քնել, պատմվածք էի գրել։ Չէի աղմկել, սենյակում չէի քայլել, նստել էի գրասեղանի մոտ ու թղթի վրա անձայն շարժել գրիչը։ Բայց գիտեի, որ առավոտյան թակելու են դուռս, ու չսխալվեցի։ Քույրերից մեկն ինձ հրավիրեց իրենց տուն՝ <<զմայլվելու>> իմ ջրահեռացման խողովակով, որ հազիվ նշմարելի խոնավացել էր։ Խողովակների խցանումը բազմաբնակարան շենքերում հաճախ պատահող բան է։ Ես շնորհակալություն հայտնեցի տեղյակ պահելու համար, խոստացա, որ անմիջապես կզբաղվեմ հարցով և պատրաստվում էի դուրս գալ, բայց քույրերը ինձ բաց չէին թողնում, հազիվ ծանրակշիռ առիթ էր պարպելու վրաս իրենց հոգում կուտակված չարությունը։ Եվ հանկարծ իմ մեջ սկսեց խոսել ինչ-որ ուրիշ մեկը, որը ինքնավստահ ու հանգիստ տեղն էր դնում իմ կյանքը դժոխքի վերածած քույրերին։ Նրանք զարմացած նայում էին ինձ, ու ես էլ պակաս զարմացած չէի։ <<Հիմա քեզ կապտակեմ>>,- ասաց քույրերից մեկը՝ իրերի նախկին դրությունը վերականգնելու անհաջող փորձ կատարելով։ <<Փորձիր,- ասացի հանգիստ,- բայց իմացիր, որ պատասխան ես ստանալու>>։
Իմ հեռանալուց հետո քույրերի տնից սպառնալիքներով համեմված ոռնոցներ էին լսվում։ Նույն օրը, երբ վերադառնում էի տուն, ձեռքիս Միկիի համար պահված քարեր չկային, իսկ քույրերից մեկը, որ կանգնած էր բակում հարևան կնիկների հետ, հարգալից կերպով բարևեց ինձ՝ ոչ միայն չսպասելով իմ բարևին, այլև անվանս պոչից սիրալիր <<ջան>> կպցնելով։ Բակի կնիկները, որ սովորաբար կամ չէին պատասխանում բարևիս, կամ մի թեթև գլխով էին անում ի պատասխան, հիմա միաբերան և ընդգծված հարգանքով բարևեցին ինձ, ինչպես աշակերտները ուսուցչին։
Երևանի՝ ինձ տված ամենակարևոր դասը սա էր։ Այն հակասում էր իմ դաստիարակությանը՝ բառի լայն իմաստով։ Երևանի տված բոլոր դասերն են այդպիսին, ուզում ես գործնականում չկիրառել։ Որովհետև դրանք գոյապայքարի դասեր են, բայց ոչ երջանիկ լինելու։
Երևանը պատկերանում էր ինձ որպես տարիքով ու խանդոտ մի տղամարդ, որն անհուսորեն սիրում էր ինձ և միաժամանակ ձգտում ստորացնել ու ջնջել՝ ինձ հավերժորեն իրեն կապելու համար։ Պատահում է՝ սիրում ես, որովհետև ատում ես։ Երևանը պահում էր ինձ իր հանդեպ աճեցրած իմ ատելությամբ։ Իմ սերը ատելության տեսքով էր։ Այդ ատելությունն էլ ինձ մի օր հանեց հրապարակ ու փողոց։ Ես գնում էի հանրահավաքների, երթերի, բողոքի ակցիաների ոչ թե ընդդեմ իշխանությունների, այլ ընդդեմ քաղքենիական պատկերացումների այն համակարգի, որի մեջ գործող իշխանությունը մի փոքրիկ դետալ էր միայն։
Ես եկել էի Երևան փոքրիկ, գավառական քաղաքից, և տասնութ տարի պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ մայրաքաղաքում բարքերն ավելի ազատ չեն, և մարդիկ՝ ավելի ազատամիտ։ Հակառակը։ Տասնութ տարի անց զգացի, որ ես ու Երևանը իրար տալու այլևս ոչինչ չունենք։ Ես կարող էի շարունակել ապրել Երևանում, ինչպես մարդիկ շարունակում են ապրել իրար հետ՝ վաղուց սպառած լինելով կիրքը, սովորության համաձայն։ Բայց կյանքը կարճ է այդպես ապրելու համար։ Հայաստանում այլ քաղաքներ կան, և միայն Երևանի հանդեպ մեր կույր սերն է խանգարում տեսնել, որ դրանք <<պակաս>> քաղաքներ չեն։
Հրապարակվել է <<Երևան>> ամսագրում, 2015թ, ապրիլ, #2(32)
Աղբյուրը՝ http://issuu.com/yerevanarmenian/docs/yerevanapril2015/52
Արփի ջան, պատմվածքիդ "երևանցիները" կան բոլոր քաղաքներում՝ դա քաղաքից կամ էլ գյուղից չի գալիս, այլ նման մարդկան ներսից: Չգիտեմ արդյո՞ք փորձել ես հասկանալ և/կամ գոնե քեզ համար բացատրել այդ երևույթի պատճառներն ու արմատները:
ОтветитьУдалить