28.09.2014

Մնաս բարով, պոնչիկս



Ես փակում եմ աչքերս , ես բացում եմ աչքերս…
Ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ քեզ…
Նախկինում կարող էի անգամ կարծել,
Թե  սոսկ շտապ օգնություն ես
Սովի հարձակումների պահերին
Կամ  դեղ՝ հանկարծահաս տխրության դեմ։
Եվ միայն հիմա՝
Այս տանջալի դիետայի քսանմեկերորդ օրը,
Երբ այսքան երկար ապրել եմ առանց քեզ,
Ինձ համակել է մաշող կարոտը։

Ես նոր, հենց նոր միայն իմացա,
Որ համեղագույնն ես աշխարհի բոլոր թխվածքների մեջ,
Քո հանճարեղ պարզության դեմ ոչինչ են
Բազմահարկ, բեզեավոր ու ջնարակապատ տորթերը,
Որոնց պատրաստումը խոհարարական
Ակրոբատիկ հմտություններ է պահանջում,
Բազում աճպարարություններ…
Դու ավելին ես, քան խմորեղենը,
Դու ըստ էության խմորեղեն էլ չես,
Դու մարդ ես՝ քո էությամբ,
Եվ ոչ մի ավելորդ բան քո մեջ՝
Միայն մարմին և հոգի։
Դրսից անշուք ու  գեղջկական,
Ներսումդ՝  արքայաբար շքեղ։
Ախր, դու այնքան նման ես ինձ,
Ու ես այնքան եմ նմանվել քեզ…
Որ երբեմն թվում է՝ ես դու եմ…
Ես հենց նոր, միայն նոր իմացա՝
Այդ քեզ եմ պարտական, որ այսպես ծանր եմ շարժվում
Ու այսպես ծույլ եմ դարձել,
Որ իմ արտացոլանքը հայելում ինձ չի գոհացնում
Ու չի գոհացնում։
Ես փակում եմ աչքերս, ես բացում եմ աչքերս…
Գիտեմ՝ պիտի քեզ հանեմ իմ մտքից,
Տեսնելիս չնկատելու տամ
Եվ առիթի դեպքում չմոտենամ երեք մետրից ավելի։
Բայց երբ փակում եմ աչքերս,
Վերջալույսի շողերի մեջ
Ուրվագծվում է քո պատկերը,
Կիսաբաց շուրթերս ձգվում են դեպի քեզ,
խրվում են ատամներս արևահար մաշկիդ մեջ ՝
օծված անուշաբույր յուղով,
Վրան՝ քաղցր դիմափոշու հետքեր…
Ես պատառոտում եմ քեզ կարոտած
Եվ հոշոտում քո սպիտակ,
Մայրական կաթի պես քաղցր փորոտիքը…
Կարոտի անկուշտ բերանով ես խժռում եմ քեզ
Ու դառնում եմ դու։
Ես բացում եմ աչքերս…

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր