07.10.2014

Գրականության ուսերին է պայքարի կերպն ու ելքը գտնելու բեռը

Զրուցել եմ՝ գրող, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ

 - Եթե խոսելու լինենք այսօր տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կատարվում են քաղաքականության մեջ, ի՞նչ գնահատական կտաս... Արդյոք քաղաքականություն Հայաստանում կա՞, թե՞...
-Կան խմբեր, որոնք ունեն իշխանություն, և կան խմբեր, որոնք ուզում են գալ իշխանության։ Կա նաև ժողովուրդ, որը զրկված է իշխանությունից և արդեն ավելի քան մեկ տասնամյակ չի կարողանում վերադարձնել այն։ Պետք է հասկանալ, որ այդ իշխանությունը ուղղակիորեն կապված է մեր երկրի ինքնիշխանության հետ։ Մեր իշխանության կորուստը՝ ինքնիշխանության կորստի հետ։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ընդունված է իշխանության կորուստը կապել Քոչարյանի պալատական հեղաշրջման հետ, բայց իմ կարծիքով դա մի երկարատև, հաճախ աննկատ ընթացող գործընթաց է եղել, որը սկսվել է շատ ավելի վաղ։ Թերևս անկախության առաջին տարիներին մի կարճ շրջան է, որ ժողովուրդը իշխանություն է ունեցել և երկիրը՝ ինքնիշխանություն։ 96 թիվ, հոկտեմբերի 27, 2004 թվի ապրիլի 13, 2008-ի մարտի մեկ։ Սրանք ոչ թե մեր ինքնիշխանության կորստի թվերն են, այլ այդ խորացող գործընթացի հանգրվանները։ Այսօր թվում է քաղաքական գործընթացներն արդեն մեզնից չեն կախված կամ կախված են շատ աննշան չափով։ Կա քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը ոչ թե մենք ենք վարում, այլ վարվում է մեր նկատմամբ։ Քաղաքական դաշտն այսօր մոնոպոլիզացված է, ինչպես, ասենք, բիզնեսի դաշտը։ Մոնոպոլիզացված է ոչ միայն այսօր փաստացի իշխանություն հանդիսացող ուժերի կողմից, այլև նրանց, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը։ Մենք գործ ունենք հիմնականում արտաքին ազդեցության գործակալների հետ։ Այս պարագայում շատերին ողջամիտ է թվում հարմարվողականությունը, իշխանության ծոցում (ներկա կամ ապագա) սեփական տեղը ապահովելը։ Եվ այնուամենայնիվ ելքը քաղաքացիական նախաձեռնությունն է՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համախմբումը իսկապես հայաստանակենտրոն և հայաստանածին ուժի ստեղծման շուրջ։ Ես նման հնարավորություն տեսնում եմ։ Տեսնում եմ պայքարող քաղաքացիներ, որոնց ուզում են գրավել դաշտում առկա քաղաքական խաղացողները, բայց տեսնում եմ նաև շատ մեծ անվստահություն այդ ուժերի նկատմամբ, դիմադրություն քաղաքացիների կողմից։ Ուրեմն պիտի կայանա ուրիշ մի ուժ, որը պիտի հենվի միայն ժողովրդի վրա, պիտի արտահայտի նրա կամքը, ոչ թե օգտագործի նրան որպես թնդանոթի միս՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։
Այդպիսի ուժի նշաններ ես տեսնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության մեջ։ Ու միայն ես չեմ տեսնում, շատ անհանգստացած են քաղաքական դաշտի հնաբնակները՝ թե ընդդիմության, թե իշխանության կողմից։ Ամեն կերպ փորձելու են սևացնել նախաձեռնության անդամներին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Սրանք ասելու են ծախված, նրանք փորձելու են անգամ փիառել Նիկոլին ու պատրանք ստեղծել, թե մյուսները ճիշտ են։ Երկուստեք պայմանավորված խաղ է։ Ոնց որ բիզնեսում։ Հարստությունը բաժանված է, և շատ դժվար է բիզնես սկսելը զրոյից։ Եթե նույնիսկ ունես նախնական կապիտալ։ Ամեն ինչ անում են, որ նույնիսկ տասը դրամ չկարողանաս աշխատել, որ գնաս, դառնաս իրենց բանվորը, աշխատողը։ Նույնը քաղաքականության մեջ, ոչ մի տարբերություն։ Բացի մեկից։ Այստեղ կարող է հրաշք կատարվել, եթե մենք բոլորս միանանք, սատարենք ինքներս մեզ, չուտենք ասպարեզը գրաված քաղաքական օլիգարխների կտերը։ Եվ պիտի իրերը կոչենք իրենց անուններով, որպեսզի թույլ չտանք մարդկանց խաբել։
-Վիրավորանքները լավագույն զենքերը կամ խոսքերը չեն, որոնցով կարելի է ասելիքը տեղ հասցնել:
-Վիրավորանքը, իհարկե, տհաճ բան է։ Եթե հնարավոր է, պետք է խուսափել վիրավորանքից։ Բայց իրավիճակներ կան, երբ վիրավորանքը անխուսափելի է դառնում։ Պետք է այնպես անել, որ բանը չհասնի վիրավորանքին։ Երբ մարդուն սպանում են, երբ իր կյանքի ու մահվան հարցն է (թե ֆիզիոլոգիական, թե հոգեկան, թե մասնագիտական ու մնացած բոլոր հնարավոր առումներով), նա չի մտածում էթիկայի մասին, այլ ինքնապաշտպանության՝ ձեռքի տակ եղած միջոցներով հնարավորինս ուժեղ հարվածելու հակառակորդի ամենացավոտ կետերին։
-Կարելի՞ է ասել, որ քո «Քաղաքական հանելուկներ»-ը գրում ես նույն սկզբունքով՝ հնարավորինս ցավոտ հարված հասցնելու։
-Կարելի է ասել, որ դա իմ ձեռքի տակ եղած միակ զենքն է։ Սա, իհարկե, հումորով։ Քաղաքական հանելուկները ես գրում եմ սիրով, մարդկանց հանեպ բացասական վերաբերմունքը հաղթահարելու համար։ Գուցե լինում են դրանցում վիրավորական կամ խոցող բաներ։ Դա արդեն կապված է հումորի զգացման հետ։ Գրելիս ես պատկեացնում եմ՝ ինչ կարող են զգալ իմ հերոսները այն կարդալիս։ Ես տեսնում եմ դեմքեր, որ կարդում են հափշտակությամբ։ Մարդուն հետաքրքիր է՝ ինչ է գրվել իր մասին, առավել ևս հանգի մեջ: Դրանք ծաղրանկարներ են։ Ընդունում եմ՝ մարդը կարող է նեղանալ, բայց իմ կարծիքով ավելի վիավորական կլինի իր համար, եթե անտեսվի։ Մի հարցում արեցի ընկերներիս շրջանում, թե որն է այդ երկուսից առավել վիրավորական։ Անհամեմատ մեծ մասը համարում էր, որ առավել վիրավորական է անտեսվելը։ Խոսք կա, չեմ հիում ով է ասել. եթե googl-ը քեզ չի բերում, ուրեմն դու գոյություն չունես։ Կատակով կարելի է վերաձևակերպել. եթե քո մասին քաղաքական հանելուկ չկա, ուրեմն դու չկաս Հայաստանի քաղաքկան դաշտում։ Ես հասկացա, որ ոչ միայն կարող եմ գրել ինձ սիրելի, հարազատ, ծանոթ, բարեկամ մարդկանց մասին, որոնք Ազգային ժողովում են ու ընդհանրապես քաղաքական դաշտում, այլև պարտավոր եմ։ Իհարկե, անձնական ծանոթությունը կամ համակրանքը դժվարացնում եմ գործը, բայց իմ վերաբերմունքը դնում եմ մի կողմ, աշխատում եմ հնարավորինս երգիծական ներկայացնել մարդուն։ Թերևս ամենաշատը տուժեց Շանթ Հարությունյանի ծաղրանկարը, չկարողացա այն երգիծական բանալու մեջ անել, որովհետև նրա ու իր համախոհների հետ կատարվածը ծիծաղելու և զվարճանալու տեղ չի թողնում։
-Բայց Նիկոլ Փաշինյանի մասին էլ կարծես գովեստով էիր խոսել... Ինչն էլ դրդեց տարատեսակ մեկնաբանությունների ու քննադատությունների քո հասցեին։
- Ես մոռացա ասել, որ հանելուկներից վիրավորվողներ լինում են։ Բայց դրանք լինում են ոչ թե իմ հերոսները, այլ նրանց երկրպագուները։ Եղել է, որ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ եմ ստացել, հայհոյանքներ, մեղադրանքներ և այլն։ Մի հոդվածագիր, հիշում եմ, գրել էր, որ ես մեկ հանելուկի համար տուն եմ ստացել Հյուսիսային Պողոտայում։ Շատ զվարճացա, բայց ափսոս այդ հոդվածը հոնորարիս չափի վրա չազդեց։ Նիկոլ Փաշինյանի մասին հանելուկը ՀԺ-ի կայքում իմ հանելուկներից ամենաշատ դիտումներ ապահոված հանելուկն էր, մյուսներից անհամեմատ շատ, ինչը նշանակում է, որ կա շատ մեծ հանրային հետաքրքրություն այդ անձի հանդեպ։ Եվ ինչն էր հետաքրքիր, որ այս անգամ վիրավորվեցին ոչ թե նրա երկրպագուները, այլ նրան վարկաբեկել ցանկացողները։ Անչափ զվարճալի իրավիճակ էր։ Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես Նիկոլին վարկաբեկելու ցանկությունը հանգում է նրան, որ զրույցներ են ծավալվում, այսպես ասած, գրական ստեղծագործության գեղարվեստական արժանիքների, գեղագիտության, տաղաչափության, գրական երկը արժևորելու չափանիշների շուրջ՝ իհարկե սիրողական մակարդակով։ Իրականում չարությունը կուրացնում է մարդուն և թույլ չի տալիս տեսնել հումորը։ Կուսակցական լինելը սամանափակում է մարդուն։ Դժվար է այսօրվա Հայաստանում լինել կուսակցական և մտածել ազատ, հատկապես, եթե քո կուսակցության մեջ մանրազնին վերահսկվում են անգամ ֆեյսբուքի լայքերը։ Այդ մարդիկ երբեք չեն հավատա, որ հնարավոր է համակրել, հավանել ինչ-որ գաղափար, ինչ-որ ծրագրի տալ նախապատվություն, ընդհանրապես՝ ինչ-որ խոսք ասել՝ առանց հրահանգի ու պատվերի։
 -Դու խոսում էիր, իսկ ես մտածում էի, որ բոլորովին վերջերս «Գրողուցավ»-ն էին մեղադրում գրականությունը կուսակցականացնելու համար։
-Չկա նման բան։ Այո, անհասցե մեղադրանքներ եղել են, հավանաբար ուղղված հենց մեզ, բայց մենք հաջողությաբ կարող ենք համարել, որ այդ մեղադրանքները անցել են մեր կողքով, քանի որ մեծ տարբերություն կա կուսակցականացնելու և քաղաքականացնելու միջև։ Կուսակցականացումը, կլինի դա բուհի, դպրոցի, որևէ հիմնարկության, թե բնակչության, ծառայում է կուսակցության շահին։ Քաղաքականացումը հակառակը՝ մերժում է ծառայությունը, հավասարապես նաև՝ ծառայամտությունը։ Հարցն այն չէ, որ դնես, գովես առաջնորդին կամ փնովես նրան։ Քաղաքականացման ու կուսակցականացման տարբերությունը այդտեղ չէ, այլ այն սպեցիֆիկ դիրքավորման, որ կատարում է գրողը կամ նկարիչը։ Դա նեյտրալության պահպանումը չէ, դա ամենին հավասար աչքով ու վերևից նայելը չէ, անկողմնակալությունը չէ, այլ ճիգը քաղաքականությունը բարոյականության հետ համադրելու, թույլ չտալու, որ քաղաքականությունը մոռանա բարոյականության մասին, գտնելու այն «Ճիշտը», որը մեզ թույլ չի տա քանդվել իբրև մարդ, իբրև հանրույթ, իբրև ազգ։ Նախապաիվությունը ոչ թե ընկերոջը, այլ ճմարտությանը տալն է։ Արվեստի և գրականության քաղաքականացումը ժամանակի պահանջն էր, որը արդի գրականության մեջ առաջինը կատարեց «Գրողուցավ»-ը, և առայժմ կարծես թե միակն ենք։ Մենք շրջանառության մեջ դրեցինք «պատասխանատու գրականության» կոնցեպցիան, որը ոչ թե փախչում է իրականությունից, ինչպես այսօրվա հայկական մեյնսթրիմը ներկայացնող գրականությունը, որը ոչ թե արտացոլում է այդ իրականությունը, ոչ թե խեղաթյուրում է այն, այլ գիտակցում է, որ պատասխանատու է իրականության ստեղծման համար, որ ինքն է ձևակերպում հանրության, (ազգի, ժողովրդի) իղձերը՝ այն ֆանտազմները, որոնք ստեղծում են իրականությունը իրենց պատկերով ու նմանությամբ։
 -«Գրողուցավ» կայքը ստեղծվեց երկու-երեք տարի առաջ, երբ քաղաքականությունն ու բարոյականությունը քայլում էին ձեռք ձեռքի տված։ Բայց այսօր ավելի ու ավելի հաճախակի ենք լսում գրականությունը բարոյականության հետ չշփոթելու, քաղաքականությանը բարոյական տեսանկյունից չնայելու հորդորները։ Արդյոք դա չի՞ դարձնում «Գրողուցավ»-ի գրողների ջանքը մի տեսակ ժամանակավրեպ։ Եվ ընդհանրապես, դժվար չէ՞ հիմա։
 -Շատ դժվար է, հատկապես որ կայքը չունի միջոցներ զարգանալու, իր հեղինակներին հոնորար վճարելու համար։ Ահա այսպիսի լիրիկական զեղում։ Քո ասած իմաստով էլ, իհարկե, դժվար է։ Հզոր շարժումը արդեն չկա, չկա ձայն բազմացը և Աստծուն ու ճշարտությունը պետք է այլ տեղ փնտրել։ Սակայն ոչ միայն ժամանակավրեպ չդարձան քաղաքական գրականությունը և մեր կայքը՝ իր հայտարարած սկզբունքներով, այլ հակառակը, այսօր այդ գրականությունն առավել անրաժեշտ է, քան երկու տարի առաջ։ Որովհետև գրականության ուսերին է դրված նաև պայքարի կերպն ու ելքը (ցանկալի է հաղթական) գտնելու բեռը։ Չհավատաք, թե դա անելու են քաղաքական գործչները։ Դա անելու են գրողներն ու նկարիչները։ Դա անելու են ազատ ու հպարտ քաղաքացիները, որ գրող են ու նկարիչ։

Հարցազրույցը՝ Արթուր Հայրապետյանի

Հրապարակվել է  «Մաքսինֆո» կայքում՝ 2014 թվի մարտի 16-ին, տես այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր