31.08.2014

ՍՈւՏՄԵՌՈւԿ*

Երևի այս ձմեռ կմեռնեմ գրիպից՝
չճաշակած քո թուքը, քրտինքը, սերմը...
Սկզբում կդիմադրեմ ձևի համար,
չվարակվելու փորձեր կանեմ,
տանը սոխ ու սխտոր կշարեմ,
դուրս չեմ գա, ոչ ոքի չեմ թողնի ներս,
չեմ օդափոխի տունը,
բայց վարակը կթափանցի ծխնելույզով,
դռան ու պատուհանի անցքերով,
ջրի ծորակով, կոյուղով,
մկների և խավարասերների ոտնահետքերով,
գիշերվա խավարում խարխափելով՝
վերջիվերջո կգտնի կոկորդս ու կբռնի այն
ու կտիրանա ինձ տղամարդու պես...

Ինձ համար փոս փորողները թեթևացած շունչ կքաշեն
ու փորած փոսերի մեջ գարնանը ծառ կտնկեն
ի նշան խաղաղ ու անվտանգ կյանքի,
նախկիններս, որ պատկերացնում էին ինձ
իրենց դագաղների վրա աղիողորմ ողբալիս,
ամբողջովին սևի ու արցունքի մեջ կորած,
զղջման, ապաշխարանքի խոսքեր շուրթերիս,
իրենց դաժանորեն խաբված կզգան.
- Այսպես լինել չէր կարող,- կվրդովվեն նրանք, -
պատմական անարդարություն։
- Հիմար մահ, - կորակի մայրս,
որ նշանակում է, թե մահը կարող է նաև խելոք լինել.
թոքախտն օրինակ կվկայեր, որ ես
իսկական պոետ եմ, թեպետև նախանցած դարի,
լյարդի ցեռոզը՝ խորհրդահայ գրող ու կարգին մարդ՝
օժտված ինքնաոչնչացման բնազդով,
բոլոր կարգին մարդկանց նման,
ՁԻԱՀ-ը առիթ կտար մի ավելորդ անգամ
խորհելու բարոյականության մասին
և բումերանգի պես վերադարձող անցյալի՝
համոզվելու, որ վայելքը չի կարող անպատիժ մնալ,
որ մենք ծնված ենք տառապելու համար,
իսկ սա՝ հիրավի անհեթեթ մահ՝
զուրկ բարոյական խրատից,
զուրկ ռոմանտիկ պաճուճանքից,
էրոտիկ սխրանքից Աստծո դեմ,
պարզապես, ընդհանրապես մահ,
երկար սպասված ու անսպասելի.
անժամանակ ու ճիշտ ժամանակին կմեռնեմ՝
չճաշակած քո թուքը, քրտնքը, սերմը...

2005



 * Սույն վերնագրով, ինչպես նաև առաջին տողում նախնական «գիտեմ»-ին փոխարինած
«երևի»-ով հեղինակը ցանկացել է չեզոքացնել մարգարեության ուժը, որով օժտված է գիրը։
Չնայած այդ նախազգուշական միջոցառմանը` նա, այնուհանդերձ, ձմեռվա երեք ամիսը անց
կացրեց անկողնում` փռշտաով ու հազալով։


(«Անտերուդուս» գրքից)

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր