21.02.2020

Հանդիպումներ «Ջազզվե»-ում։ Նրա սիրտն ազատ էր



Հակառակ ընդունված կարծրատիպի, թե գեղեցիկ կանայք լինում են անխելք, իսկ խելացի կանայք՝ տգեղ, և գեղեցկությունը խելքի հետ համատեղելի չէ՝ Աննան գեղեցիկ էր ու խելացի միաժամանակ։ Նրա գեղեցկությունն այնքան անթաքույց էր, որ ապացուցման կարիք բոլորովին չուներ, իսկ խելքը հավաստում էին գիտական աստիճանն ու համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական աշխատություններն ու հոդվածները, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեությունը։ Սակայն խելքի ամենակարևոր վկայականը, ինչպես կարծում էր ինքը, իր ստեղծած ընտանիքն էր՝ երկրի լավագույն փաստաբաններից համարվող ամուսինն ու շնորհալի երեխաները։
Մասնագիտական ճակատում տարած հաղթանակները չէին շփոթեցրել ու շեղել Աննային իրական երջանկության ուղուց, մանուկ հասակում նրան բարեհաջող ներնչել էին, որ կնոջ համար աշխարհում ամենակարևորը ընտանիք ունենալն է։ Իր կազմած ընտանիքը չխուսափեց, իհարկե,  հայկական ընտանիքներին պատուհասող խնդիրների ստանդարտ փաթեթից՝ լարվածություն սկեսուրի ու տալերի հետ, ամուսնու հայրական ընտանիքից անջատ ապրելու անհաջող փորձեր, նյութական դժվարություններ և այլն։ Երբեմն թվում էր՝ նախկին սիրուց ոչինչ չի մնացել, համատեղ կյանքը դառնում էր անիմաստ ու անտանելի, սակայն Աննան հեռու էր վանում բաժանվելու միտքը, ստիպում իրեն համակերպվել ու համբերել։ Նա համբերատարորեն հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ վստահ, որ մի օր այդ ամենը մնալու է անցյալում, և իրենց ընտանիքին խանգարող ոչինչ ու ոչ ոք չի լինելու։ 

 Ամուսնությունից տասնչորս տարի անց եկավ այդ օրը։ Ամուսիններից յուրաքանչյուրը կայացել էր իր ասպարեզում և մեկը մյուսին իր արժեքը ապացուցելու կարիք չուներ։ Նրանք ունեին սեփական տանիքը, որի շնորհիվ կարող էին լիիրավ կոչվել ընտանիք։ Աննայի ու Սամվելի հարաբերություններում նոր գարուն էր սկսվել՝ ավելի ծաղկուն, ավելի ջերմ, քան մինչամուսնական սիրահարվածությունը։,  Միայն թե հիմա, երբ Աննան դուրս էր գալիս համալսարանի շենքից, ամուսինը սպասում էր նրան ոչ թե ծառերի ստվերում կանգնած, այլ սեփական «Մերսեդես»-ի մեջ նստած։ Նրանք չէին գնում այգիներում ծածուկ տեղեր փնտրելու, աշխատանքային օրը նրանք տարբեր կերպ էին եզրափակում. պատահում էր՝ ժամանցի վայրերում ու առևտրի կենտրոններում, պատահում էր՝ ընկերների հետ իրենց կամ նրանց տներում, պատահում էր՝ տան կենցաղային հարցերը կարգավորելով։  Սակայն անփոփոխ էր կիրակի օրվա երեկոյան ծրագիրը. ինչ էլ արած լինեին նրանք այդ օրը, երեկոն պարտադիր անց էին կացնում «Ջազվե»-ում։ Այս սովորությունը լրացուցիչ կայունություն էր հաղորդում նրանց առանց այն էլ կայուն կյանքին և արդեն սրբազան ծեսի ուժ էր ստացել։ Այն ասես ամփոփում էր շաբաթվա շրջափուլը և նոր էջ բացում եկող շաբաթվա համար,սպասվող հաջողությունների ու ձեռքբերումների։ Աննան հաճախ մտածում էր, որ   կիրակի երեկոյան «Ջազվե» այցելելը իրենց համար ձեռք է բերել նույն նշանակությունը, ինչ մինչարդիական հասարակության մեջ ապրող մարդու համար եկեղեցի այցելելն էր կիրակի օրերին։ Կիրակի օրը երեկոյան «Ջազվե»-ում նստած՝ Աննան իրեն կատարյալ երջանիկ էր զգում և հպարտ տարիներ առաջ կատարած իր ընտրությամբ։ Թվում էր՝ այլևս ոչինչ չի կարող խաթարել նրա երջանկությունը, չէ՞ որ հեռավոր անցյալում էին մնացել բոլոր-բոլոր դժվարությունները։ Սակայն Աննայի սրտում անհանգիստ տրոփում էր մի տարօրինակ տագնապ՝ աբստրակտ, որևէ կերպ չկերպավորվող, չմարմնավորվող, աննյութ ու անմարմին։ 
Շատ էր պատահել, որ աշխատանքից հետո ամուսնու մեքենան համալսարանի դիմացի մայթին չգտնելով՝ ուղևորվեր նրա գրասենյակ։ Սովորաբար գնալուց առաջ զանգում էր ամուսնուն, որ տեսնի ի՞նչ գործեր ունի, տեղո՞ւմ է արդյոք, հարմա՞ր է իր գնալը։ Այդ անգամ ինքն էլ չհասկացավ ինչու՝ չզանգեց։ Ասել, թե նա կասկածներ ուներ, սխալ կլինի։ Ի՞նչ էր պատրաստվում տեսնել ամուսնու աշխատավայրում։ Վախենո՞ւմ էր, թե կտեսնի, թե՞ ինքն իրենից թաքուն ցանկանում էր տեսնել։ Միգուցե ցանկանում էր վերապրել նախկինում ունեցած խանդի զգացո՞ւմը, որ իրենց սիրո գարունը լիակատար լինի։
Ամուսնու աշխատավայրում նա, իհարկե, ոչինչ չտեսավ։ Անգամ Սամվելը տեղում չէր։ Քարտուղարուհուց իմանալով, որ գնացել է հանդիպման իր պաշտպանյալի հետ և կես ժամից կվերադառնա, մտավ նրա փոքրիկ առանձնասենյակը ու տեղավորվեց գրասեղանի մոտ։ Թափառող հայացքը սեղանին դրված թղթերի մեջ ինչ-որ մատնող բան էր փնտրում իրենից անկախ։ Աննան իրեն վատ զգաց։ Անհասկանալի էր այն, ինչ կատարվում էր իր հետ։ Նա գիտակցում էր, որ նման կասկածները անհիմն են։ Ինքը գեղեցիկ է ու խելացի, սիրում է ամուսնուն, ամուսինն՝ իրեն, իրենց սեքսուալ կյանքը միօրինակ ու ձանձրալի չէ, խանդը ոչ մի հնարավորություն չունի սողոսկելու։ «Թերևս դա իմ թաքուն ցանկությունն է»,- մտածեց ու թեթևացած սրտով միացրեց համակարգիչը, որ ննջում էր հանգստի ռեժիմում։  Մտադիր էր սպասման կես ժամը անցկացնել ֆեյսբուքյան ընկերների գրառումներն ու նորություններն ընթերցելով, սակայն համակարգչի միանալուն պես էկրանին հայտնվեց ինչ-որ ծանոթությունների կայքէջ։ Աննան պիտի զգար իրենգող բռնած մարդու նման, այնինչ զգում էր իրեն բռնված գողի պես։
Ռոմանտիկ Արմեն՝ այդպես էր ներկայացել այդ կայքում Սամվելը։ Ամենայն հավանականությամբ՝ Սամվելը։  Կար, ճիշտ է, շատ աննշան հավանականություն, որ կարող է այդ Ռոմանտիկ Արմենը գրասենյակի մյուս փաստաբանը՝ Վարդանը, լիներ, որը ինչ-ինչ նկատառումներից ելնելով գերադասել էր ծանոթության կայքերից օգտվել ոչ թե իր անհատական, այլ Սամվելի համակարգչից, բայց այդ հավանականությունը շատ փոքր էր, գրեթե հավասար զրոյի։
Աննան սկսեց փութաջանորեն տնտղել ստացված և ուղարկված հաղորդագրությունները։ Հանկարծ նա սրտխառնոց զգաց։ Նրա համար անտանելի դարձավ ամուսնու աշխատասենյակի օդը։ Համակարգիչը ուղարկելով քնի ռեժիմի, ինչպես որ էր՝ նա դուրս նետվեց գրասենյակից՝ հազիվ կարողանալով հրաժեշտ տալ ամուսնու աշխատակիցներին։ Շունչը տեղը բերելուց հետո նա զանգեց ամուսնուն ու ասաց, որ գնում է ընկերուհու՝ Զառայի տուն, որն իր օգնության կարիքն ունի, ապա երկար քայլեց քաղաքով, հասավ Անգլիական այգի, ծառերի սաղարթներին նայելով խորը շնչեց ու արտաշնչեց։ Նա կարող էր պատկերացնել ամուսնուն քարտուղարուհու հետ իրեն դավաճանելիս, կարող էր պատկերացնել պաշտպանյալի հետ իրեն դավաճանելիս, կարող էր պատկերացնել որևէ փաստաբան կնոջ կամ ընդհանրապես այլ մասնագիտության տեր որևէ մեկի հետ իրեն դավաճանելիս, սակայն չէր կարող պատկերացնել իր երեխաների հորը, իր սիրած մարդուն, երկրի լավագույն փաստաբաններից մեկին այդ էժանագին, պարապ ու գռեհիկ խոսակցությունների կայքում ամիսներ շարունակ անիմաստ ծանոթություններ հաստատելիս։ Խոսակցություններից հատկապես մեկը մինչև հոգու խորքը խոցել էր նրան. ամուսինը իրենց անկողնային կյանքի մանրամասներն էր պատմում բոլորովին անծանոթ մի կնոջ, որը գուցե նույնիսկ կին էլ չէր, այլ միայն ներկայանում էր որպես կին։ Ի՞նչը ինքն այնպես չէր արել, ի՞նչ էր արել, որ ստիպել էր նրան այդ անանուն ու անդեմ, անծանոթ կանանց շրջանում ապավեն փնտրել։ Ինչո՞ւ էր ընտրել Ռոմանտիկ ծածկանունը։ Մի՞թե իրենց կյանքում ռոմանտիկան քիչ էր։ Թե՞ ծածկանունը ստոր ու ամոթալի ցանկությունները ինչ-որ կերպ շղարշելու համար էր՝ այնքան ստոր ու այնքան ամոթալի, որ իր առջև չէր հանդգնում արտահայտել։ Խառնաշփոթ էր տիրում Աննայի գլխում։ Նա չէր հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ։ Շունչը կտրվում էր, կոկորդը սեղմվում, լացը գալիս էր։  Թվում էր նրան, թե հողը փախչում է ոտքերի տակից, ու ինքը գլորվում է մութ ու անհատակ անդունդը։  Նա հենվեց մոտակա ծառին, ապա գրկեց այն ամուր ու սկսեց հեկեկալ։
Երեկոյան Աննան տուն հասավ բոլորովին չորացած արցունքներով, նույնսկ մի քիչ զվարթ տրամադրությամբ։ Ամուսնու հետ իրեն պահում էր անբռնազբոսիկ ու մի քիչ խորհրդավոր։ Նա ասես թեթևակի հարբած լիներ այն անհարմար վիճակից, որում հայտնվել էր։ Հարցին, թե ինչ էր պատահել ընկերուհուն, միանգամից չկարողացավ պատասխանել, ու չկարողանալով ավելի հարմար փորձանքի տեսակ մոգոնել, ասաց.
-   Դավիթն ու Զառան բաժանվում են։ Դավիթը սիրուհի ունի։ Կպատկերացնեի՞ր։
- Հա,- ասաց Սամվելը,- ես վաղուց էի զգում, որ իրանց մոտ մի բան էն չի։
- Իսկ ի՞նչ ես կարծում՝ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է՞,- հանկարծ հարցրեց Աննան։
- Իհարկե,- ասաց Սամվելը զարմացած, մոտեցավ Աննային ու քնքշորեն գրկեց,- հիմար հարցեր ես տալիս… Դու կարծում ես նորմալ չի՞…
-Կներես,- ասաց Աննան,- էսօրվա տպավորություններս շատ են, մի քիչ լավ չեմ զգում ինձ, եթե դեմ չես, գնամ, քնեմ։
Սամվելը կասկածելի որևէ բան չնկատեց կնոջ վարքի մեջ, հավատաց, որ նրա վատ ինքնազգացողությունը և իրենց հարաբերությունների համար անհանգստությունը պայմանավորված էր Զառայի հետ կատարվածով ու նրա հանդեպ կարեկցանքով։ Ընթրիքից ու տղայի հետ ֆուտբոլ նայելուց հետո նա անձայն մտավ ննջարան, պառկեց ու քնեց՝ չպատկերացնելով, որ Աննան այսքան ժամանակ արթուն է։
Հաջորդ օրը աշխատավայրի իր համակարգչից Աննան մուտք գործեց ծանոթությունների այդ կայքը և գրանցվեց Ալինա Ռումբ ծածկանվամբ։ Գտավ Ռոմանտիկ Արմենին և հաղորդագրություն գրեց. «Բարև, սիրելիս, շատ հաճելի է մեր այս պրագմատիկ դարում ռոմանտիկ մարդու հանդիպելը։ Դեմ չե՞ս շփվելուն»,- ու սմայլիկներ դրեց։ Կարդաց, հաղորդագրությունը նրան չափազանց գրական թվաց այդ կայքում տիրապետող ոճի համեմատ։ Վախեցավ, որ կմատնի իրեն, ջնջեց, որոշեց գրել այնպիսի ոճով, որով երբեք չէր գրի՝ բռի ու գռեհիկ կնոջ նման. «Պրիվետ, կյանքս, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա, հանդիպե՞նք»։ Նորից կարդաց հաղորդագրությունը։ Չափազանց հարձակվողական թվաց, մտածեց՝ տեսնես կգտնվի՞ մի կին, որն առանց մարդու հետ երկու բառ խոսելու և գոնե նկարը տեսնելու, հենց միանգամից ասի՝ արի հանդիպենք։  Չկարողացավ պատկերացնել նման կնոջ։ Ի վերջո՝ բա որ համաձայնի հանդիպել։  Մի՞թե իր ուզածը ամուսնուն տեղեկացնելն է, որ իրեն հայտնի է նրա թաքուն կյանքը։ Ոչ։ Ինքը թեպետ դեռ դժվարանում էր ձևակերպել, թե կոնկրետ ինչն է իր ուզածը, բայց հաստատ ոչ իրադարձությունների ընթացքը ու իրենց բաժանումը արագացնելը։ Ու մինչ մտածում էր՝ ոնց սկսի խոսակցությունը, հաղորդագրություն ստացավ Ռոմանտիկ Արմենից. «Բարև, գեղեցկուհի, հետաքրքիր անուն ունես, ի՞նչ է նշանակում, ջղային ե՞ս, թե՞ էն գործի մեջ ես պայթուցիկ»։ Ռոմանտիկ Արմենից անմիջապես հետո գրեցին նրան այլ տղամարդիկ՝ հավանաբար տղամարդիկ, որովհետև նման կայքերում երբեք չես կռահի, թե ով է թաքնված քեզ հետ խոսողի հետևում, եթե հաստատ չգիտես։ «Ինչի՞ց վերցրիր, թե գեղեցկուի եմ։ Թեպետ մի բանը ճիշտ կռահեցիր՝ էն գործի մեջ պայթուցիկ եմ»։,- գրեց Աննան։
Աննան այդ օրը տուն հասավ շատ ավելի հոգնած և հիասթափված, քան նախորդ օրը։ Իր համար նողկալի էր ամուսնու կերպարանքը, որը ծանոթությունների այդ էժան կայքի ամենասեռաքաղց օգտատերն էր, ինչպես պարզվեց։ Այսքան ժամանակ աշխատանքային օրվա ընթացքում ինքը հաճախ էր զսպել ամուսնուն զանգելու ցանկությունը նրան չխանգարելու նպատակով՝ մտածելով, որ լուրջ ու կարևոր գործով է զբաղված, այնինչ պարզվում է՝ ամուսինը հիմար ու մանկամիտ խոսակցություններ է վարել ծանոթությունների կայքում գրանցվող հիմար ու ըստ ամենայնի նաև տգեղ կանանց հետ։ Գեղեցիկ ու խելացի կանայք ի՞նչ գործ ունեն ծանոթության կայքերում։ Եվ ամենևին չի բացառվում, որ նա այդ կանանց հետ ոչ միայն անկապ խոսել է կայքում, այլև անկապ նստել սրճարանում կամ անկապ թավալվել անկողնում։ Սարսափելի էր Աննայի համար պատկերացնելը, որ իր կյանքի լավագույն տարիները վատնել է նման մարդու հետ ընտանք կազմելու համար։ Խանդը չէր, որ կրծում էր Աննայի հոգին, նա չափազանց ինքնավստահ էր խանդելու համար, նրա հոգին տակնուվրա էր անում վիրավորանքը։ Նա զգում էր իրեն, ինչպես խոզի առջև նետված մարգարիտ։
Հաջորդ օրը Ալինա Ռումբը անցավ հարձակման և սկսեց ծաղրել Ռոմանտիկ Արմենին, ինչը ավարտվեց փոխադարձ վիրավորանքներով։ Մյուս օգտագտերերի հաղորդագրությունները անպատասխան էր թողել, բայց հանկարծ ցանկություն ունեցավ շփվելու անծանոթ տղամարդկանց հետ։ Ինքն էլ չհասկացավ ինչպես, բայց ընդունեց անծանոթի հանդիպման առաջարկը։ Նույն օրը էժան հյուրանոցի համարում նա ի կատար էր ածում անծանոթ տղամարդու ցանկությունները, որին առաջին անգամ էր տեսնում։ Փորձը նրան դուր չեկավ, նա ոչ մի բավականություն չստացավ, իսկ տուն վերադառնալուն պես տկարություն զգաց ու հետագա մի քանի օրը անցկացրեց անկողնում՝ այնքան ֆիզիկապես ու հոգեպես հյուծված էր զգում իրեն։ Միակ զգացումը ամուսնու հանդեպ, որ ուներ հիմա, ատելությունն էր։
Աշխատանքի գնալիս Աննան զարմանալի թեթևություն էր զգում։ Զգում էր, որ ազատվել է մանկության տարիներին իրեն ներշնչած «ճմարտությունից», թե կնոջ համար ամենակարևորը ընտանիքն է։ Նրա ընտանիքը փլվում էր, և նա, որքան էլ զարմանալի էր, դրանից թեթևություն էր զգում։ Նա զգում էր, որ իր սիրտը ազատ է։ Աննան մտադիր էր ջնջել իր հաշիվը ծանոթությունների կայքից, սակայն Ռոմանտիկ Արմենից ստացած նամակները ստիպեցին հետաձգել այդ մտադրությունը։ Արմենի առաջին հաղորդագրությունները ներում էին հայցում, հաջոդները արտահայտում էին անհանգստություն և վերջում Արմենը կարոտում էր… Աննան որոշեց շարունակել խաղը, թեպետ հիասթափությունն ամուսնուց այնքան մեծ էր, որ նրա անձը, թվում էր, դադարել է հետաքրքրել իրեն։ Սակայն քիչ-քիչ հետաքրքրությունը վերադարձավ, Ռոմանտիկ Արմենը բացվում էր օր օրի, պատմում էր իր մանկական հիշողությունները, իր սիրահարությունները, ամուսնությունը, կնոջ ու մոր հարաբերություննեը ու բազում այլ բաներ, որոնց մասին Աննային չէր պատմել։ Զարմանալին Աննայի համար այն էր, որ ինքը նույնպես սկսեց խոսել իր անցյալից ու հատկապես այն ապրումներից, որ զգուշորեն թաքցրել էր Սամվելից։  Նրան զարմացնում էր այն թեթևությունը, որով քննարկում էր նախկինում իրեն ցավ պատճառած խնդիրները։
Ռոմանտիկ Արմենի և  Ալինա Ռումբի միջև քիչ-քիչ յուրահատուկ հոգեկան կապ ստեղծվեց։   Եվ որքան ուժեղանում էր այդ կապը, այնքան թուլանում էր կապը Աննայի ու Սամվելի միջև։ Աննան նայում էր ամուսնու դեմքին և չէր կարողանում հավատալ, որ Ռոմանտիկ Արմենի նամակները այդ մարդն է գրում։ Նրանց միջև օր օրի օտարության պատնեշ էր բարձրանում, նրանք գնալով քիչ ժամանակ էին անցկացնում իրար հետ, և միայն կիրակի օրվա երեկոյան «Ջազվե» այցելելու ծեսն էր, որ պահպանում էին սրբորեն։
Մի օր Ալինա Ռումբը որոշեց խոսք բացել Ռոմանտիկ Արմենի կնոջ մասին և այն, ինչ կարդաց, զրկեց Աննային հավասարակշռությունից։ Նա իմացավ, որ ինքն ու Սամվելը պատրաստվում են բաժանվել։
Այդ գիշեր, Սամվելի կողքին պառկած, Աննան մտածում ու չէր կարողանում հասկանալ, թե ինչից սկսեց ամենը։ Ի՞նչն էր ստիպում Սամվելին գերադասել բոլորովին անծանոթ կնոջը, որը կարող էր աշխարհի ամենատգեղ կինը լինել, իրենից՝ Աննայից, որը և գեղեցիկ էր, և խելացի, և լավ տնտեսուհի էր, և լավ մայր, և լավ կին։ Դեռ մի քանի շաբաթ առաջ նրանց հարաբերությունները թվում էին իդեալական՝ թե մարմնական, թե հոգեկան ներդաշնակության առումով։  Եթե ինքը չհայտնաբերեր  ամուսնու գաղտնի կյանքը, ամեն ինչ հին հունո՞վ էր ընթանալու։ Աննան երկար փնտրեց ու չգտավ այն խալը, որից սկսեց փտել ու փչանալ իրենց ընտանեկան երջանկությունը։
Վերջապես Աննան որոեց հանգուցալուծել այս պատմությունը և համաձայնեց հանդիպել, սակայն նշեց, որ կարող է հանդպել միայն կիրակի երեկոյան, «Ջազվե»-ում։ Սամվելը, իհարկե, փորձեց փոխել հանդիպման ժամն ու վայրը, սակայն  Աննան պնդեց, և նա ստիպված եղավ համաձայնվել, թեպետ  «Ջազվե»-ում կիրակի երեկոյան այլ կնոջ հետ հանդիպելը նրան սրբապղծություն էր թվում։
Կիրակի առավոտյան Սամվելը կնոջը ծանրաբեռնեց զանազան խնդրանքներով ու հանձնարարություններով, որոնք նրան պահելու էին տանը ողջ օրը և ասաց, որ երեկոյան «Ջազվե» գալ չի կարող, պատրաստվում է ընկերների հետ անցկացնել երեկոն։  Տասը տարվա մեջ առաջին անգամն էր, որ նրանք խախտելու էին ավադույթը, ու երկուսն էլ հասկանում էին, որ սա բեկումնային կետ է իրենց հարաբերություններում։
- Քո կյանքում ուրիշ կին կա՞,- հանկարծ հարցրեց Աննան։
Ձգված լռությունից հետո Սամվելը պատասխանեց հակիրճ.
- Հա։
Աննան իրեն պահեց արժանապատվորեն, տեսարաններ չսարքեց, քաղաքակիրթ ձևով ընդունեց նորությունը, բայց Սամվելի գնալուց հետո սկսեց հեկեկալ։ Նա դժբախտ էր, որովհետև իր աչքի առջև քանդվում էր այն շինությունը, որն ինքը ջանադրաբար ու համբերատարորեն կառուցել էր տասնչորս տարի, սակայն նա նաև երջանիկ էր, որովհետև կինը, ում համար Սամվելը լքում էր իրեն, էլի ինքն էր։  Նա շատ մոտ էր գիտակցելուն, որ այն, ինչ ստիպել էր Սամվելին նոր ծանոթություններ փնտրել, գուցե հենց իրենց կատարյալ հարաբերություններն էին, որոնք կատարելագործվելու, փոխվելու, աճելու տեղ այլևս չունեին։ Նա ոչ միայն գեղեցիկ էր, այև խելացի։ Եվ նրա սիրտը ազատ էր։
Երեկոյան, երբ Աննան մտավ «Ջազվե», Սամվելը սպասում էր իր նոր սիրուն՝ չպատկերացնելով անգամ, որ նա իր կինն է։

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր