30.12.2015

Ամանորյա հուշեր Արփի Ոսկանյանից


Մոռացված Ամանորը
Պատմում է բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը․
«Միշտ ատել եմ Նոր Տարին։ Երբ փոքր էի, ծնողներս ամեն ինչ անում էին, որ ես ինձ այդ օրերին երջանիկ զգամ, բայց Ձմեռ պապին չէի հավատում, ուտել չէի սիրում և որկրամոլության այդ տոնը, որ ուղեկցվում էր իրարարանցմամբ և քրոջս ու մորս չարչարանքով, անտանելի էր ինձ համար։ Հյուրերի հոսքը և հյուր գնալու պարտադրանքը անասելի ձանձրույթ էին պատճառում։

Սակայն մտածում էի, որ երևի կան Նոր տարին իմաստալից դիմավորելու ձևեր, առնվազն հետաքրքիր դիմավորելու, անմոռանալի օրեր ունենալու՝ սիրով ու արկածներով հագեցած, իսկապես կախարդական։ Հետագայում ինձ մի քանի անգամ հաջողվեց Ամանորը անմոռանալի դարձնել՝ դիմավորել Նոր տարին տարօրինակ միաջավայրում ու պայմաններում։ Դրանցից մի երկուսը նկարագրել եմ իմ պատմվածքներում, մի երկուսն էլ կարող են կինոնկարի սցենարի նյութ դառնալ։ Սակայն ինձ համար ամենաերջանիկ Նոր Տարին և ամենահաջող տարին եղել է ուղիղ 20 տարի առաջ՝ 1996-ին։ Ես խնդիրներ ունեի ծնողներիս հետ և ունեի մի սիրած տղա, որը չուներ բավարար համարձակություն իր սիրած աղջկան երջանկացնելու համար։ Նա մի կերպ թույլտվություն էր կորզել հորիցս, որ Ամանորի գիշերը կարող է 5 րոպեով տեսնել ինձ։ Ինձ համար ատելի նախատոնական եռուզեռին ավելացել էր նաև իմ անձնական կյանքի քննարկումը, որն անտանելի էր դարձնում հայրական տունը և ատելի՝ սիրած տղային։ Մի երկու տաք շոր վերցրեցի, սիրելի գրքերս և արձակ բանաստեղծություններիս ու պատմվածքներիս տետրերը, թղթերս, մաքուր թղթերի տրցակ, դրեցի պայուսակի մեջ ու մորս ասացի, որ գնում եմ Երևան։ Մայրս լուրջ չվերաբերվեց: Ես 17 տարեկան էի, մենակ ճամփորդելու փորձ չունեի, Երևանը ինձ անծանոթ էր։ Չպատկերացրեց, որ իսկապես կգնամ, այն էլ Նոր տարուց մի քանի ժամ առաջ։ Բայց ես գնացի՝ մերժելով հայկական ավանդական ընտանեկան արժեքների աշխարհը և ազատագրելով ինձ այդ աշխարհից։
Տանը, ուր գնացի, կար տպագրական մեքենա ու բազմոց։ Չկար հեռուստացույց, չկար ուտելիք, չկար որևէ ջեռուցիչ սարք։ Հիշում եմ, բոլոր տաք շորերս հագել, նստել էի հատակին ու մեքենագրում էի ստեղծագործություններս։ Շուտով ընդհանրապես մոռացա, որ Նոր տարի է, որ այն մենակ եմ դիմավորում, որ ցավ եմ պատճառել ծնողներիս և մի մարդու, որ սիրում է ինձ, թեկուզև անզոր սիրով։ Ամանորի մասին հիշեցի գիշերվա չորսի կողմերը։ Հոգումս մեծ խաղաղություն էր ու խնդություն։ Ես երջանիկ էի։ Այդպես մեքենագրեցի տասը-տասնհինգ օր, համարյա ամենը, ինչ ունեի։ Այդ տարին իմ կյանքի ամենաբուռն, իրադարձություններով հագեցած տարին եղավ, որի ամեն օրը հիշում էի և հաջորդ տարի նկարագրեցի «Հետադարձ օրագիր» անունով միավորված չորս հաստ տետրի մեջ։ Այդ տարվա ամեն օրը անուն ուներ։ Այդ տարի ես մտա գրական միջավայր, ծանոթացա բոլոր գրողներին։ Այդ տարի ես ընդունվեցի Թատերական ինստիտուտ և լքեցի այն։ Այդ տարի ես ճանաչեցի նվիրական երազանքների իրականացումը և մեծ հիասթափությունը, որ հաջորդում է երազանքների իրականացմանը։
Փաստորեն, լավագույն Ամանորը այն Ամանորն է եղել, որը որևէ կերպ չեմ նշել կամ ըստ էության նշել եմ ազատագրմամբ ու սիմվոլիկ հեռացումով այն կյանքից, որն իմը չէր»։
Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր