26.10.2014

Վարդան Ջալոյան / Գրողը օրգանական մտավորականության ամենակարեւոր ջոկատն է

Արվեստի քննադատ, վերլուծաբան եւ հրապարակախոս Վարդան Ջալոյանի ուշադրության կենտրոնում մի քանի տարի առաջ ժամանակակից հայ գրականությունն էր։ Նա գրականության մեջ էր փորձում տեսնել հասունացող իրադարձությունների սաղմերը՝ որպես մի ոլորտի, որտեղ ձեւավորվում են հասարակության ֆանտազմները։ Հայ գրականագիտության պատմության մեջ նա կմնա որպես հոգեվերլուծական
գրաքննադատության հիմնադիր եւ միակ ու անկրկնելի ներկայացուցիչ։ Այսօր Վարդանը գրում է վերլուծություններ եկեղեցու եւ հավատի, տնտեսության եւ պատմության, քաղաքականության եւ հասարակական փոփոխությունների շուրջ եւ արդեն չի անդրադառնում գրականությանը։
- Ինչո՞ւ չես գրում գրականության մասին։ Գրականությունը քեզ հետաքրքիր չի՞, թե՞ կարծում ես, որ հետաքրքիր չի ընթերցողներին։ 
- Գրողն ինքը պիտի հետաքրքիր լինի, որովհետեւ ամեն մի գրականություն մարդն է գրում։ Եթե ինքը գրել է, համապատասխանաբար ինչ-որ մեկը կարդում է։ Կարդալու ընթացքում առաջանում են որոշակի հարաբերություններ։ Ընթերցողին այդ հարաբերությունները կարող են դուր չգալ:

- Գրողնե՞րը հետաքրքիր չեն։
- Այո։ Մարդիկ շատ են փոխվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Իսկ գրողները դադարել են մարդկանց հասկանալ։ Տարբեր պատճառներ կան, բայց ամենակարեւորը գրականության մեջ էմպատիան է։ Գրողը պետք է Յագո լինի եւ հասկանա իր ընթերցող Դեզդեմոնային։ Կարդում եմ մեր երիտասարդ գրողներին՝ անմահություն, մահ, փառք։ Էդ երեք կեչիների արանքում հայ գրականությունը բոլորովին մոլորվել է։ Բայց ի՞նչ կա այդտեղ մոլորվելու։ Ինձ չի հետաքրքրում ոչ մահը, ոչ անմահությունը, ոչ էլ փառքը։ Օրինակ, ում հանդիպում եմ, հարցնում է՝ ո՞նց անեմ, որ փող աշխատեմ։ Ո՞ր գրողը գիտի դրա մասին՝ ինչպես կարելի է փող աշխատել։ Չգիտեն։ Դա է խնդիրը։ Շատ կարեւոր բան կա՝ գրողը հանդիսանում է օրգանական մտավորականության ամենակարեւոր ջոկատը։ Բայց ո՞ր գրողը գիտի՝ որն է օրգանական մտավորականությունը։
- Ո՞րն է եւ ինչո՞վ է տարբերվում անօրգանականից։ 
- Մտավորականության բազմաթիվ տեսակներ կան։ Գրամշին ասում է՝ կա ավանդական մտավորականություն, այսինքն հին ժամանակներից մնացած, օրինակ քահանաները մնացել են ֆեոդալիզմից, սովետական նոմենկլատուրային մտավորականությունը մնացել է Սովետական Միությունից։ Տարբեր խմբեր են եւ տարբեր կերպ են հարաբերվում առկա իրականության հետ։ Եվ կա օրգանական մտավորականություն, որը հետեւում է Մարքսի հրապարակած սկզբունքին։ Ի՞նչ է ասել Մարքսը. մինչեւ հիմա առկա փիլիսոփայական ուսմունքները միայն բացատրել են աշխարհը, խնդիրը այն փոխելն է։ Ուրեմն պետք է լինի գրականություն, որը փոխում է աշխարհը։ Եթե չի փոխում, դա գրականություն չի։ Բայց դրա համար մարդն առաջին հերթին ինքը պիտի ձգտի փոխվել։ Ո՞նց կարելի է փոխվել, ո՞վ գիտի։
- Ենթադրում եմ, որ դու գիտես։ 
- Ընդհանրապես գիտելիքն է փոխում մարդուն՝ ինչ-որ մի բանի իմացությունը։ Ինտելեկտուալ փորձառությունը։
- Իսկ կենսափորձը՞։ 
- Կենսափորձը չի փոխում, ընդհակառակը։ Կենսափորձի շնորհիվ մարդիկ նույնն են մնում։ Ինտելեկտուալ փորձառությունը նշանակում է երեւակայել, պատկերացնել մեկ ուրիշ իրադրություն, որը կենսափորձի մեջ չկա։ Ինտելեկտուալ փորձառության շնորհիվ մենք շփվում ենք նոր հնարավորությունների հետ։ Մեր գրողներից ո՞վ կարող է ինտելեկտուալ փորձառություն ունենալ Գրողների միությունից դուրս։ Եվ դա շատ տիպիկ օրինակ է մարդու, որ ապրում է կենսափորձով։ Գրամշիի համար օրգանականը հենց էդ տեսակի մտավորականն է, որը ոչ միայն ինչ-որ գիտելիք ունի, այլ էդ գիտելիքով փորձում է փոխել աշխարհը։ Դրա համար այդ գիտելիքը պետք է ունենա մի շատ կարեւոր հատկություն։ Եթե դու գիտես, որ կաթը սպիտակ է, ես բերում եմ նոր գիտելիք, որ կաթը սեւ է։ Դու գիտեիր, որ Նժդեհը հերոս է, ես բերում եմ գիտելիք, որ ազգի դավաճան է։ Ամեն անգամ դա է կատարվում։ Նոր գիտելիքն այդպես է գալիս։ Եվ օրգանական մտավորականը ոչ միայն բերում է այդ նոր գիտելիքը, այլեւ այն կարծիքից դարձնում է հավատ։ Ուրեմն հարկավոր է փոխել այդ հավատը։ Օրինակ՝ 60-70-ականներին հեշտ էր, ստալինիզմից հետո ամեն մի նացիոնալիստ կարող էր փոխել հասարակությունը։
- Օրգանական մտավորական էր։ 
- Իհարկե։ Իսկ հիմա չգիտեն, թե ինչպես կարելի է դառնալ օրգանական մտավորական։ Մինչդեռ մտավորականի համար ապրելու ձեւը դա է՝ փոխել մարդկանց հավատալիքները։ Դա դժվար է, որովհետեւ կարծրատիպերի կրողը ինքդ ես հանդիսանում, ո՞նց կարող ես դրա դեմ գնալ։ Եվ երկրորդ՝ հարկավոր է իմանալ, թե կարծրատիպը ոնց են քանդում։ Ո՞վ գիտի։ Խնդիրն այն է, որ եթե գրողն ինքը չի փոխում իրականությունը, որեւէ իմաստ չունի նրան փոխել։ Օրինակ Հրանտ Մաթեւոսյանը, որ տարբերվում էր 60-70-ականների գրողներից, չկարողացավ նրանց փոխել։ Գրողները չկարողացան փոխվել։ Իր այդ 60-ականների վեպերի նման հիմա ոչ ոք չի գրում, վեպի այդ փորձը չկա։
- Ինչ-որ մի շերտ չսկսե՞ց Հրանտ Մաթեւոսյանի նման գրել։ 
- Ոչ, միայն Վանո Սիրադեղյանը սկսեց նրա նման գրել։ Ուրիշ մարդ գիտե՞ս։ Մեր արձակի ճնշող մասը գալիս է լատինամերիկյան կախարդական արձակից։ Դրանք գրական տանգոներ են։ Հրանտինը հակակախարդական է։ Նա գրել է ընդդեմ միֆական վեպի։ Իսկ մարդը միֆական վեպ է գրում, ասում է՝ ես Հրանտի շարունակողն եմ։ Խնդիրն այն է, որ աշխարհը փոխում է նա, ով կարող է իր կյանքը զոհաբերել։ Ո՞վ է պատրաստ դրան։ Օրինակ Չոռնի Գագոն։ Հասկանո՞ւմ ես։ Գրողը չի կարող զոհաբերել իր կյանքը։ Իհարկե, գրողն ինքը պիտի ցանկանա, որ ինչ-որ բան փոխվի։ Հրանտը 60-70-ականներին ցանկանում էր, հետո դադարեց, անհետացավ այդ ցանկությունը, որովհետեւ ոչ ոք չփոխվեց, բացի Վանո Սիրադեղյանից։
- Ո՞նց է Գագիկ Բեգլարյանը գնացել ինքնազոհաբերման։ 
- Ինքը պատրաստ է մտնել գողական «ռազբիրատի» մեջ։ Թասիբի համար։ Մյուսները պարտադրված կարող են մտնել, իսկ ինքը ազատություն է ունեցել։ Միայն ազատ մարդը կարող է նման բան անել։ Ես էդ ազատությունը չունեմ օրինակ։ Ես ունեմ հնարավորություն, որ նրա թիկնապահները ինձ ծեծեն։ Ճիշտ հասկացիր։
- Դու չե՞ս շփոթում ազատությունը իշխանության հետ։ 
- Ազատությունը իշխանություն է։ Որպեսզի ազատ լինես, պիտի իշխանություն ունենաս։ Չունես իշխանություն, ուրեմն չես կարող ազատ լինել։ Օրգանական մտավորականն ազատ է, որովհետեւ ունի իշխանություն։ Եթե չունի իշխանություն, ո՞նց է փոխում։ Իքսը վերածել իգրեկի՝ սա կոչվում է իշխանություն։
- 2005-ին «Գարուն»-ում տպագրված «Հայ ժամանակակից գրականությունը եւ ապագա արյունոտ հեղափոխությունը» հոդվածում դու միտք ես հայտնում, որ ժամանակակից գրականության մեջ կան հեղափոխության նախանշաններ։ Արյուն եղավ, իսկ ի՞նչ եղավ հեղափոխությունը։ 
- Խոսքը գնում է ոչ թե հեղափոխության, այլ արյունոտ հեղափոխության մասին։ Ես նկատի ունեի, որ քաղաքական, սոցիալական կյանքի եւ գրականության կոդերը նույնն են։ Դա չի նշանակում, որ գրականությունն արտացոլում է իրականությունը, բայց երկուսն էլ օգտվում են միեւնույն կոդերից։ Ես այնտեղ գրել եմ, որ կարող է լինել նաեւ թավշյա կամ ծաղկի հեղափոխություն, եւ որպես օրինակ բերել եմ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։
- Ի՞նչ է տեղի ունենում, երբ հեղափոխություն չի լինում։ 
- Այդ դեպքում դիրքային պայքար է սկսվում։ Մարդիկ ինչպե՞ս են ենթարկվում։ Դրա համար կա օրենք, գոյություն ունի բանակ, ոստիկանություն, ուրիշ տեսակի պարտադրանքի ձեւեր, օրինակ դպրոցը եւ այլն։ Բայց հիմնականում մարդիկ ենթարկվում են կամավորապես։ Օրինակ՝ նախագահն ասում է. մենք աշխարհի ամենաքաղաքակիրթ ժողովուրդն ենք, մենք տասը հազար տարվա քաղաքակրթություն ունենք։ Բոլորն ասում են՝ ուռա։ Մենք հաղթել ենք «Եվրատեսիլում»։ Ուռա։ Մեր շախմատիստները աշխարհում ամենալավն են։ Ուռա։ Սա այն ձեւն է, երբ մարդիկ ոչ միայն պարզապես ենթարկվում են, այլեւ ակտիվ ձեւով հայտարարում են իրենց համաձայնությունը։ Դիրքային պայքարը կայանում է նրանում, որ դու այդ արժեքների վրա հսկողությունը վերցնում ես ձեռքդ։ Մենք կարող ենք ասել արժեք, ես ասում եմ՝ դա այն բանն է, ինչին մարդը հավատում է։ Կարելի է վերցնել եւ ասել՝ մենք աշխարհի ամենաքաղաքակիրթ ազգը չենք, բայց շատ կարեւոր է, որ դու բերես նաեւ որոշակի պոզիտիվ գաղափար, այսինքն դու ոչ թե ոչնչացնում ես հին իդեոլոգիան, այլ բերում ես նոր իդեոլոգիա։ «Գլասնոստ»-ը ինչպե՞ս կարողացավ ոչնչացնել Խորհրդային Միությունը։ Կար որոշակի հեգեմոնիա, սովետական մարդու գլխում ինչ-որ պատկերացումներ կային, որոնք «գլասնոստ»-ի շնորհիվ փոխվեցին։ Եվ դա ամենահասարակ ձեւն է հեղափոխություն անելու։
- Դու ասում ես, որ օրգանական մտավորականության ամենակարեւոր հատվածը գրողներն են։ Բայց այսօր լրագրողներն ավելի մեծ իշխանություն չունե՞ն, այսինքն հնարավորություն` իքսը վերածելու իգրեկի։ 
- Լրագրողներն այդ առումով ավելի վատ են աշխատում, քան գրողները։ Ինչո՞ւ, որովհետեւ լրագրությունն իրենից ներկայացնում է տեղեկատվական հոսք։ Մինչդեռ փոխում է վերլուծությունը, ոչ թե տեղեկատվական հոսքը։ Մեր լրատվամիջոցները պատրաստ չեն վճարել վերլուծության համար, բացառությամբ մեկ-երկու լրատվամիջոցի։ Լրատվությունը չի փոխում։ Լրատվությունը ջրհեղեղի նման մի բան է, որ թույլ չի տալիս, որ որեւէ բան փոխվի։ Հեռուստատեսությունը հենց էն հեղեղն է, որի միջոցով հաստատվում է հեգեմոնիան։ Էդ հեղեղն այնքան շատ է, որ դու ժամանակ չես ունենում ինչ-որ բան անել, եւ դա դառնում է հավատ։ Իսկ գրողը կարող է քեզ միտք տալ։ Բայց դա ես հանդիպել եմ Հրանտի մոտ ու Վանոյի։
- Տուրք չե՞ս տալիս հեղինակություններին ու հաստատագրված արժեքներին։ 
- Հաստատագրված արժեքներին ո՞նց կարելի է տուրք չտալ։ Ի վերջո, հենց դրանց շնորհիվ է, որ հաստատվում է որոշակի կապ մարդկանց հետ, եւ դու մարդուն դրա միջոցով բերում ես նոր հույս, որովհետեւ էն հինը, որ կա, իրեն հույս չի տալիս։ Ինչ-որ առումով հույսն արդեն չկա էլ։
- Ես կփոխե՞մ քո աշխարհը, եթե ասեմ, որ Հրանտ Մաթեւոսյանը պարզապես լավ գրող է եւ ոչ այն միակը, ով ինչ-որ բան է փոխել։
 - Ոչ։ Դու պիտի կարողանաս ազդել ինձ վրա, ինչպես Յագոն՝ Դեզդեմոնայի։ Իսկ դրա համար դու պիտի տեսնես, թե ինչ անիվներ են պտտվում իմ գլխում։ Ինչպես «Միմինո» ֆիլմում ռեստորանի երաժիշտներն են տեսնում Միմինոյի եւ Խաչիկյանի գլխում կատարվողը եւ կարողանում են մի երեկոյի ընթացքում մաքրագործել նրանց գրպանները։ Էդ հարցում եվրոպացիներն են ամենահզորը՝ հասկանալու, թե ինչպես են ուրիշների գլխում պտտվում անիվները։ Դրա համար էլ նրանք գաղութացնողն են, մյուսները՝ գաղութացվողը։

Հարցազրույցը՝ Արփի Ոսկանյանի
2010 թիվ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր