13.11.2014

Պետություն կառավարելու դասընթաց

Սկզբում ցորեն ցանիր.
կարևոր է, որ ժողովուրդը սովից չմեռնի,
կարևոր է նաև, որ կուշտ չլինի,
թե չէ ո՞վ կաշխատի դաշտերում,
քարհանքերում ու շինարարության վրա:
Ապա գիշերային ակումբ ու խաղատուն կառուցիր,
որ նաև զվարճանք լինի ու
վաստակը քամուն տալու տեղ:
Պատվիրիր սիրել զմիմյանս ու բազմանալ,
բարգավաճման համար աշխատուժ է պետք,
ինչպես և կանոնավոր բանակ
սահմանները պաշտպանելու համար,
հարմար առիթի դեպքում` ընդարձակելու:
Չմոռանաս եկեղեցի կառուցել,
որ ժողովրդին ահուսարսափի
և հնազանդության մեջ պահի
և խանձարուրում խեղդի ամեն ընդվզում,
որ սեր քարոզի աշխատանքի հանդեպ
և չափավորություն սննդի ու սիրո մեջ,
որ պսակի մարդկանց ու օրհնի միությունը
և առանձնացնացումն ու մենակությունը նզովի,
քանզի մենակ մարդը մտածում է ու նրանից
ոչ մի օգուտ չկա, այլ միայն վտանգ:
Նույն այդ նպատակով ուշ դարձրու կրթությանը.
մարդուն պետք է հիմարացնել վաղ մանկությունից:
Գիտությանը փող հատկացրու,
խոսիր մշակույթի կարևորության մասին,
բայց գրողներին, նկարիչներին
ու այլևայլ թափթփուկներին երես մի տուր.
առ մրցանակով, մի քիչ փողով, պստիկ փառքով,
պանթեոնում փոսահատկացման խոստումով:
Ծաղրածուներին, աճպարպարներին,
ծիծաղելի արտաքինով մարդկանց
և հատկապես նրանց, որ օժտված են
լավ խոսելու և ոչինչ չասելու ունակությամբ,
քշիր ընդդիմադիր դաշտ,
որ զվարճացնեն ժողովրդին
և չկարողանան արդարացնել հույսերը:
Ինքդ քեզ ընդդիմություն դարձիր,
խոսիր ժողովրդավարությունից, մարդու
իրավունքներից, խոսքի ու խղճի ազատությունից:
Գերտերությունների աչքին թոզ փչիր
ու պարտքեր վերցրու գույքի դիմաց:
Իսկ երբ վերջապես կայունություն հաստատվի,
ուրեմն իսկական ժամանակն է պատերազմի,
պետական գանձարանն ու սեփական
գրպանները թեթևակի ծանրացնելու:
Մտավորականներին քշիր միտինգի,
թող հայրենասիրական ճառեր ասեն,
թարմացնեն ապուպապերի մահվան վրեժը,
արթնացնեն ազգային արժանապատվությունը:
Թող եկեղեցին սրբացնի մարդասպաններին,
«մահ իմացյալ անմահություն է» քարոզի,
«մահ կամ ազատություն» ու նման բաներ:
Հեռուստատեսությամբ կռիվ-կինոներ ցուցադրիր
բռնության արյունոտ տեսարաններով:
Հիշիր` պատերազմը պետության համար
նույնն է, ինչ մուլտֆիլմը մանկան
ու «PLAYBOY»ը` պզուկոտ պատանու.
առանց դրա այս հիմար խաղը
ոչ մի իմաստ չունի:

2006

«Անտերուդուս» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ասա, մեջդ մի պահիր