16.10.2014

Երկու քաղաքական գրառում


Գրող, արվեստաբան Արփի Ոսկանյանը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած եռյակի հանրահավաքի առիթով հիշել է Մարտի 1-ի իրադարձությունները եւ այն, որ այսօրվա իր ողջ լինելը երջանիկ պատահականություն է: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հրապարակմամբ նա իր ընկերներից հարցնում է` «արդյո՞ք եթե ես զոհված լինեի, դուք էլի ներկա էիք լինելու էդ միտինգին և արդյո՞ք էլի այդպես երջանիկ ժպտալու էիք»:
Ստորեւ ներկայացնում ենք Արփի Ոսկանյանի գրառումն ամբողջությամբ. 

«Ուզում եմ սրտիս մոտ չընդունեմ էս ամեն ինչը, թքեմ-գնա, բայց չի ստացվում։ 2008 թվի մարտի մեկին ես իմ պատշգամբում էի, որ ճակատագրի բերումով գտնվում էր իրադարձւթյունների էպիկնետրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ- Մաշտոցի պողտա խաչմերուկում։ Էդ գիշեր ինձ վրա կրակեցին՝ նշան բռնած։ Վստահ եմ, որ նշան էին բռնել, որովհետև էդ պահին կրակոցների ձայները և լույսերը ուրիշ վեկտոր ունեին։ Գնդակը կպավ պատին՝ ինձնից երեսուն-քառասուն սանտիմետր հեռու։ Շատ մոտիկ։ Ոտքերիս վրա կայծեր թափվեցին։ Ես ինձ տուն գցեցի։ Հարևաններս, որ պատուհանից տեսել էին դա, սարսափած իմ տուն ընկան։
Ես տեսել եմ մարտի մեկի ամբողջ սարսափը՝ սկզբից մինչև վերջ։ Ես տեսել եմ մոլորված տաքսին, որը ինչ-որ տղաներ բռնել-բերել էին, որ իրենց ծանր վիրավոր ընկերներին դնեն մեքենան, հասցնեն հիվանդանոց։ Նրանք երկուսն էին։ Հնարավոր չէր երկուսին էլ պառկացնել հետևի նստարանին։ Որոշեցին մենակ մեկին դնել՝ հավանաբար նրան, ով ավելի վատ էր։ Մյուսը մնաց իմ պատուհանի տակ, ու նրա ծանր տնքոցները մինչև հիմա իմ ականջների մեջ են։
Ես գիտեմ՝ վերքը տիրոջն է ցավ տալիս։ Ինչքան էլ մենք ցավենք մարտի մեկի զոհերի համար, մենք երբեք չենք կարող ցավել նրանց ծնողների, քույրերի, եղբայրների, կանանց, երեխաների և ընկերների պես։ Նրանց ճանաչող և մտերիմ մարդկանց նման։ Մեզ համար նրանք «մարտի մեկի զոհեր» են, իսկ հարազատների համար՝ իրենց կյանքի մի մասը։
Երեկ չէ առաջին օրվա միտինգի լուսանկարների մեջ, որ աչքովս ընկան ֆբ-ում, տեսա նաև իմ ընկերներից մի երկուսին, որոնք կարծես թե շատ երջանիկ էին թվում։ Խոսքը էն ընկերների մասին չի, որոնց հետ ինձ ժամանակավորապես միավորեց քաղաքականությունը և քաղաքականությունն էլ բաժանեց։ Այլ էն ընկերների, որոնք իմ կյանքում եղել են և մինչև մարտի մեկը, և դրանից հետո։ Էն ընկերների, որոնք շատ լավ գիտեն, որ հիմա իմ ողջ լինելը միայն բացառիկ երջանիկ պատահականություն է։ Էն ընկերների, որոնք միշտ պնդել են, թե ես թանկ եմ իրենց համար։ Եվ ես ուզում եմ հարցնել նրանց՝ արդյո՞ք եթե ես զոհված լինեի, դուք էլի ներկա էիք լինելու էդ միտինգին և արդյո՞ք էլի այդպես երջանիկ ժպտալու էիք»։

աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/read/54969


Բանաստեղծ Արփի Ոսկանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում թողել է հետեւյալ գրառումը. «Եթե Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության հարցում ՀԱԿ-ի մեր դեմոկրատ ընկերները հաշվի են նստել նրա ունեցած մարդկային ռեսուրսի հետ՝ իբր հսկա ընտրազանգվածի (աչք փակելով էն եղանակների վրա, որոնց կիրառման արդյունքում գոյացել է էդ զանգվածը), եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին արված ամեն քննադատական մեկնաբանություն համարում են վիրավորանք նրա թիկունքին կանգնած ժողովրդի հասցեին, իսկ ժողովրդի հասցեին ասված ամեն թթվաշ խոսք՝ անձնական վիրավորանք (որպես ճշմարիտ դեմոկրատներ), անհայտ է մնում, թե ինչու էդ դեպքում ՀԱԿ-ը ոչ գործով, ոչ խոսքով չսատարեց 2013-ի նախագահական ընտրություններում հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանին, որի թիկունքին ընտրողների հսկա բանակ էր կանգնած՝ կարծես թե նույն այդ ժողովուրդը, ընդ որում, ի տարբերություն Ծառուկյանի՝ Րաֆֆին իր ընտրազանգվածի սիրտը ընտրակաշառքով չէր գրավել, իր իշխանական ադմինիստրատիվ լծակներն օգտագործելով չէր նրանց հավաքագրել, ոչ էլ դրանք իր բազմաթիվ բիզնեսներում ներգրավված իր աշխատողներն էին, որոնց պատվիրել էր իրեն ընտրել եւ կամ գալ իր հանրահավաքներին։ (Այսինքն՝ Րաֆֆու կես միլիոնը համեմատելի չէ Ծառուկյանի մի քանի միլիոնի հետ)։ Անհայտ է մնում, թե ինչի էին ծաղրուծանակի ենթարկում այդ նույն ժողովրդի քվեն ստացած թեկնածուին, նրան սատարող արվեստագետներին ու մտավորականներին, ինչու էին ասում՝ այ մարդ, չենք հավանում ձեր թեկնածուին, եւ կուսակցական լրատվամիջոցներն էլ հոդվածներ էին հրապարակում, որտեղ ասվում էր, թե երկրի վիճակն այնքան էլ օրհասական չէ, ինչու էր վերջապես կուսակցության վարչության անդամը (թե նախագահության) իր ֆեյսբուքյան էջում բացահայտ գրում՝ եթե ընտրությունը լիներ Սերժի ու Րաֆֆու միջեւ, ես կընտրեի Սերժին։
Հարց 1. Ինչո՞վ է տարբերվում ժողովուրդը ինքը իրենից, երբ նա կանգնած է մի դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուս դեպքում Գագիկ Ծառուկյանի թիկունքին։
Հարց 2. Ինչպե՞ս է, որ Րաֆֆին իր հաղթանակի ժամին մերժելի էր, իսկ հաղթանակը պահել չկարողանալուց հետո ընդունելի դարձավ։
Հարց 3. Եթե կա ընտրություն, որի դեպքում Սերժը եւ հանրապետականը կարող են նախընտրելի լինել, ապա ինչո՞ւ քառյակի դեպքը չի կարող հենց այդ դեպքը լինել»։

աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/read/55056


Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր